Եթե դուք սիրում եք Versace բրենդը և վաղուց ցանկանում եք լինել Մակաոյում, ապա այժմ դուք ունեք դա իրականացնելու բոլոր հիմքերը։ Հայտնի ապրանքանիշը պատրաստվում է իր սեփական հյուրանոցը բացել ազարտային խաղերի ասիական մայրաքաղաքում։

Style.rbc.ru-ն ներկայացնում է տարբեր հայտնի նորաձևության տների նմանատիպ փորձերը.

 

Versace

Առաջին Versace հյուրանոցն իր դռներն է բացել 2000-ին։ Այստեղ են հանգստացել Փերիս Հիլթոնը, Բեյոնսեն, U2 և The Rolling Stones խմբերի երաժիշտները։ Palazzo Versace Australia-ն հայտնի է նաև ընտանի կենդանիների համար իր շքեղ համարներով։ Նորաձևության բրենդի ևս մեկ հյուրանոցի բացում՝ Palazzo Versace Dubai, սպասվում է հաջորդ տարի։ Ինչ վերաբերում է Մակաոյին, ապա 5-աստղանի Palazzo Versace հյուրանոցը կկառուցվի Կոտայ Սթրիփ թաղամասում։ Ենթադրվում է, որ հյուրանոցը կսկսի գործել 2015թ., այն կունենա 2.000 համար և 700 խաղասեղան։

Armani

Իտալական նորաձևության «կնքահայրերից» մեկը՝ Ջորջո Արմանին, նույնպես հետաքրքրական է համարել սեփական հյուրանոցներ ունենալու գաղափարը։ 2010-ին Դուբայում իր դռներն է բացել Armani Hotel-ը, որը գտնվում է հայտնի Բուրջ Խալիֆա աշտարակում։ Արմանին անձամբ է մասնակցել ինտերիերների դիզայնի մշակմանը և բացման արարողությանը։ Իսկ մեկ տարի անց նա իր հայրենի Միլան քաղաքում բացել է 2-րդ հյուրանոցը։ Այն գտնվում է 1937թ. նախագծված շենքում՝ անմիջապես Emporio Armani խանութի վերևում։

Bvlgari

Bvlgari բրենդի առաջին հյուրանոցը բացվել է Միլանում, 2004-ին։ Ինտերիերի ձևավորման մեջ օգտագործվել է սև մարմար Զիմբաբվեից, իսկ այգին զբաղեցնում է 4.000 քմ տարածք։ Երկու տարի անց իր դռներն է բացել Բալիի Bvlgari հյուրանոցը։ Բրենդը հյուրանոց ունի նաև Լոնդոնում և պատրաստվում է ևս մեկը բացել Շանհայում, 2015-ին։

Missoni

Իտալական Missoni նորաձևության տունն իր առաջին հյուրանոցը բացել է 2009-ին, Շոտլանդիայի Էդինբուգ քաղաքում։ Հյուրանոցն ունի 136 համար։ Մեկ տարի անց բացվել է Hotel Missoni Kuwait հյուրանոցը՝ 169 համարով։

 

Moschino

Moschino նորաձևության տան հյուրանոցային բիզնեսը բավական համեստ է՝ ընդամենը մեկ հյուրանոց Միլանում։ Maison Moschino-ն տեղակայված է մի շինությունում, որտեղ ժամանակին եղել է քաղաքի առաջին երկաթուղային կայարանը։ Հյուրանոցում կա 65 համար՝ խոսուն անվանումներով՝ Alice’s Room, Sweet Room, Life is a Bed of Roses։