Աշխարհի ամենամեծ քարանձավը՝ Շոնդոնգը, գտնվում է Վիետնամի ու Լաոսի սահմանին, և միայն վերջերս է բացվել այցելությունների համար։ Բրիտանական The Telegraph պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է, թե ինչպիսին է բնության այս հրաշքը ներսից։
Քարանձավը հայտնաբերվել է 1991թ.՝ տեղաբնակներից մեկի կողմից։ Այն ամբողջությամբ տեսնելու ու ուսումնասիրելու համար հարկավոր է մի քանի օր։
Շոնդոնգն ունի 9 կմ երկարություն, 200 մ բարձրություն և 150 մ լայնություն։ Թեև տեղացիները դրա գոյության մասին իմացել են 1991թ. ի վեր, սակայն աշխարհին այն հայտնի է դարձել միայն 2009թ., երբ բրիտանացի գիտնականները որոշել են ուսումնասիրել տեղանքը։
Տեղացիները պատմել են, որ մշտապես վախեցել են քարանձավից՝ դրանից եկող տարօրինակ ձայների պատճառով։ Այդ ձայները գալիս են քարանձավի ներսում հոսող գետից։
Այստեղ կան նաև հսկայական պտկաքարեր, որոնք ունեն 70մ բարձրություն։
Շրջապատող խիտ ջունգլիներն օգնել են, որպեսզի հարյուրամյակներ շարունակ քարանձավն աննկատ մնա մարդկանց համար։