Փակ շուկայի խնդիրը շարունակում է մնալ արդիական: Թեև և՛ քաղաքապետարանը, և՛ Մշակույթի նախարարությունը հաստատել են, որ շինությունը ապօրինի է, միջոցներ, որպես այդպիսին, չեն կիրառվում, և շինարարությունն այս պահին էլ շարունակվում է: Փակ շուկայի խնդրի վերաբերյալ զրուցել ենք հայտնի մարդկանց հետ և ներկայացնում ենք նրանց դիրքորոշումը: Ի դեպ, մի շարք հայտնիներ հրաժարվեցին խոսել այս մասին, ոմանք պատճառաբանում էին, որ քաջածանոթ չեն թեմային, ոմանք խնդրում էին ավելի ուշ զանգահարել, ապա անպատասխան թողնում մեր զանգերը, ոմանք էլ ուղղակի հրաժարվում էին.
Կարեն Ջանիբեկյան
Փակ շուկան ոչ միայն արվեստի գործ է, այլև գիտական նորույթ: Դրա կամարները սարքել էին տուֆի փոշուց, որպեսզի թեթև և ամուր լիներ: Եթե դա ավազից սարքեին, կփլվեր: Դա նորություն էր աշխարհի շինարարության մեջ: Վատ է, որ դա քանդել են:
Ժան Նշանյան
Ես կողմ եմ այն ամենին, ինչը կատարվում է օրինականության սահմաններում, գեղեցկացնում է քաղաքը, չենք կորցնում մեր անցյալը, անցյալի վրա ստեղծում ենք նորը ու կերտում ապագան: Մշակութային արժեքները պետք է կառավարության կողմից պահպանվեն:
Շաքե Թուխմանյան
Փակ շուկան մեզ համար կարևոր բան է և, ըստ իս, հնություն է, որը պատմամշակութային արժեք է ներկայացնում: Բացի այդ, եթե այսքան մարդ դեմ է դրան, ես ինչպես կարող եմ հակառակվել: Պետք չէ քանդել նման բաները, որովհետև հիմա շատ դժվար է կառուցել նույնը կամ գոնե մոտենալ այդ արժեքներին: Թող այլ տեղերում նոր բան կառուցեն: Ես դեմ չեմ նորին: Յուրաքանչյուր քաղաք իր շուկայով իր ուրույն դեմքն ունի: Առավել ևս, որ այդպիսի գեղեցիկ շինություն է, ափսոս է դա քանդելը: Անտարբերությունը վատ բան է, նման բաների դեմ պետք է պայքարել: Լավ կլիներ, եթե կարողանային պայքարել և հաջողության հասնել:
Սոս Ջանիբեկյան
Իհարկե դեմ եմ, որ Փակ շուկան դառնա սուպերմարկետ. սուպերմարկետները լիքն են: Այն պետք է միշտ շուկա մնա: Ես նաև դեմ էի շուկայի փնթի և կեղտոտ վիճակին: Կարծում եմ' այս դեպքում պետք է ալտերնատիվ տարբերակի մասին մտածել. թող շուկան էլի պահպանվեր, պարզապես բարեկարգվեր:
Լուսինե Բադալյան
Ամենամեծ խնդիրն այն է, որ քաղաքացիներն այս հարցում հստակ դիրքորոշում չունեն, քանի որ տարբեր կողմերից պրոպագնդան շատ պրոֆեսինալ է արվում: Քաղաքացին հնարավորություն չունի իմանալու բուն պատճառը, ինքը լսում է այն, ինչ իրեն ասում են, այդ իսկ պատճառով, քաղաքացուն էլ չի կարելի մեղադրել: Բոլոր խնդիրներն էլ լուծվում են' ըստ կատարվող պրոպագանդայի պրոֆեսիոնալիզմի: Որպեսզի քաղաքացին կարողանա կողմնորոշվել, պետք է իրազեկ լինի, վերջինի համար էլ պետք է աշխատել կրթամակարդակի բարձրացման վրա: Իմ հոռետեսությունն ինձ ստիպում է մտածել, որ կրթությունն այս վիճակում է, որպեսզի քաղաքացիները չունենան հստակ դիրքորոշում և ծառան, կատարողը դառնան:
Փակ շուկայի հարցում իմ դիրքորոշումը շատ հստակ է. կապ չունի այն ում է պատկանում, պետք է պահպանել դրա արտաքին տեսքն ու ֆունկցիոնալ նշանակությունը: Թող էլի լիներ Փակ շուկա և պատկաներ ինչ-որ մեկին, եթե դրանից ավելի գեղեցիկ, բարեկարգ կդառնար, ու մարդիկ հնարավորություն կունենային ինչ-որ բան վաճառելու և գնելու: Սակայն եթե այն պետք է հիմնովին ավերվի, ու դրա փոխարեն կառուցվի հերթական սուպերմարկետը, որն իր տեսքով փչացնում է քաղաքի դիմագիծը, ես ունեմ հստակ դիրքորոշում և դեմ եմ: Փակ շուկան իր ճարտարապետական հորինվածքով համարվում է մեր քաղաքի դիմագծերից մեկը, եթե անգամ ունի թերություններ:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը