ESem.am-ն այսօր անդրադարձել է ընթերցողների բարձրացրած աղմուկին, թե Շուշաննա Թովմասյանը վերջապես գաղտնազերծել է իր և երգիչ Միհրան Ծառուկյանի սիրավեպը: Դերասանուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջում բացված ալբոմը, որում զետեղված են իր և Միհրան Ծառուկյանի' Էլենի և Գոռի լուսանկարները սերիալային նկարահանումների ժամանակ, լայն քննարկումների առիթ է դարձել:

Այս մասին ESem.am-ը խոսեց Շուշաննայի հետ, ով գտնվում էր «Տնփեսա» սիթքոմի նկարահանումներին, սակայն մեր հարցերին պատասխանելու ժամանակ գտավ: Սերիալային դերասանուհին մեզ հայտնեց, որ ալբոմը բացելուց հետո իր էջում էլ է նամակների տեղատարափ. բոլորը ցանկանում են իմանալ' իրականում ինքն ու Միհրան Ծառուկյանը միասի՞ն են:

««Դժվար ապրուստն» առաջին հեռուստանախագիծն էր, որին մասնակցել եմ: Հեռուստադիտողներն այդ սերիալի կադրերից բազմաթիվ նկարներ էին պատրաստել: Քանի որ դա առաջին նախագիծն էր, որին մասնակցել եմ, որպես ամփոփում տեղադրեցի երկրպագուների կողմից պատրաստված բոլոր նկարները: Նրանք հիմնականում Գոռի և Էլենի նկարներն էին տարածում, այդ պատճառով էլ ստացվել է, որ ալբոմի նկարների մեծ մասը Գոռ-Էլեն զույգից է: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ դա Գոռն ու Էլենն են, ոչ թե Միհրանն ու Շուշաննան: Ալբոմում էլ միայն այդ լուսանկարները չեն: Կան մի շարք նկարներ մյուս հերոսների հետ: Սա նաև երախտիքի մի ձև էր երկրպագուներին' միշտ ուշադիր և ակտիվ լինելու համար»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ շուտով կբացի «Տնփեսա» անվամբ նոր ալբոմ, որում կտեղադրի լուսանկարներ նոր նախագծի նկարահանումներից:

Օրերս Շուշաննան ֆեյսբուքյան իր էջում նաև շնորհավորել էր Միհրան Ծառուկյանի տարեդարձը' «Միր ջան, միանում եմ բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթանքներին: Դու անկեղծ մարդ ես և արժանի ես ամենալավին: Ծնունդդ շնորհավոր» գրությամբ: Նրա փոխանցմամբ' դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ինքն ու Միհրանը երկու տարի աշխատել են միասին: «Դա զուտ հարգանքի նշան էր,- ասաց դերասանուհին և ընդգծեց, որ ինքն ու Միհրան Ծառուկյանը գործընկերներ են: -Սերիալի ավարտից հետո շփում չունենք, քանի որ շփման համար համապաստասխան առիթներ չեն եղել»:

Պարզաբանեց Ամալյա Հովհաննիսյանը