Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը, ով այժմ նկարահանվում է «Անցյալի ստվերներ» սերիալում, շուտով կներկայանա նաև թատերասեր հանրությանը: Հունիսի 26-ին և 27-ին նա պրեմիերայով հանդես կգա «Առողջ եղեք» ներկայացմամբ` բեմադրված ֆրանսիացի հեղինակ Պիեռ Շենոյի համանուն գործի հիման վրա: ESem.am-ը Սաթենիկի հետ խոսել է  նոր կերպարի մասին ու որոշ բացահայտումներ արել:

 

 

Դերասանուհու փոխանցմամբ` ներկայացման մեջ խաղալու առաջարկն իր սերիալային ամուսնուց` Սամվել Օհանյանից է ստացել, ով էլ բեմադրության պրոդյուսերն է: Սաթենիկն անկեղծորեն նշեց, որ դժվար է համատեղել ամենօրյա նկարահանումներն ու փորձերը, բայց արդեն մեկուկես ամիս է, ինչ  տանում է ֆիզիկական այդ դժվարությունը: «Առաջին անգամ եմ աշխատում ռեժիսոր Արման Միրիջանյանի հետ, թեև որպես դերասան նրա հետ առիթ ունեցել եմ խաղալու Մետրո թատրոնում»,-ասաց Սաթենիկն ու հավելեց, որ ներկայացման գործողությոuնները կատարվում են Ֆրանսիայում:

 

 

Իր կերպարի մասին խոսելիս դերասանուհին նշեց, որ մարմնավորում է երիտասարդ մի աղջկա, ով ամուսնացել է իրենից 60 տարի մեծ ծերուկի հետ: «Ես գումարի համար ամուսնացել եմ այդ ծերուկի հետ, ով շատ շքեղ առանձնատուն, թանկարժեք լուսանկարների հավաքածու ունի»,-պատմեց նա և հավելեց, որ երբ իրեն անհրաժեշտ ամեն բան` մեքենա, հագուստ, ստանում է ծերուկից, նաև սիրեկան է ունենում, ում իր կողքին պահում է ծերուկի գումարներով:

 

 

Սաթենիկի խոսքով` ներկայացման մեջ ամենաերիտասարդն ինքն է, իսկ խաղընկերները ծերուկի դուստրը, փեսան, բժիշկն ու աղախինն են: «Միայն աղախինն է, ով անշահախնդիր ծառայում է նրան, խնամում ու հարգում. շատ բարի ու մեծահոգի կին է»,-ավելացրեց դերասանուհին և նշեց, որ «Եղեք առողջ» վերնագիրը յուրաքանչյուրն իր համար կբացահայտի ներկայացումից հետո:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը