Բաղադրությունը

175գ ապխտած միս, 225գ մանր շամպինյոն, 225գ բարձր յուղայնությամբ սերուցք, 1/4 ճաշի գդալ կտրատած ընկույզ, 300գ սպանակաձև կամ որևէ այլ մակարոնեղեն (պաստա), 60գ անալի փափուկ պանիր, մի քանի ճյուղ մաղադանոս, 1, 5 թեյի գդալ կակաչի սերմեր, աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Մեծ կաթսայի մեջ եռացնել ջուրը։ Ապխտած մսից հեռացնել ճարպի շերտն ու արտաքին կեղևը և կտրատել։
Սունկը մաքրել, լվանալ և կտրատել (կարելի է օգտագործել նաև պահածոյացված սունկ)։ Դրանք լցնել հաստ հատակ ունեցող կաթսայի կամ թավայի մեջ, վրան լցնել սերուցքը, կտրատած ընկույզը, համեմել պղպեղով։ Դնել կրակի վրա, հասցնել մինչեւ եռման, ցածրացնել կրակը, անընդհատ խառնել, թողնել եփվի այնքան, մինչև թանձրանա։

Եռացող ջրով կաթսայի մեջ լցնել մակարոնը (պաստա), աղ անել, թողնել, որ եռա 3– 5 րոպե։

Մաղադանոսը մաքրել, լվանալ, չորացնել և մանր կտրատել։ Պանիրը կտրատել խորանարդաձև։
Եփված, թանձրացած սերուցքը վերցնել կրակի վրայից, ավելացնել կտրատած պանիրը, խառնել այնքան, մինչև պանիրը հալվի։ Այս սոուսի մեջ ավելացնել կտրատած ապխտած միսը, կաթսան նորից դնել կրակին, մի քիչ տաքացնել։ Վերցնել կրակից, վրան լցնել կտրատած մաղադանոսը, խառնել և դնել տաք տեղ։
Եփված մակարոնը լցնել քամիչի մեջ, թողնել ջուրը լրիվ քամվի։ Մակարոնը լցնել ափսեի մեջ, վրան ցանել կակաչի սերմը, այնուհետև պատրաստված սոուսը։ Զգուշորեն խառնել և մատուցել։