LG միջազգային կազմակերպության LG Chem ստորաբաժանումը ներկայացրել է մարտկոցների երեք նոր տեսակներ։ Այս մասին հայտնում է hitech.vesti.ru-ն:
Մարտկոցներից առաջինը կոր տեսք ունի և նախատեսված է «ճկվող» էկրանով սմարթֆոնների համար, ինչպիսին G Flex-ն է, ինչպես նաև՝ «խելացի» ժամացույցների և ակնոցների համար: Այսպիսի մարտկոցների զանգվածային արտադրությունը ընկերությունն սկսել է հոկտեմբերի սկզբին:
Երկրորդ տեսակը բազմաստիճան մարտկոցն է, երբ մարտկոցներից մեկը տեղադրվում է մյուսի վրա: Այս տեսակը ընկերությունն արդեն կիրառում է G2 սմարթֆոններում:
Երրորդ տեսակի կուտակիչները տեղավորվում են բարակ և ջրակայուն լարի մեջ, որը կարելի է ճկել և նույնիսկ՝ կապել:
LG-ի ներկայացրած այս նորույթները զանգվածային սպառման կհանձնվեն 2-3 տարի հետո միայն: Առայժմ ընկերությունը դրանք կներկայացնի InterBattery 2013 ցուցահանդեսի ժամանակ, որը կբացվի հոկտեմբերի 16-ին: