Բրիտանացի Ջեյմս Ասքվիթն իր երկար ճանապարհորդությունը սկսել է 2008-ին՝ դեռևս 18 տարեկան հասակում։ Հինգ տարվա ընթացքում Ջեյմսն իր անձնագրում մոլորակի բոլոր 196 պետությունների կնիքների հավաքածու է ձեռք բերել, գրում է «Комсомольская правда»-ն։
Չնայած երիտասարդ տարիքին՝ Ասքվիթը չի շտապել և ճանապարհորդել է հաճույքով։ Մինչև 25 տարեկան բոլոր երկրներ այցելելու նպատակը նա իրականացրել է։ Այժմ նա 24 տարեկան է։
Վիետնամում, որը եղել է նրա ճանապարհորդության առաջին կետը, Ջեյմսն անցկացրել է գրեթե 3 ամիս։ Ամերիկային և Կանադային նա հատկացրել է մոտ 5 ամիս։ Այդ ընթացքում նա այցելել է 27 նահանգ՝ սկսած Ալյասկայից և վերջացրած Հավայիներից։
Ուղևորություններն արժեցել են 125 հազ. ֆունտ ստեռլինգ (200 հազ. դոլար)։ Գումարը նա վաստակել է՝ աշխատելով բարերում և հանրակացարաններում։ Ամենաերկար ուղևորությունը եղել է Աֆրիկայում՝ կես տարի։
Այժմ բրիտանացին վերադառնում է տուն՝ Սթիվենիջ քաղաք։ Հաջորդ տարի նա նախատեսում է մեկնել Թաիթի, Զատկի կղզի և Անտարկտիդա։
Գինեսի ռեկորդների գիրքը չի շտապում գրանցել Ասքվիթի ձեռքբերումը։ Ամբողջ բարդությունը մոլորակի երկրների հաշվարկն է. մի մասը կարծում է, որ աշխարհում կա 196 երկիր, որոնք ընդունվել են միջազգային հանրության կողմից, մեկ այլ վարկածով՝ երկրները 201-ն են, որոնց մի մասը չի ճանաչվել ոչ մեկի կողմից։