Միայնակ մարդկանց մեծամասնությունը երազում է ռոմանտիկ սիրահարության մասին, բայց սիրո փնտրումն իր մեջ բազմաթիվ տխրություններ ու հիասթափություններ է ներառում: Զգացմունքի ծարավը, որն ընդունակ է երջանկացնելու մեզ, մենք վերածում ենք մի յուրովի կանխավայելման: Այո, սիրելի մարդու ներկայությունը հնարավոր է, որ երջանկություն պարգևի, բայց դրան հասնելու համար երբեմն հարկավոր է փոփոխությունների ենթարկել արժեքների ու նախապատվությունների արդեն ընդունված համակարգը: Միայնությունից փրկող ու առօրյա մեծ ու փոքր ձախողումներից շեղող սերը գտնելու ձգտումը կարող է ծանր ու հուսահատ փնտրտուքի վերածվել, ինչը կմեկուսացնի ձեզ շրջապատող մարդկանցից և կսահմանափակի ձեր անհատականության դրսևորումները: 



Իրականում ավելի արդյունավետ է կենտրոնանալը նոր ծանոթներ ձեռք բերելու, ընկերական հարաբերություններ կնքելու վրա, նախընտրելի է փորձել հաճույք ստանալ կյանքի ամենաբազմազան արտահայտումներից: Ամեն դեպքում պետք է ընդունեք այն միտքը, որ միգուցե երկար ժամանակ մենակ լինեք և համակերպվեք այդ վիճակի հետ:


Անհրաժեշտ է ընդլայնել հետաքրքրությունների ու զբաղմունքների շրջանակը, կարողանալ գնահատել ընկերությունը և ուրախանալ ընկերների ներկայությունից: Դասավորելով ձեր նախապատվությունները այս կերպ` շրջապատի համար հետաքրքրիր մարդ կդառնաք, շփումների անգնահատելի փորձ ձեռք կբերեք և, վերջին հաշվով, կմեծացնեք Ձեր սերը գտնելու հնարավորությունները: Երբ ի հայտ գան բազմակողմանի հետաքրքրություններ, բազմազան զբաղմունքներ, լավ ծանոթներ ու ընկերներ, Ձեր ձգտումը` գտնելու սեր ինչ գնով ուզում է լինի, կվերանա, և նպատակը կիրականանա ինքնըստինքյան:

Նախքան կյանքի ուղեկից ընտրելը օգտակար է որոշակի ժամանակահատված շփվել տարբեր մարդկանց հետ: Դա Ձեզ կօգնի ավելի լավ դատել մարդկային բնավորությունների ու որակների մասին: Այն մարդիկ, ովքեր ծանոթությունների մեծ փորձ ունեն, սովորաբար ավելի հաջողակ են կյանքի մշտական ուղեկից գտնելու հարցում: Նա, ով շատ ընկերներ ու մտերիմներ ունի, դժվար թե իրեն թույլ տա, որ հարաբերությունները սիրելիի հետ լինեն աններդաշնակ, կոնֆլիկտային ու նվաստացուցիչ կամ ուղեկցվեն վիրավորանքներով ու բռնություններով: 

Ծանոթական, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ հաստատելիս չափազանց խստապահանջ մի եղեք դիմացինի հայացքների, դատողությունների ու այլ հատկանիշների վերաբերյալ. առօրյա կյանքում դրանք այնքան կարևոր չեն, որքան լավ բնավորությունը: Բացի այդ` ժամանակի հետ մենք սկսում ենք գնահատել մարդկանց մեջ առաջին հայացքից լիովին աննկատ գծեր:


Եթե Դուք չեք սիրում ֆլիրտներ ունենալ կամ այլ կերպ` սիրաբանել, և երբեք ժամադրություններ չեք նշանակել պարզապես հետաքրքրության համար, ապա, հավանաբար, ձեզ անհարմար կթվա ընտրած աղջկան /կամ տղային/ սիրահետելն ու ուշադրության նշաններ ցուցաբերելը: Այդ դեպքում ժամադրություններ նշանակելու մեջ փորձ ձեռք բերեք այն ծանոթ-մտրիմների հետ, ովքեր, ամնայն հավանականությամբ, Ձեզ չեն մերժի: Խուսափեք ինքներդ Ձեզ կեղծելուց և անկեղծ ցույց տվեք ձեր վերաբերմունքը զուգընկերոջը,-փոխանցում է erkusov.am-ը: 

Շատ հաճախ սիրավեպ սկսելիս մարդիկ մի սխալ են թույլ տալիս, որն հետագայում չափազանց հիվանդագին հետևանքների է բերում. նրանք լիրաժեք կախվածության մեջ են ընկնում այն մարդուց, ով, ըստ էության, բացարձակ անտարբեր է իր նկատմամբ ամեն տեսակ ապրումների հանդեպ: Եթե ձեզ մոտ այդպիսի իրավիճակ է, մտածեք` միգուցե այդ մարդը ցանկանում է միայն դեպքից դեպք հանդիպել ձեզ կամ միգուցե միայն նոր զգացողություններ է փնտրում` եզրափակելով հերթական սիրավեպը: Վերջապես, միգուցե այդ մարդը պարզապես եսասեր է և սովոր չէ հաշվի առնել դիմացինի զգացմունքները: 

Ձգտումը` պահպանելու այսպիսի անհավասար հարաբերությունները, մարդուց հսկայական ժամանակ է խլում և ստիպում իզուր խոր զգացումներ սպառել: Ձեզ չի թվում, որ ժամանակն ու հոգեկան ներուժն ավելի օգտակար է ուղղել սեփական մտահորիզոնն ընդլայնելու, նոր ծանոթություններ հաստատելու և իսկական սեր գտնելու վրա: Բայց գլխավոր վտանգը, որ բխում է այսպիսի իրավիճակից հետևյալն է. դուք աստիճանաբար սովորում եք վիրավորանքների ու տխրությունների, իսկ դրա արդյունքում դուք մատչելի թիրախ կդառնաք այն մարդկանց համար, ովքեր կփորձեն օգտվել այդ հանգամանքից: Ցավոք, կհայտնվեն այնպիսիք, ովքեր դեմ չեն լինի օգտագործել Ձեզ` նման հնարավորություն զգալու պարագայում: Ամեն դեպքում, եթե դուք իսկապես ձգտում եք խոր հարաբերություների այլ մարդու հետ, երբեք մի կանգնեք կես ճանապարհին, կարողացեք տեսնել ձեր շահերը և պայքարել դրանց համար:

Եթե, չնայած զուգընկերոջ հետ ծանր հարաբերություններին, երբեմն թույլ եք տալիս սեռական լիցքաթափում բացասական զգացումները` մենությունը, ձանձրույթը, ճնշվածությունը կամ տագնապը փարատելու համար, փորձեք այդ հոգեվիճակներին դիմակայելու այլ, կառուցողական միջոցներ գտնել, երբ էլ որ դրանք պատեն ձեզ: Նայեք ձեր շուրջը և անպայման անցանկալի այդ զգացումներին հակազդելու, ցրվելու և զվարճանալու այլ ձևեր կգտնեք: Իսկ եթե լուրջ կախվածության մեջ եք ընկել զուգընկերոջից /կամ զուգընկերուհուց/, նախևառաջ Ձեզ համար հստակեցրեք` շարունակելու եք այդ հիվանդագին հարաբերությունները: Ինքներդ ձեզ ասելով "ոչ”` խուսափեք ցանկացած հանդիպումից տվյալ մարդու հետ: Եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում միայնակ դուրս գալ այդ վիճակից, դիմեք մասնագետի:

Խոսելով ծանոթություններ հաստատելու մասին` պետք է կարևորել տեսողական շփման, դեմքի արտահայտության, կեցվածքի և ձայնի հնչերանգի դերը, որոնց շնորհիվ կարող եք արտահայտել ձեր հետաքրքվածությունը և ցանկությունը շփման մեջ մտնելու: Ամեն մարդու մոտ ժամանակի հետ սիրահետելու իր ոճն է ձևավորվում: Ուշադրության ամենաբազմազան ցուցաբերումներ են` ունքերի խաղը, արտահայտիչ կամ բազմանշանակ հայացքները, պարի ինքնատիպ հրավերը, պարի ընթացքում հեռավորության կրճատումը մինչև 3-4 սանտիմետրը, շշնջոցն ականջին, արագ հպումն կամ շոյումը ծնկին, բազուկին, դաստակին, ուսին… ընդ որում` դա պետք է անել ժպտալով կամ ուրախ ինչ-որ բան պատմելով:

Կինը, փորձելով մոտեցում գտնել տղամարդու հետ և գրավել նրան, չպետք է ամաչի կոկետությունից. անցել են այն ժամանակները, երբ գեղեցիկ սեռը ստիպված էր բավարարվել միայն սպասողական դերով: Զգալով, որ Դուք ներկաներից մեկի ուշադրության առարկա եք դարձել, մի շտապեք պատասխանել փոխադարձությամբ: Իսկ երբ, չնայած ձեր անտարբերությանը, մեկը շարունակում է համառորեն ուշադրության նշաններ ցույց տալ, նրբակիրթ ավարտեք խոսակցությունը, խոսեք ուրիշ մեկի հետ կամ հեռացեք: Եթե ցանկանում են Ձեզ ժամադրել կամ հեռախոսահամար են խնդրում, իսկ դուք դեռ չեք կողմնորոշվել Ձեր վերաբերմունքի մեջ, ասացեք, որ դեռ վստահ չեք զգացմունքների առումով և առաջարկեք վերադառնալ դրան հաջորդ անգամ: Իսկ եթե շփումը շարունակելու իրավունքն ուզում եք ձեզ վերապահել, քաղաքավարի մերժեք տալ հեռախոսահամարը` փոխարենը զրուցակցինը խնդրելով:

Հետևե՛ք, թե ինչպիսին է դիմացինի հայացքը, ձայնը, դեմքի արտահայտությունը` ջերմ, թե ձանձրացող, կեցվածքը` տրամադրող, թե անտարբեր: Ցուցաբերում է ձեր զրուցակիցը հետաքրքրություն, հարցեր տալիս է, թե միայն քաղաքավարի պատասխանում է: Նայում է կողքերը` կարծես ինչ-որ մեկին սպասելով: Ինչպես է վերաբերվում նրան, երբ ավելի եք մոտենում, իջեցնում եք ձայնը մինչև շշնջոց, թեթև, խաղալով հպվում եք նրան: Ուրախ, աճող մտերմիկ ջերմությամբ, թե լարված, օտար է պահում ձեզ հետ: Պատասխանելով այսպիսի նշանների ժամադրության ժամանակ` կարող եք դիմացինի մոտ ստեղծել այն զգացողությունը, որ գրկախառնումներ կամ համբույր եք ցանկանում: