Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Վերվարածները», «Որոգայթ», «Լիալուսին», «Քույրը» սերիալներից ու «Ալա բալա նիցա», «Սպիտակ գառան երազը», «Վազիր կնոջդ մոտ» ֆիլմերից, համագործակցում է ռուսական ընկերությունների հետ ու նկարահանվում նրանց սերիալներում ու ֆիլմերում:
2011-ին դերասանուհին նկարահանվել է «Охотники за бриллиантами»(այն ցուցադրվել է ОРТ հեռուստաալիքով) ռուսական սերիալում, որի ռեժիսորը Ալեքսանդր Կոտտն էր, իսկ դերասանուհու խաղընկերը՝ հայտնի դերասան Ալեքսեյ Սերեբրյակովն է եղել:
Նրա վերջին համագործակցությունը եղել է 2013-ին՝ Հայաստանում և Ռուսաստանում նկարահանված ռուսական «Hony mony» գեղարվեստական ֆիլմի շրջանակներում, որում նկարահանվել են նաև Լուիզա Ներսիսյանը, Մարջան Ավետիսյանը, Դավիթ Թադևոսյանը և Արտաշես Ալեքսանյանը: Ֆիլմն այժմ մոնտաժային փուլում է և հնարավոր է՝ Հայաստանում ևս փակ դիտում կազմակերպվի:
Վերջերս Սաթենիկը ռուսական շուկայի համար աշխատելու ևս մեկ հրավեր է ստացել: «Ռուսական ևս մեկ նախագծում աշխատելու առաջարկ եմ ստացել: Ի դեպ, այս անգամ հայ դերասաններից միայն ես եմ լինելու»,-esyes.am-ին ասաց Սաթենիկը և հավելեց, որ մինչև այս առաջարկն ընդունելը պարբերաբար հրավերներ է ունեցել, սակայն չի կարողացել ընդունել: -Եթե առաջարկն ընդունեի, պետք է տեղափոխվեինք բնակվելու Ռուսաստան, սակայն ամուսինս այստեղ է աշխատում, մեր որդին՝ դպրոց գնում: Այժմ ժամանակավոր առաջարկ ունեմ, մնում է պայմանագիրը ստորագրեմ և հոկտեմբերին երկու-երեք ամսով գնամ, նկարահանվեմ ու վերադառնամ»:
Սաթենիկի խոսքերով՝ նոր առաջարկը սերիալի շրջանակներում է: Այն բաղկացած է 8 մասից. «Կարող եմ միայն ասել, որ Ելենայի դերում եմ լինելու, խաղալու եմ գլխավոր դերակատարների հետ ու 8 սերիայում էլ լինելու եմ»:
Նշված դերի համար դերասանուհին ֆոտոսեսիա է անցել, որով էլ ներկայացել է այնտեղի անձնակազմին, իսկ օգոստոսի 15-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու վիդեոքասթինգին. «Ասեմ, որ Հայաստանում դա այնքան էլ ընդունված չէ: Մեր դերասանները շատ դեպքերում ներկայանալի ֆոտոներ չունեն, իսկ այնտեղ ներկայանալու համար պետք է հատուկ ֆոտոշարք անցնել»:
Այսպիսով՝ դերասանուհին անցնելով մոսկովյան վիդեոքասթինգը, վերադարձել է Հայաստան ու ծանոթացել սցենարին. «Այնտեղ Հայաստանի նման չէ, որ սցենարը տան, տեղում ծանոթանաս ու նկարահանվես: Ես այժմ կարդում եմ սցենարը, աշխատում եմ դրա վրա: Այստեղ հատուկ մարդ կա, որն ինձ հետ աշխատում է ու ընթացիկ վիդեոներն ուղարկում ենք իրենց: Կերպարի կենսագրությունը, ասելիքը հասկանում ես, նոր մեկնում նկարահանվելու: Հուսամ, որ Հայաստանում էլ մի օր կսկսեն այս կերպ աշխատել»:
Սաթենիկին խնդրեցինք համեմատել հայկական և ռուսական սերիալների հոնորարները, ինչին ի պատասխան նա ասաց. «Մեծ տարբերություն կա, այնտեղ նույնիսկ չկա Հայաստանում ընդունված գումարի սակարկումը: Ես ունեմ իմ «ագենտը», ով ներկայացնում է ինձ՝ որպես դերասանուհի: Այստեղ՝ Հայաստանում, դերասանն է փնտրում ու քասթինգների մասնակցում, իսկ այս դեպքում իմ ներկայացուցիչն է ընտրում ու ներկայացնում ինձ որևէ նախագծի»: Նշենք, որ Սաթենիկը, մինչև Թատերական ինստիտուտ ընդունվելը, ավարտել է ԵՊՀ-ի Ռոմանագերմանական ֆակուլտետը. «Սովորել եմ Թատերական ինստիտուտում՝ Նիկոլայ Ծատուրյանի կուրսում: Նրանից շատ բան եմ սովորել, որովհետև իմ երկրորդ կրթությունն էր, և ամեն ինչ սպունգի պես կլանում էի»:
Թեև, ըստ Սաթենիկի, հայկական և ռուսական շուկաների հոնորարներն անհամեմատելի են, նա շարունակում է նկարահանվել նաև հայկական սերիալներում, ֆիլմերում. «Սա իմն է, ես չեմ կարող ուրանալ այս ամենը: Ես ամուսնացել եմ ռուս ազգի ներկայացուցչի՝ շեֆ-խոհարար Պավել Կուրտեևի հետ, բայց իմ ազգանունը չեմ փոխել: Ես չեմ կարող ուրանալ իմ հայ լինելը, ես այստեղ եմ արել իմ առաջին քայլերը»:
Ըստ դերասանուհու՝ թե՛ սերիալներում, թե՛ ֆիլմերում, թե՛ գովազդներում նկարահանվելու շատ առաջարկներ է ունենում, սակայն դրանք ընդունում կամ մերժում է կախված ռեժիսորից:
Լուսանկարները՝ Արմեն Աղայանի
Քեզ նորանոր հաջողություններ. Արևիկ Իսաջանյան