Ամերիկյան Օհայո նահանգի վիրաբույժը կատարել է առաջին վիրահատությունը, որի ժամանակ նրան օգնել է Google Glass-ը: Սարքի միջոցով բժիշկը ոչ միայն կարողանում էր իր գործողությունները հեռարձակել համացանցով, այլ նաև նա խորհրդակցել է իր գործընկերների հետ, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Այս ոլորտում առաջնեկը բժիշկ Քրիստոֆեր Կեդինգն էր, ով Օհայո նահանգի սպորտային բժշկության գլխավոր մասնագետն է: Ըստ բժշկի, նա վիրահատության ժամանակ նույնիսկ մոռանում էր, որ աչքերին հավելյալ սարք կա ամրացված: Օհայո համալսարանի բժիշկ-ուսանողները կարող էին հետևել, թե ինչպես է նա վիրահատում 47-ամյա կնոջ ծնկի հյուսվածքները: Կեդինգին օգնում էին նաև նրա գործընկերները, ովքեր տեսնում էին հեռարձակումը իրենց գրասենյակներում:
Սարքի օգտագործումը բժշկության մեջ հեղափոխական կարող է լինել: Ըստ մասնագետների, Google Glass-ը մեծ հնարավորություններ է տալիս բժիշկներին՝ նրանք ձայնային հրահանգների միջոցով կարող են Google Glass-ի էկրանին տեսնել իրենց հիվանդների ռենտգենային լուսանկարները կամ նրանց հիվանդության պատմությունը: Ակնոցները անփոխարինելի են, երբ անհրաժեշտ է խորհրդակցել գործընկերների հետ, որովհետև դա հնարավոր է անել առցանց: