Միջատների շատ տեսակների և սարդակերպերի արուները, ինչպես նկատել են գիտնականները, շատ դեպքերում բեղմնավորման ժամանակ սխալվում են և փորձում հարաբերվել իրենց սեռի ներկայացուցիչների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ Behavioral Ecology and Sociobiology ամսագրում տպագրված հոդվածի հիման վրա:
Թել Ավիվի համալսարանի գիտնականները մի քանի հարյուր հետազոտությունների հիման վրա, որոնք վերաբերում են 110 տեսակների, եկել են եզրակացության, որ միջատները սխալմամբ են «միասեռական» դառնում:
Ընդ որում՝ ավելի հաճախ սխալվում են արուները, քան էգերը: Շատ դեպքերում արուները պոտենցիալ զուգընկերոջ սեռը որոշում են այնպիսի անկայուն չափանիշներով, ինչպիսիք են մարմնի չափերը կամ ակտիվությունը: Նրանց շփոթեցնում են տեղանքում կամ արուի վրա էգերի թողած ֆերոմոնները:
Հետաքրքրական է, որ էգին բնորոշ պահվածք կարող են դրսևորել նաև արուները՝ իրենց հերթին «սադրելով» մյուս արուներին: Հնարավոր է դա մյուս արուների ագրեսիայից խուսափելու միջոց է: Իսկ դրա նպատակը «միասեռական» արուներին էգերից շեղելը կամ սնունդ գողանալը կարող է լինել: