Երգիչ Արսեն Սաֆարյանը Երևանում վերջին անգամ մենահարմերգով հանդես է եկել հինգ տարի առաջ' «Ընդամենը 30» խորագիրն ունեցող մենահամերգով: Հեղինակային նոր երգեր կուտակելով' երգիչը որոշել է տարիներ անց ևս մեկ երաժշտական երեկո կազմակերպել իր երկրպագուների համար: Այսպիսով' նրա երևանյան նոր մենահամերգը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Մարզահամերգային համալիրի համերգային փոքր դահլիճում:
ESem.am-ը երգչի հետ զրուցել է առաջիկա մենահամերգի և դրա նախապատրաստական աշխատանքների մասին: Արսենից տեղեկացանք, որ մենահամերգի օրը տեղի կունենա նաև իր նոր' 4-րդ ձայնասկավառակի շնորհանդես-վաճառքը, որը կոչվում է «Սիրո աղոթք»:
Անդրադառնալով սպասվող համերգին' Արսենը նշեց, որ պետք է ընտրի երգերի մի փունջ, որն էլ կներկայացնի այդ օրը: «Անպայման իմ հին երգերից կլինեն, որոնք այցեքարտային են ինձ համար, ինչպես նաև չեմ կարող չկատարել նոր երգերից շատերը»,- ասաց երգիչը, ում խոսքերով, համերգի օրը ոչնչի հետ կապված չէ:
Ըստ նրա' այդ օրը աշխատելու է քիչ խոսել ու շատ երգել. «Հավանաբար 20-22 երգ կհնչի: Նաև զուգերգեր կլինեն երգչուհիների հետ, որոնք դեռևս չեմ բացահայտի: Չեմ կարող ասել, որ շատ անակնկալներ են լինելու. հաստատ մերկ դուրս չեմ գալու և վերևից չեմ իջնելու: Պարզապես երաժշտական օր է լինելու' լուսային էֆեկտներով և կենդանի նվագակցությամբ»:
Երգչից հետաքրքրվեցինք, թե ինչու է ընտրել Համալիրի փոքր դահլիճը և արդյոք մտածում է, որ Համալիրը լցնելը դժվար է. «Կարծում եմ' համերգի մասին խոսելիս, առաջնայինը ոչ թե դահլիճը լցնելը պետք է լինի, այլ համերգային ծրագիրը: Չցանկացա մեծ սրահն ընտրել: Հարմարավետությունը, իմ երգացանկը հաշվի առնելով' այս դահլիճն ամենահարմարն էր: Ինձ համար ամենակարևորը այդ օրը երաժշտական տոն դարձնելն է»:
Արսենից հետաքրքրվեցինք նաև, արդյոք գովազդային վահանակներում կիթառով լուսանկարվելը ենթադրում է համերգային ծրագրի ընթացքում նոր անակնկալներ. «Այդ օրը մի շարք երգեր կլինեն այն գործիքով, որի շնորհիվ այս տարիների ընթացքում ես և եղբայրս'Արթուր Սաֆարյանը, մոտ 40 երգեր ունենք»:
Նոյեմբերի 23-ին նախատեսված համերգի գլխավոր ինֆորմացիոն հովանավորը Հանրային հեռուստաընկերությունն է, որն էլ կներկայացնի համերգի մանրամասները: Մինչ համերգը Արսենը «Երգ երգոց» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 7-16-ը կլինի ԱՄՆ-ում, ինչից հետո էլ կսկսի մենահամերգի փորձերը:
Նշենք նաև, որ մինչ մենահամերգը Արսենը կներկայացնի «Վերադարձիր քո տուն» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է: