Եթե ցանկանում ես հասկանալ դիմացինիդ, սովորիր թարգմանել այն, ինչի մասին նա չի խոսում. չկա հոդաբաշխ խոսք, բայց կան ժեստեր, միմիկա: Ժեստերի լեզուն պայմանականորեն անվանում են համր լեզու, բայց այն հաճախ ավելի խոսուն է լինում, քան մեր արտահայտած բառերը, բացատրությունները։ Ժեստերի միջոցով մենք շփվում ենք, հաղորդակցվում, հասկանում իրար, արտահայտում տարաբնույթ հույզեր, հավանություն տալիս կամ հակառակվում դիմացինին:
Այսօր լայն սպառում ունի Ջոն Ստյուարտ Մյուլլերի «Խաբիր ինձ» ֆիլմը, որտեղ կա ժեստերի և դրանց վերլուծման մի հսկայական շտեմարան, հենց դա էլ գրավում է դիտողին, ով ցանկանում է ավելին իմանալ իր մտերիմների, ընկերների, սիրելիների մասին և, ինչու չէ, սովորել տիրապետել սեփական ժեստերին:Սակայն, որքան էլ ճիշտ մեկնաբանված լինեն ֆիլմերը, համոզիչ գրքերն ու բառարանները, պետք չէ մոռանալ մարդուն, նրա անհատականությունը, որ կարող է ինչ-որ չափով պայմանավորել վերջինիս ժեստերն ու միմիկան:
Հոգեբան Լիկա Ալեքսանյանը հենց անհատականության վրա է հիմնվում համր լեզվի մասին խոսելիս. «Ձեռքերը խաչելու ժեստը, օրինակ, հիմնականում մեկնաբանվում է իբրև ինքնապաշտպանություն, տագնապ: Ընտանիքից մինչև համալսարան ու աշխատավայր մեզ շարունակ ասում են, որ այդ ժեստը անքաղաքավարի է, որովհետև իբր դու փակում ես քեզ շփման համար: Մինչդեռ իրականում կարող է ճիշտ հակառակը լինել: Ընդունելով այդպիսի դիրք' հատկապես որոշ կանայք ձգտում են իջեցնել ագրեսիվությունն ու լարվածությունը, փորձում են հանգստանալ, սառը դատել' խուսափելու համար կանանց բնորոշ՝ սկանդալ սարքելուց կամ վիճելուց, իսկ սա շատ ավելի քաղաքակիրթ է, քան վիճաբանությունը»:
Հատկապես այս ժեստի վերլուծությունն է զայրացնում շատ աղջիկների, որոնց համար ձեռքերի խաչաձևումը պարզապես սովորություն է:
«Ես ընդհանրապես ձեռքերս անշարժ կախել չեմ կարողանում, տհաճ զգացողություն է առաջանում, հատկապես երբ տվյալ պահին ինչ-որ պատճառով ընկճված եմ լինում,- LN-ի հետ զրույցում նկատեց տասնութամյա Արմինեն: - Համաձայն եմ, որ ժեստերն ունեն լեզու, բայց դա ընդհանուր չէ բոլորի համար, այլ կախված է տվյալ անձի առանձնահատկություններից»:
Շատերը, լսելով կամ կարդալով ժեստերի մասին մեկնաբանություններ, դրանք ընդունում են «հալած յուղի պես»: Այս իրավիճակում ի հայտ են գալիս կոնֆլիկտներ ու դժվար իրավիճակներ: Նման օրինակները շատ են, օրինակ՝ երբ մարդը տրորում է քիթը կամ շոշափում այն, համարվում է, որ նա սուտ է ասում։ Իրականում մարդու քթի ծայրին մի կետ կա, որի վրա ազդելով' արագորեն կարելի է լավացնել կամ վերականգնել սրտի աշխատանքը:
Կամ, ասենք, հագուստի վրայից չեղած փոշին մաքրելը. սա սովորաբար նույնացնում են անհարգալից վերաբերմունքի հետ, մինչդեռ կարող են լինել մարդիկ, ովքեր պարզապես լուրջ են վերաբերվում հագուստի մաքրությանը և ամենահետաքրքիր խոսակցության ժամանակ անգամ կարող են զբաղվել իրենց արտաքինով:
LN-ի հետ զրույցում հոգեբան Լիկա Ալեքսանյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ կանայք, լինելով ավելի ինտուիտիվ ու նրբազգաց, միայն աչքերին նայելով հաճախ ճիշտ են վերլուծում ժեստերի լեզուն, երբեմն ճիշտ էլ կարողանում են ստել. «Նույնը չէի ասի տղամարդկանց մասին: Նրանք ամեն ինչ նյութականացնում են ու հաճախ, օրինակ, սխալմամբ կարծում են, թե դուր են եկել կնոջը, վերջինս իբր իրենց հետ խոսել է ժեստերով»: Հակառակ սեռը կնոջ աչքի կոնտակտը ամեն դեպքում ընկալում է որպես ծանոթության տանող նշան: Բայց համաձայնեք. մի՞թե հնարավոր չէ, որ կինը մի պահ միայն ընկնի մտքերի հետևից, հայացքը ֆիքսի ինչ-որ կետի, ու այդ կետը համընկնի դիմացը կանգնած անծանոթի հայացքին: Մեկ այլ օրինակ. մարմնի որևէ մասով (թեկուզ պատահմամբ) տղամարդուն դիպչելը ևս ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ ծանոթանալու հրավեր են ընկալում: Եթե այսպես մտածեն բոլորը, ուրեմն մերօրյա երթուղայինները ծանոթությունների վայր պիտի որակվեն:
Մի խոսքով'պետք չէ, ինչպես որևէ, այնպես էլ այս դեպքում քարացած օրենքներ փնտրել: Լիկա Ալեքսանյանը խորհուրդ է տալիս, որ նախքան դիմացինի ոչ հոդաբաշխ խոսքը վերլուծելը փորձեք ճիշտ հասկանալ իրադրությունը, տարածությունն ու ժամանակը և, որ ամենակարևորն է, ձգտեք պարզել, թե որն է ձեր դիմաց կանգնած անհատի ինդիվիդուալ ժեստերի լեզուն:
Լարա Առաքելյան