Խնդիրը՝ սիրահարվել եմ ուրիշի


Հանդիպումների քանակը՝ 4

 

Մեքենան մեզ տանում էր ամայի ճանապարհով: Ես նստած էի մեքենայի հետևի նստարանին ու նայում էի պատուհանից դուրս: Մենք անցնում էինք ծառերից ճանապարհին ընկնող ստվերների վրայով, և արևը, մերթընդմերթ ծառերի հետևից դուրս գալով, ծակում էր աչքերս: Ես վախենում էի հայացքս կտրել պատուհանից, քանի որ այն այլևս չէր ենթարկվի ինձ: Հայելու միջից նայող նրա աչքերը հոգիս տակնուվրա էին անում:

 

Իսկ երբ մեր հայացքները հանդիպում էին, ողջ աշխարհն էր փուլ գալիս գլխիս: Լսում էինք Լանա Դել Ռեյի Ride երգն, ու ես մտքումս խնդրում էի նրան ուղղակի վարել մեքենան ու գնալ՝ ուր որ ճանապարհը կտաներ... կտաներ հեռու... այնտեղ, ուր չէին լինի մարդիկ, մեղադրանքներ ու հիշողություններ անցյալի մասին: Կլինեինք միայն ես և նա: Ես նայում էի նրան, լսում էի ձայնն ու պատկերացնում ինձ նրա կողքին, բայց բոլոր երազանքներս անհետանում էին, երբ զգում էի ամուսնուս ձեռքսեղմումը:

 

Նա՞, թե՞ Նա

Ես այլևս ուժ չունեի դիմադրելու այդ զգացմունքին, ես աստիճանաբար գժվում էի... Ես խոստացել եմ սիրել մի մարդու, ով տարիներ շարունակ իմ կողքին է, մինչև կյանքիս վերջ, իսկ հիմա իմ մտքերն ուրիշի մասին են, երազանքներն ուրիշի հետ: Իսկ այդ ուրիշն իմ ամուսնու մտերիմ ընկերն է: Ես նրան ճանաչում եմ նույնիսկ ավելի վաղուց, քան ամուսնուս, ու երբեք մտքովս չէր կարող անցնել, որ ես որևէ զգացմունք կունենամ նրա հանդեպ: Ես ճանաչել եմ նրա բոլոր ընկերուհիներին, շատ հաճախ նա հենց ինձանից էր խորհուրդներ հարցնում աղջիկների վերաբերյալ: Ես մենակ էի այդ ամենի մեջ... Ի՞նչ պիտի անեմ... Ի՞նչ կարելի է անել... Ես կորցնում էի ինքնատիրապետումս:

 

Փորձեցի խոսել մտերիմ ընկերուհուս հետ, բայց նա մեղադրեց ինձ.

 

-Ուրիշները կերազեին նման ամուսին ունենալու մասին: Քո բոլոր ցանկություններն իրականություն է դարձնում, ամեն ինչի պատրաստ է հանուն քեզ, պաշտում է քեզ, իսկ դու նոր տպավորությունների հետևից ես ընկել: Ես չեմ հարգի քեզ, եթե դավաճանես նրան։

-Ես չեմ ուզում դավաճանել... ես չեմ կարող, բայց այսպես էլ չեմ կարողանում: Մտքերս ու զգացմունքներս կռվում են ու չեմ հասկանում՝ որն է հաղթելու։

-Լիրիկական աշխարհից վերադարձիր իրականություն, հա՞...
Իմ լավագույն ընկերուհին նույնիսկ, ով միշտ իմ կողքին է եղել, երես թեքեց ինձանից և երևի թե՝ արդարացի։ Ես որոշում կայացրի. պետք է խնդրի մասին խոսեմ հոգեբանի հետ, քանի որ խճճվել էի մտքերիս մեջ:

 

-Շատ դժվար ընտրության առաջ ես կանգնած,- այսպես արձագանքեց հոգեբանն իմ պատմությանը. նրան խնդրում էի լուծումներ գտնել: - Դու ունես երկու տարբերակ՝ քանդել ընտանիքդ և գնալ սիրած մարդու մոտ կամ պահպանել ընտանիքդ և ամուսնուդ հետ ամեն ինչ նորից սկսել: Տարբերակները շատ չեն: Եթե որոշես ամեն բան սկսել նորից, պետք է իմանաս, որ շատ դժվար ճանապարհ ես անցնելու:

 

Ես հասկանում էի՝ որ ճանապարհն էլ ընտրեմ, բարդ է լինելու: Ես մի սկզբունք ունեմ, որ աշխատում եմ միշտ կիրառել, այն է՝ ցանկացած իրավիճակում անել ամեն ինչ: Եթե նույնիսկ հաջողության չհասնեմ, կիմանամ, որ ինձանից կախված ամեն ինչ արել եմ... Ես պիտի փորձեմ պահպանել իմ ընտանիքը: Ես ասացի այդ մասին հոգեբանին:

 

- Նախ որոշ ժամանակ պետք է շփումներն ամուսնուդ ընկերոջ հետ հասցնես մինիմումի, միաժամանակ փորձես սկսել ամուսնուդ ճանաչել նորից: Մի պարզ ճշմարտություն կա՝ եթե ամուսնացել ես և համաձայնել ես կյանքդ կապել տվյալ մարդու հետ, ուրեմն զգացմունքներ ես ունեցել նրա հանդեպ: Իսկ զգացմունքները հենց այնպես չեն առաջանում, ուրեմն ամուսինդ արժանավոր մարդ է:

-Արժանիքներ նա միանշանակ ունի ...

-Վերհիշիր այն ամենը, ինչն այնքան գնահատում էիր նրա մեջ: Փորձիր կառուցել հարաբերությունները զրոյից: Մի՛ մոռացիր, որ երկար տարիներ միասին ապրելուց հետո, շատ հնարավոր է, որ պարզապես սովորել ես նրան և նրա դրական կողմերին, վերաարժեքավորիր և վերագնահատիր ձեր հարաբերություններում եղած դրականը: Սիրիր ձեր համատեղ կյանքը: Որոշ ժամանակ անց՝ մոտ երեք ամիս հետո, հանդիպիր ամուսնուդ ընկերոջը. մի՛ ակնկալիր, որ զգացմունքներն ամբողջությամբ անցած կլինեն, սակայն փորձիր տեսնել փոփոխություններ:

 

Ամեն ինչ մաքուր էջից

 

Այդ երեկո ես ամուսնուս հրավիրեցի ժամադրության: Ինձ համար գնեցի գեղեցիկ երեկոյան զգեստ, հանդիպեցինք ռեստորանում, ինչպես ֆիլմում: Երբ նա ինձ տեսավ, չկարողացավ զսպել զարմանքը. հիացած էր: Նման երեկո, ապա գիշեր, մենք վաղուց չէինք ունեցել: Ես ամեն կերպ փորձում էի թարմացնել մեր հարաբերությունները, և դա ինձ հաջողվում էր: Երկու շաբաթ անց ամուսինս ասաց, որ ընկերը մեզ հրավիրում է իր ամառանոց: Ես հրաժարվեցի գնալ: Մոտ երկու ամիս ես խուսափում էի հանդիպել նրան: Այդ ընթացքում ամուսնուս հետ մեկնեցինք հանգստանալու: Մեր ընտանիքում ամեն բան կարգավորվում էր, և ես գրեթե դադարել էի մտածել նրա ընկերոջ մասին... Մի օր նա անսպասելիորեն զանգահարեց ու ասաց, որ ուզում է խոսել ինձ հետ:

 

Մի ակնթարթ օդը կանգնեց իմ շուրջը. ես սարսափով էի սպասում մեր հանդիպմանը: Երեկոյան նա եկավ մեր տուն: Ամուսինս դեռ չէր վերադարձել աշխատանքից: Նա ամուր գրկեց ինձ ու ասաց, որ շատ կարոտել էր ինձ: Հոգեբանն ասում էր, որ զգացմունքներն ամբողջությամբ չեն անցնի, բայց ես, բացի ընկերական ջերմությունից, որ միշտ ունեցել եմ նրա նկատմամբ, ոչինչ չզգացի: Ես փրկել եմ ընտանիքս ու սիրում եմ ամուսնուս: Պարզապես երիտասարդ ընտանիքները հաճախ են հայտնվում նման իրավիճակներում, երբ հարկ է լինում վերագնահատել հարաբերություններն ու զգացմունքները, հաղթահարել դժվարություններն ու հասկանալ, թե ինչ է քեզ իրականում անհրաժեշտ:

 

Հոգեբանի օգնությամբ ես հասկացա, որ իրականում ինձ պետք էր ընտանիքս... Առանց հայացքը կտրելու իմ աչքերից՝ ամուսնուս ընկերն ասաց.

-Երկար մտածելուց հետո ես հասկացա, որ արդեն ժամանակն է դիմելու լուրջ քայլերի: Ես մի քանի ամիս թաքուն եմ պահել, քանի որ ուզում էի համոզվել ու նոր ասել...

Նա երկար դադար տվեց: Հանկարծ ծնկներումս անհասկանալի դող զգացի, քանի որ կարծեցի, թե նա ինձ հետ կապված ինչ-որ բան է ուզում ասել:

-Արդեն երեք ամիս է'ես հանդիպում եմ մի աղջկա հետ, և ցանկանում եմ նրան ամուսնության առաջարկություն անել...

Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ թեթևություն զգացի: Ինքս ինձանից չէի սպասում: Ես նրան ամուր գրկեցի ու ասացի, թե որքան ուրախ եմ իր համար: Ու դա իրոք այդպես էր:

PS Լսեցի դռան զանգը: Բացեցի այն, և մի երիտասարդ ինձ ծաղկեփունջ փոխանցեց, որի մեջ բացիկ կար՝ ամուսնուս ձեռագրով. «Ուզում եմ երեխա ունենանք»:

 

Այդ բառերին շատ երկար էի սպասել...