Ցրտի, անձրևների և տերևաթափի հետ միասին գալիս է նաև աշնանային դեպրեսիան: Այս հոդվածում մենք կպատմենք, թե ինչպես պայքարել սպասվելիք վատ տրամադրության դեմ:

1. Պայքարե՛ք աշնան դեմ հենց իր իսկ միջոցներով

Ցուրտը, անձրևները և արձակուրդների ավարտը տխրության պատճառ են: Աշունը տարվա այն եղանակն է, երբ տխրությունն ինքն իրեն է գալիս: Դե ինչ, պետք է նրան հակահարված տալ նրա իսկ միջոցներով: Անձրև՞ է գալիս: Խնդիր չէ, կարելի է համեղ ընթրիք պատրաստել աշնանային մրգերից և բանջարեղեններից, կանչել հարազատներին ու ընկերներին և ամպոտ երեկոն անցկացնել տաք օջախի կողքին:

Տերևաթա՞փ է: Վերցրե՛ք ֆոտոխցիկը և գնացե՛ք այգի' լուսանկարելու աշնանային կարմրա-դեղնավուն տեսարանները: Ցրտե՞լ է: Շտապե՛ք գնումների, գնե՛ք տարբեր գեղեցիկ գլխարկներ, շարֆիկներ, տաք հագուստներ: Փնտրե՛ք ամեն ինչում միայն լավը: Ահա թե ինչն է լավ տրամադրության գլխավոր գրավականը:

2. Վառե՛ք բոլոր լույսերը

Աշնանային դեպրեսիան ուղղակիորեն կապված է արևային լույսի պակասի հետ: Հենց լույսն է օգնում երջանկության հորմոնի առաջացմանը: Արհեստական լույսը, դժբախտաբար, չի կարող փոխարինել արևային լույսին, սակայն կարող է բարելավել տրամադրությունը: Երեկոյան վառեք մոմեր, դա կստեղծի հարմարավետ մթնոլորտ, իսկ իրական կրակը կբարձրացնի տրամադրությունը: Փորձեք չխախտել օրվա ռեժիմը. ավելի շուտ քնեք և ավելի շուտ արթնացեք: Աշխատեք ցերեկային լույսի տակ և մի հոգնեցրեք Ձեզ երեկոյան աշխատանքով:

3. Շարժվե՛ք

Իսկ Դուք գիտե՞ք, որ կա մի հրաշալի միջոց աշնանային դեպրեսիայից փախչելու համար: Այո՛, հենց ուղիղ իմաստով' փախչելու: Ֆիզիկական ակտիվությունը օգնում է հանել նյարդային լարվածությունը և նպաստում է երջանկության հորմոնի առաջացմանը: Միացրե՛ք ուրախ երաժշտություն և պարե՛ք, վազե՛ք, թռչկոտե՛ք: Նաև կարելի է ավելի լրջորեն զբաղվել սպորտով, օրինակ' գրանցվե՛ք թենիսի կամ այլ սպորտաձևի դասընթացների:

4. Փոքրիկ թուլություններ

Նույնիսկ եթե արձակուրդի ժամանակ Դուք մի փոքր գիրացել եք, ապա խիստ դիետաների մասին պետք է որոշ ժամանակ մոռանալ: Կալորիաների սահմանափակումը ամենավատ բանն է, ինչ կարելի է մտածել աշնանը: Փորձե՛ք դարձնել Ձեր սնունդը ինչքան հնարավոր է բազմազան: Եթե դա սուրճ է, ապա ընտրե՛ք այն մեկը, որը նախկինում չեք փորձել, իսկ սուրճի հետ անպայման քաղցրավենիք վերցրե՛ք: Եթե պատրաստում եք տանը, ապա ընթացքից մաքսիմալ հաճույք ստացե՛ք: Պատրաստե՛ք հարազատների հետ, փորձարկումներ արե՛ք, զարմացրե՛ք և, ամենակարևորը, ինքներդ համտեսե՛ք:

 

Աղբյուրը` «Ավելին, քան փաստեր»