Դերասան, հումորիստ Արմուշը՝ Արման Խաչատրյանը, իրեն փորձել է նոր ժանրում և նկարահանվել է հեռուստասերիալում: «Վիտամինցի» Արմուշը ներկայանում է USArmenia-ով հեռարձակվող«Բախտաբեր» հեռուստանովելում:

 

 

«Սերիալում նկարահանվելու առաջին փորձս է: Որոշեցի ոճային փոփոխության գնալ. ուզում էի փորձել ինքս ինձ, քանի որ հումորային ժանրում կարող ես իրավիճակը չափազանցնել, հասցնել գրոտեսկի, իսկ դրամատիկ տեսարանում պետք է ավելի «կենդանի»  խաղաս ու ներկայացնես, այն, ինչ կա»,-ESem.am-ին ասաց Արմուշը՝ նշելով, որ սկզբնական փուլում անցումը մի փոքր բարդ էր իր համար:

 

 

«Ես 8 տարի ներկայացել եմ հումորային ժանրում և անցումը չէր կարող միանգամից լինել, բայց երկրորդ, երրորդ նկարահանումից հետո բռնեցինք այդ ճանապարհը»,- ասաց դերասանը: Ըստ նրա՝ շատ լավ գեղարվեստական սցենար է գրվել, չկա բրազիլական, մեքսիկական սերիալների  շունչը: Արմուշի գնահատմամբ՝ ֆիլմի դրական կողմերից մեկն էլ ստեղծագործական թիմն է՝ դերասանները, ռեժիսորը, պրոդյուսերը:

 

 

Արմուշի հերոսը՝ Տիգրանը, Սոս Ջանիբեկյանի կերպարի՝ Դավթի բանակային ընկերն է: «Մենք միասին կանխում ենք ադրբեջականական դիվերսիան, որի ժամանակ  սպանվում է մեր ընկերը, Դավիթը վիրավորվում է: Զորացրվելուց հետո  ես գտնում եմ Դավթին ու մեր ընկերությունը շարունակվում է»,- պատմեց նա:

 

Արմուշի փոխանցմամբ՝ իր հերոսը փոքր-ինչ տաքարյուն է, ինչն իրականում իրեն էլ է բնորոշ:) «Ընտանեկան որոշ խնդիրների պատճառով հերոսս մի քիչ խռովություն ունի կյանքից, միևնույն ժամանակ՝ շատ ընկերասեր է: Մի քիչ չոր կերպար է, ռոմանտիզմ չունի»,- նկատեց դերասանը:

 

Ըստ  նրա՝ ամենակարևոր խորհուրդը, որ ստացել է այս ընթացում եղել է տեսախցիկի գոյության մասին մոռանալն ու ներկայացնելը այն, ինչ կա՝ առանց ավելացումների:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը