Միայնակ մարդկանց մեծամասնությունը երազում է ռոմանտիկ սիրահարության մասին, բայց սիրո փնտրումն իր մեջ բազմաթիվ տխրություններ ու հիասթափություններ է ներառում: Զգացմունքի ծարավը, որն ընդունակ է երջանկացնելու մեզ, մենք վերածում ենք մի յուրովի կանխավայելման: Այո', սիրելի մարդու ներկայությունը հնարավոր է, որ երջանկություն պարգևի, բայց դրան հասնելու համար երբեմն հարկավոր է փոփոխությունների ենթարկել արժեքների ու նախապատվությունների արդեն ընդունված համակարգը: Միայնությունից փրկող ու առօրյա մեծ ու փոքր ձախողումներից շեղող սերը գտնելու ձգտումը կարող է ծանր ու հուսահատ փնտրտուքի վերածվել, ինչը կմեկուսացնի ձեզ շրջապատող մարդկանցից և կսահմանափակի ձեր անհատականության դրսևորումները:

Ինչպե՞ս ուշադրության նշաններ ցուցաբերել և հասնել ժամադրության

Իրականում ավելի արդյունավետ է կենտրոնանալը նոր ծանոթներ ձեռք բերելու, ընկերական հարաբերություններ կնքելու վրա, նախընտրելի է փորձել հաճույք ստանալ կյանքի ամենաբազմազան արտահայտումներից: Ամեն դեպքում պետք է ընդունեք այն միտքը, որ միգուցե երկար ժամանակ մենակ լինեք և համակերպվեք այդ վիճակի հետ:
Անհրաժեշտ է ընդլայնել հետաքրքրությունների ու զբաղմունքների շրջանակը, կարողանալ գնահատել ընկերությունը և ուրախանալ ընկերների ներկայությունից: Դասավորելով ձեր նախապատվությունները այս կերպ' շրջապատի համար հետաքրքրիր մարդ կդառնաք, շփումների անգնահատելի փորձ ձեռք կբերեք և, վերջին հաշվով, կմեծացնեք ձեր սերը գտնելու հնարավորությունները: Երբ ի հայտ գան բազմակողմանի հետաքրքրություններ, բազմազան զբաղմունքներ, լավ ծանոթներ ու ընկերներ, ձեր ձգտումը' գտնելու սեր ինչ գնով ուզում է լինի, կվերանա, և նպատակը կիրականանա ինքնըստինքյան:

Նախքան կյանքի ուղեկից ընտրելը օգտակար է որոշակի ժամանակահատված շփվել տարբեր մարդկանց հետ: Դա ձեզ կօգնի ավելի լավ դատել մարդկային բնավորությունների ու որակների մասին: Այն մարդիկ, ովքեր ծանոթությունների մեծ փորձ ունեն, սովորաբար ավելի հաջողակ են կյանքի մշտական ուղեկից գտնելու հարցում: Նա, ով շատ ընկերներ ու մտերիմներ ունի, դժվար թե իրեն թույլ տա, որ հարաբերությունները սիրելիի հետ լինեն աններդաշնակ, կոնֆլիկտային ու նվաստացուցիչ կամ ուղեկցվեն վիրավորանքներով ու բռնություններով:

Ծանոթական, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ հաստատելիս չափազանց խստապահանջ մի եղեք դիմացինի հայացքների, դատողությունների ու այլ հատկանիշների վերաբերյալ. առօրյա կյանքում դրանք այնքան կարևոր չեն, որքան լավ բնավորությունը: Բացի այդ' ժամանակի հետ մենք սկսում ենք գնահատել մարդկանց մեջ առաջին հայացքից լիովին աննկատ գծեր:

Եթե դուք չեք սիրում ֆլիրտներ ունենալ կամ այլ կերպ' սիրաբանել, և երբեք ժամադրություններ չեք նշանակել պարզապես հետաքրքրության համար, ապա, հավանաբար, ձեզ անհարմար կթվա ընտրած աղջկան (կամ տղային) սիրահետելն ու ուշադրության նշաններ ցուցաբերելը:

Այդ դեպքում ժամադրություններ նշանակելու մեջ փորձ ձեռք բերեք այն ծանոթ-մտրիմների հետ, ովքեր, ամենայն հավանականությամբ, ձեզ չեն մերժի: Խուսափե՛ք ինքներդ ձեզ կեղծելուց և անկեղծ ցույց տվեք ձեր վերաբերմունքը զուգընկերոջը:

Շատ հաճախ սիրավեպ սկսելիս մարդիկ մի սխալ են թույլ տալիս, որն հետագայում չափազանց հիվանդագին հետևանքների է բերում. նրանք լիրաժեք կախվածության մեջ են ընկնում այն մարդուց, ով, ըստ էության, բացարձակ անտարբեր է իր նկատմամբ ամեն տեսակ ապրումների հանդեպ: Եթե ձեզ մոտ այդպիսի իրավիճակ է, մտածե՛ք' միգուցե այդ մարդը ցանկանում է միայն դեպքից դեպք հանդիպել ձեզ կամ միգուցե միայն նոր զգացողություններ է փնտրում' եզրափակելով հերթական սիրավեպը: Վերջապես, միգուցե այդ մարդը պարզապես եսասե՞ր է և սովոր չէ՞ հաշվի առնել դիմացինի զգացմունքները:

Ինչպե՞ս ուշադրության նշաններ ցուցաբերել և հասնել ժամադրության

Ձգտումը' պահպանելու այսպիսի անհավասար հարաբերությունները, մարդուց հսկայական ժամանակ է խլում և ստիպում իզուր խոր զգացումներ սպառել: Ձեզ չի՞ թվում, որ ժամանակն ու հոգեկան ներուժն ավելի օգտակար է ուղղել սեփական մտահորիզոնն ընդլայնելու, նոր ծանոթություններ հաստատելու և իսկական սեր գտնելու վրա: Բայց գլխավոր վտանգը, որ բխում է այսպիսի իրավիճակից հետևյալն է. դուք աստիճանաբար սովորում եք վիրավորանքների ու տխրությունների, իսկ դրա արդյունքում դուք մատչելի թիրախ կդառնաք այն մարդկանց համար, ովքեր կփորձեն օգտվել այդ հանգամանքից: Ցավոք, կհայտնվեն այնպիսիք, ովքեր դեմ չեն լինի օգտագործել ձեզ' նման հնարավորություն զգալու պարագայում: Ամեն դեպքում, եթե դուք իսկապես ձգտում եք խոր հարաբերություների այլ մարդու հետ, երբեք մի կանգնեք կես ճանապարհին, կարողացեք տեսնել ձեր շահերը և պայքարել դրանց համար:

Եթե, չնայած զուգընկերոջ հետ ծանր հարաբերություններին, երբեմն թույլ եք տալիս սեռական լիցքաթափում բացասական զգացումները' մենությունը, ձանձրույթը, ճնշվածությունը կամ տագնապը փարատելու համար, փորձեք այդ հոգեվիճակներին դիմակայելու այլ, կառուցողական միջոցներ գտնել, երբ էլ որ դրանք պատեն ձեզ: Նայեք ձեր շուրջը և անպայման անցանկալի այդ զգացումներին հակազդելու, ցրվելու և զվարճանալու այլ ձևեր կգտնեք:

Իսկ եթե լուրջ կախվածության մեջ եք ընկել զուգընկերոջից (կամ զուգընկերուհուց), նախևառաջ ձեզ համար հստակեցրե՛ք' շարունակելու եք այդ հիվանդագին հարաբերությունները: Ինքներդ ձեզ ասելով «ոչ»' խուսափե՛ք ցանկացած հանդիպումից տվյալ մարդու հետ:

Եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում միայնակ դուրս գալ այդ վիճակից, դիմե՛ք մասնագետի:

Խոսելով ծանոթություններ հաստատելու մասին' պետք է կարևորել տեսողական շփման, դեմքի արտահայտության, կեցվածքի և ձայնի հնչերանգի դերը, որոնց շնորհիվ կարող եք արտահայտել ձեր հետաքրքվածությունը և ցանկությունը շփման մեջ մտնելու:

Ամեն մարդու մոտ ժամանակի հետ սիրահետելու իր ոճն է ձևավորվում: Ուշադրության ամենաբազմազան ցուցաբերումներ են' ունքերի խաղը, արտահայտիչ կամ բազմանշանակ հայացքները, պարի ինքնատիպ հրավերը, պարի ընթացքում հեռավորության կրճատումը մինչև 3-4 սանտիմետրը, շշնջոցն ականջին, արագ հպումն կամ շոյումը ծնկին, բազուկին, դաստակին, ուսին… ընդ որում' դա պետք է անել ժպտալով կամ ուրախ ինչ-որ բան պատմելով:

Կինը, փորձելով մոտեցում գտնել տղամարդու հետ և գրավել նրան, չպետք է ամաչի կոկետությունից. անցել են այն ժամանակները, երբ գեղեցիկ սեռը ստիպված էր բավարարվել միայն սպասողական դերով: Զգալով, որ դուք ներկաներից մեկի ուշադրության առարկա եք դարձել, մի՛ շտապեք պատասխանել փոխադարձությամբ: Իսկ երբ, չնայած ձեր անտարբերությանը, մեկը շարունակում է համառորեն ուշադրության նշաններ ցույց տալ, նրբակիրթ ավարտեք խոսակցությունը, խոսեք ուրիշ մեկի հետ կամ հեռացեք: Եթե ցանկանում են ձեզ ժամադրել կամ հեռախոսահամար են խնդրում, իսկ դուք դեռ չեք կողմնորոշվել ձեր վերաբերմունքի մեջ, ասացե՛ք, որ դեռ վստահ չեք զգացմունքների առումով և առաջարկեք վերադառնալ դրան հաջորդ անգամ: Իսկ եթե շփումը շարունակելու իրավունքն ուզում եք ձեզ վերապահել, քաղաքավարի մերժեք տալ հեռախոսահամարը' փոխարենը զրուցակցինը խնդրելով:

Հետևեք, թե ինչպիսին է դիմացինի հայացքը, ձայնը, դեմքի արտահայտությունը' ջերմ, թե ձանձրացող, կեցվածքը' տրամադրող, թե անտարբեր: Ցուցաբերում է ձեր զրուցակիցը հետաքրքրություն, հարցեր տալիս է, թե միայն քաղաքավարի պատասխանում է: Նայում է կողքերը' կարծես ինչ-որ մեկին սպասելով: Ինչպես է վերաբերվում նրան, երբ ավելի եք մոտենում, իջեցնում եք ձայնը մինչև շշնջոց, թեթև, խաղալով հպվում եք նրան: Ուրախ, աճող մտերմիկ ջերմությամբ, թե լարված, օտար է պահում ձեզ հետ: Պատասխանելով այսպիսի նշանների ժամադրության ժամանակ' կարող եք դիմացինի մոտ ստեղծել այն զգացողությունը, որ գրկախառնումներ կամ համբույր եք ցանկանում: