Այս օրերին Հայաստանում իրականացվում են նոր ֆիլմի նկարահանումներ, որի ռեժիսորը «Կյանքի գինը», «Դժվար ապրուստ» և այլ հեռուստասերիալների ռեժիսոր Վահե Սայանն է:

Ռեժիսորի փոխանցմամբ' ֆիլմը քրեական դրամա է, որի հիմքում ընկած է ընկերությունը. «Ֆիլմն այն մասին է, թե ինչպես մարդու կյանքը կարող է վերածվել մղձավանջի ու նա անելանելի իրավիճակում: Հենց այդտեղից էլ ընտրվել է ֆիլմի անունը' «Ելք չկա»: Ֆիլմն իր մեջ խորհուրդ ունի. մարդ ոչ միայն իր կյանքի և արածի համար է պատասխանատու, այլև իրեն շրջապատողների»:

Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է: Պրոդյուսերը Կամո Ունանյանն է, ով նաև դերասանական կազմում է ընդգրկված: Ֆիլմում խաղում են նաև Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Արշավիր Փանոսյանը, Ժաննա Բուտուլյանը և այլք: Երաժշտության հեղինակը Էդմոնդ Մակարյանն է:

«Դերասանների ընտրությունն արել եմ' հաշվի առնելով դերասանների պոտենցիալը»,- ESem.am-ին ասաց ռեժիսորը:
Ռեժիսորի հետ խոսեցինք նաև ժանրի ընտրության մասին, քանի որ քրեական ֆիլմերը լսարան գրավող են, սակայն ոչ ուսուցողական. «Մենք ընտրել ենք իրական պատմություն, որովհետև էս տեսակ պատմություններ շատ կան: Հիմա փորձում ենք այս պատմությունը մի քիչ ավելի ծաղկացրած ցույց տալ' հուսով, որ այն գոնե մի քանի հոգու համար դաս կլինի»:

Նկարահանումների մյուս մասը կայանալու է Վրաստանում: Ամենայն հավանականությամբ, ֆիլմն էկրան կբարձրանա հունվարին:

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը