Երգչուհի Նարի Հարությունյանին շատերը կհիշեն «Երջանիկ ընտանիք», «Մայրիկ», «Քո կողքին» և այլ հեղինակային երգերով: Մեկ տարի դադարից հետո նա հանդիսատեսին կներկայանա ոճային փոփոխությամբ, նոր տեսահոլովակով ու ձայնասկավառակով: Շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 1-ին, երևանյան ռեստորաններից մեկում:

«Չեմ կարող ասել, որ այս մեկ տարվա ընթացքում լռել եմ, ուղղակի ես հեռացել եմ հանդիսատեսի տեսադաշտից: Այս ընթացքում ամեն օր աշխատել եմ, նոր երգեր եմ ձայնագրել, ձայնասկավառակիս աշխատանքներով զբաղվել, տեսահոլովակ նկարահանել և զբաղվել եմ իմ ու ընկերուհուս'Անչոկի ակումբի գործերով»,- ասաց երգչուհին:

Նարիի նոր տեսահոլովակի' «Սիրում եմ…»-ի նկարահանումներն արդեն ավարտվել են: Դրանք իրականացվել են Դուբայում, որի վրա, ըստ երգչուհու, պրոֆեսիոնալ թիմ է աշխատել: «Կարծում եմ' տևական դադարս արդարացված կլինի, քանի որ նոր տեսահոլավակս իսկապես որակյալ գործ է ու հաստատ հավանության կարժանանա: Մինչ այս հայկական շոուբիզնեսում ոչ ոք նման որակի տեսահոլավակ չի նկարահանել, սա իսկապես նորություն է: Տեսահոլովակի գաղափարը վաղուց կար, բայց ռեժիսորը' Ալեքսադր Միրզախանյանը, ինձ խորհուրդ տվեց այս անգամ համագործակցել լիբանանահայ հռչակավոր օպերատոր Կոկո Պուչակչյանի հետ և մի այնպիսի բան նկարել, որի նմանը չի եղել: Կոկոն հոլիվուդյան ֆիլմերի շրջանակներում համագործակցել է աշխարհահռչակ դերասանների հետ: Նա եղել է «Мисия не выполнена» ֆիլմի օպերատորը, որի գլխավոր հերոսը Թոմ Քրուզն է»,- պատմեց Նարին, ով նաև նոր երգի խոսքերի և երաժշտության հեղինակն է:

Նարիի ոչ միայն նոր երգի անունն է «Սիրում եմ…», այլև ձայասնակավառակի, որում ընդգրկված են արդեն հայտնի ու անհայտ 11 երգ:
Խոսելով արտաքին կտրուկ փոփոխությունից' Նարին նշեց, որ դա իր էությունից է բխում. «Ես բնավորությամբ խենթ մարդ եմ մի օր որոշեցի փոխել տեսքս' կտրեցի ու ներկեցի մազերս: Սկզբում մի փոքր անսովոր էր, բայց շատ շուտ ընտելացա, դուրս գալիս է նոր կերպարս: Ծանոթներիս մի մասը հավանում է, մի մասն ասում, որ նախկին սանրվածքս ավելի էր սազում ինձ, դեռ չեմ լսել բացասական կարծիք»:

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, Նարին նշեց, որ ընտրյալ ունի. «Անձնական կյանքումս ամեն բան հիանալի է: Կողիքս ինձ սիրող ու հասկացող տղամարդ կա, ով մարդ է բառի բուն իմաստով: Եթե հիմա նրա մասին խոսեմ, միևնույնն է ընթերցողները չեն ճանաչի, նա իմ բնագավառից չէ»:

Նարին ու երգչուհի Անչոկն առաջիկայում իրենց բիզնեսն ընդլայնելու նպատակ ունեն. ցանկանում են ակումբի մասնաճյուղերը բացել աշխարհի խոշոր երկրներում, ինչի ուղղությամբ էլ արդեն աշխատանքներ են տանում:

 

Ներկայացրեց Մերի Պողոսյանը