Ladynews.am-ի հյուրասրահում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Հովհաննես Դավթյանը:

-Հովհաննե´ս, ո՞վ է տղամարդն առանց կնոջ և առհասարակ ինչպիսի՞ն է կնոջ դերը տղամարդու կյանքում:

-Իհարկե, շատ մեծ դեր ունի կինը տղամարդու կյանքում, չեմ ասի՝ տղամարդն առանց կնոջ ոչինչ է, բայց, բնականաբար, լիարժեք չի: Աշխարհի արարման օրվանից ստեղծվել է երկու սեռ՝ կին և տղամարդ, դա տրամաբանական է ու պետք է հասկանալ՝ նրանք ստեղծվել են միմյանց համար, միմյանց լրացնելու համար, ուստի թե´ տղամարդն առանց կնոջ և թե´ կինն առանց տղամարդու, ոչ լիարժեք են ու կիսատ:

-Ասում են՝ տղամարդու կյանքում մի կին է լինում, մնացածը նրա ստվերներն են, ի՞նչ կասեք:

-Դա մի քիչ փիլիսոփայական մոտեցում է, ես չգիտեմ ստվերնե՞րն են, թե՞ փոխարինողները. սա տարբեր տղամարդկանց մոտ տարբեր կարող է լինել, նայած՝ տղամարդն ինչ սկզբունքներ ունի, ինչ մտածելակերպ: Ամեն դեպքում, եթե խոսքն այն կնոջ մասինն է, ում հետ տղամարդն իր կյանքն է կապում, ստեղծում ընտանիք, համաձայն եմ՝ լինի մի կին: Իհարկե, կյանքում իրավիճակներն այնքան տարբեր են, շատերի մոտ մեկի փոխարեն մի քանիսն են, բաժանություններ, անհանդուրժողականություն: Շատ կուզեմ, որ ինձ մոտ լինի մեկը, և ամեն ինչ լավ լինի, ճիշտ եմ համարում՝ լինի մեկը, բայց բացառել ինչ-որ բան, չեմ ուզում:

600x580

-Իսկ Հովհաննես Դավթյանի համար «տգեղ» կին գոյություն ունի՞:

-Եթե խոսքը վերաբերում է արտաքինին, կարծում եմ՝ տղամարդը չպետք է իրեն թույլ տա օգտագործել «տգեղ» բառը, բայց կան շատ աղջիկներ, ովքեր թույլ են տալիս տգեղ արարքներ, այստեղ բառն օգտագործելը տեղին է:

-Ո՞րն է Ձեզ համար տգեղ արարքը, որն աղջիկը կարող է թույլ տալ:

-Կինը պետք է լինի ԿԻՆ, կանացի, եթե նա կարող է իրեն թույլ տալ արարքներ, որոնք հարիր են տղամարդուն, դա արդեն տգեղ է:

-Օրինակ…

-Մեր տատիկների, պապիկների ապրած ժամանակներից շատ բան է փոխվել, չեմ ասում՝ դա լա՞վ է, թե՞ վատ, պարզապես ես ո´չ այդքան շատ նահապետական մոտեցումներին եմ կողմ, ո´չ էլ չափից ավելի ազատությանը, ամեն ինչում գեղեցիկ է «ոսկե միջինը»: Այն ժամանակ բոլորը երկար շրջազգեստներով են եղել, իսկ հիմա աղջիկները վաղուց տաբատները «յուրացրել են» (ծիծաղում է), ես վատ բան չեմ տեսնում ոչ դրա մեջ, ոչ մեքենա վարելու, ոչ ծխելու, պարզապես կինն այդ ամենն այնքան գեղեցիկ պետք է անի, որ աչք չծակի:

 

-Կանայք իրո՞ք այդքան անկանխատեսելի են, ինչքան պնդում եք դուք՝ տղամարդիկդ:

-Ճիշտ է, դեռ շատ խորը համոզմունք չունեմ' այդպես է, քանի որ ամուսնացած չեմ, չունեմ կին, բայց կարծում եմ՝ մի բան կա, եթե այդքան ասում են:

-Իսկ ի՞նչ եք կարծում ինչո՞ւ է դա տղամարդկանց երբեմն նյարդայնացնում, չէ՞ որ այդպես ձեր կյանքի ներկապնակում թարմ ու պայծառ գույներ են ավելանում:

-Ճիշտ եք, բայց էլի չափի մեջ, ամեն ինչ, եթե չափն անցնում է, դա, մեղմ ասած, լավ չի:

-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, որպեսզի Ձեզ վրա միանգամից տպավորություն գործի և նրան երկար ժամանակ չմոռանաք:

-Առհասարակ ինձ վրա տպավորություն են թողնում մարդու աչքերը, նրա աչքերի գույնը, ձևը, աչքերից հաղորդվող զգացմունքները, նրանց արտահայտությունը: Կհիշվեն «լիքը աչքերը». ինձ համար այդպիսի բան գոյություն ունի՝ «լիքը աչքեր» և դատարկ, ոչինչ չասող աչքեր: Կարևոր է ինտելեկտը, ամենագեղեցիկ աղջիկն էլ, եթե եղավ դատարկ, նրա հետ մի քանի րոպեից ավել չեմ կարողանա շփվել: Յուրաքանչյուր ոք, ով կասի՝ առաջին հերթին արտաքինը չի տպավորվում, կստի. երբ մարդուն չես ճանաչում, առաջին հերթին տպավորություն է թողնում արտաքինը, հետո նոր մնացած ամեն ինչը՝ կանացիությունը, նրբությունը, հեզությունը, որովհետև դա է նրա մեջ ամենակարևորն ու առաջնայինը:

600x580

-Կինն, ով հետագայում կլինի Ձեր կողքին, ի՞նչ բողոքներ կունենա Ձեզնից, ի՞նչ հարցերում եք պահանջկոտ:

-Եթե կինս բծախնդիր չլինի, կբողոքի իմ բծախնդրությունից, հակառակ դեպքում բողոքներ չի ունենա:

-Շա՞տ հարցերում:

-Սնունդի, հագուստի, տան մաքրության, այսինքն' հիմնականում հիգիենայի հետ կապված հարցերում և ուտելիքի:

-Պե՞տք է լավ խոհարարուհի լինի:

-Ցանկալի է:

 600x580

-Իսկ կնոջ աշխատանքային ոլորտը Ձեզ կխանգարի՞ ընտրություն կատարելիս, օրինակ, եթե լինի դերասանուհի…

-Փորձը ցույց է տալիս, որ «Երբեք մի ասա երբեք» արտահայտությունը ճիշտ է: Խուսափում եմ ինչ-որ բան բացառելուց, իհարկե, ես միշտ դեմ եմ եղել, որ կինս դերասանուհի լինի, արվեստի այլ բնագավառներից թող լինի, բայց ոչ՝ դերասանուհի:

-Պատկերացնո՞ւմ եք Ձեր ապագա հարսնացուին, ինչպիսի՞ն պետք է լինի:

-Կուզեմ ու կաշխատեմ' լինի «լսող», ասածդ ընդունող, համակերպվող. չեմ սիրում կամակոր աղջիկների, իհարկե, սիրի, լինի նվիրված ու անդավաճան:

 

Հարցազրույցը' Շողիկ Գալստյանի