Մարդիկ լինում են հաջողակ և միջակ: Հաջողակ մարդկանց մասին միշտ շատ է խոսվում: Նրանք հաճախ հասնում են փառքի և ճանաչման: Այս հոդվածում մենք անդրադարձել ենք միջակ մարդկանց առանձնահատկություններին:

1. Միջակությունները կյանքի չեն կոչում իրենց գաղափարները
Երբ էլ լսում եք ինչ-որ զիլ նորամուծության մասին, հայտնվում է մեկը, ով ասում է, թե ինքը դեռ վաղուց էր հղացել այդ գաղափարը: Այֆո՞ն: Ես կարող էի ստեղծել այն: Ամազո՞ն /Amazon (գրքերի առցանց առքուվաճառքի կայք): Ես առցանց առևտրի մասին խոսում էի դեռևս նախքան այն գոյություն ուներ: Այս կերպ են միջակություններն արձագանքում նորամուծություններին: Մենք բոլորս էլ միլիոնավոր գաղափարներ ունենք: Սակայն անհատն է, որ իրագործում է գաղափարը և փառքի հասնում: Ու՞մ հոգն է, թե դուք ինչ կարող էիք արած լինել, եթե ժամանակին ճիշտ որոշում կայացնեիք: Հաջողության են հասնում այն մարդիկ, ովքեր պատրաստակամ են երկար ժամանակ մագլցել քարքարոտ ճանապարհով դեպի բարձունքը: Տքնաջան աշխատեք ձեր գաղափարներն իրագործելու համար, և այդ ժամանակ հարկ չի լինի, որ ինձ պատմեք ձեր հայտնագործությունների մասին: Եթե դրանք ընդունվեն մարդկության կողմից և ճանաչում ստանան, ես դրանց մասին կտեղեկանամ ուրիշներից:
2. Միջակությունները ժամանակ են վատնում
Ես շատ եմ աշխատում, սակայն ես սիրում եմ իմ աշխատանքը: Ես գրեթե միշտ փորձում եմ նպաստել իմ գործի առաջխաղացմանը: Այս աշխատանքային էթիկան բնորոշ է իմ շրջապատի բոլոր հաջողակ մարդկանց: Ես իհարկե կարող եմ հանդիպել և ճաշել իմ մտերիմների հետ, սակայն մենք չենք կարող շատ ժամանակ տրամադրել այս հանդիպումներին. մենք պարզապես շատ զբաղված ենք դրա համար: Միջակությունները չեն կարողանում առաջնահերթություններ սահմանել իրենց համար և ճիշտ բաշխել ժամանակը: Նրանք միշտ էլ աշխատանքից դուրս գալու պատրվակներ են գտնում:
Իրականում կախարդական փայտիկ չկա: Եթե դուք ջանք ու եռանդ չեք ներդնում ձեր երազանքներն իրագործելու համար, դրանք երազանք էլ կմնան: Ձեզ միշտ էլ կհանդիպեն մարդիկ, ովքեր կցանկանան վատնել ձեր ժամանակը: Օրը բաղկացած է միայն 24 ժամից, և դուք եք որոշում, թե ինչպես օգտագործել այդ ժամանակը: Ինչ էլ որ լինեք մասնագիտությամբ, մշտական խնջույքները չեն կարող շահեկան լինել ձեզ համար: Աշխատանքն ու հանգիստը չպետք է խանգարեն իրար:
3. Միջակությունները սնանկ են լինում
Եթե մի երկու տարի սնանկ եք և անգամ այդ ժամանակ ջանք չեք խնայում ձեր նպատակն իրագործելու համար, դուք մի օր հաջողության կհասնեք: Եթե ավելի երկար ժամանակ եք սնանկ, դուք միջակ մարդ եք: Ժամանակն է, որ սկսեք խնայել գումարը: Մի ծախսեք ավելին, քան կարող եք ձեզ թույլ տալ: Երբ ձեզ մոտ կգոյանան բավականաչափ խնայողություններ, մարեք կուտակված պարտքերը: Դադարեցրեք դրսում սնվելը: Երբ ձեր ընկերները ձեզ հրավիրում են միասին ինչ-որ տեղ գնալու, անկեղծորեն խոստովանեք ձեր ֆինանսական դժվարությունները: Դուք ոչ մեկի հաշվետու չեք, թե որքան գումար եք խնայել: Մի վատնեք ձեր գումարը: Ներդրեք այն որևէ գործի մեջ:

4. Միջակություններն ավելի շատ խոսում են, քան գործում
Մարդիկ հաճախ խոսում են ինչ-որ գրքի մասին, որ պլանավորում են գրել, սակայն ձեզ այդպես էլ բախտ չի վիճակվում կարդալ այդ գիրքը: Նրանք նաև պատմում են, թե որքան հետաքրքիր է անցնում իրենց կյանքը: Այս տիպի մարդիկ ողջ կյանքում ձեռքերը ծալած նստում են' սպասելով, թե ինչ-որ մեկը կբացահայտի նրանց բոլոր քանքարները, ինչից հետո իրենք փառքի կհասնեն: Նրանք կարծում են, թե իրենց ծանոթներին պատմելով, թե իրենք արդեն իսկ հաջողակ են, կարող են իրենց երազանքների մարդը դառնալ: Մինչդեռ իրականում նրանք այդպես էլ երբեք չեն հասնում իրենց նպատակներին և չեն օգտագործում իրենց կարողությունները:
5. Միջակությունները կենտրոնանում են անցյալի վրա
Մեզնից շատերը բարդ ու ծանր անցյալ ունեն: Մի կարծեք, թե միայն դուք եք խաբվում, նեղվում և վիրավորվում: Կյանքում ամեն ինչ էլ պատահում է: Մենք բոլորս էլ տարբեր ապրումներ ենք ունենում մեր կյանքի ընթացքում: Դուք մենակ չեք. մենք բոլորս էլ տառապում ենք: Միջակությունները չափից շատ են կենտրոնանում իրենց անցյալի վրա: Ես իհարկե չեմ ասում, թե մենք պիտի ռոբոտներ լինենք և մի կողմ դնենք մեր զգացմունքներն ու անցյալի հիշողությունները: Սակայն կարոտելով ձեր մանկությունը' դուք այն չեք վերադարձնի: Ժամանակը հետ չեք բերի: Ձեզ միայն մի կյանք է տրված: Ապրեք ներկայո՛վ:
6. Միջակությունները վիճակախաղում շահելու հույսով են ապրում
Նրանք մտածում են, որ մի օր կհաղթեն վիճակախաղում, և նրանց կյանքի բոլոր խնդիրները կլուծվեն: Նրանց թվում է, թե իրենց դժբախտության միակ պատճառը փողն է: Միջակ մարդիկ հավատացած են, որ երբ վիճակախաղում գումար շահեն, դա նրանց հնարավորություն կտա իրականացնել իրենց բոլոր ծրագրերը, ավարտին հասցնել այն ամենը, ինչ ալարում են անել ներկա պահին: Պետք է հույսը դնել ոչ թե խոշոր շահումի, այլ ժրաջանության վրա: Ծրագրեր կազմելը հիանալի զբաղմունք է, սակայն ծրագրերն իրականացնելու համար պետք է գործել: Ես ինքս երբեք չեմ շահել վիճակախաղում: Ես տքնաջան աշխատանքով եմ հասել ամեն ինչի և անգամ հիմա, երբ ինչ-որ չափով կայացել եմ, ունեմ բազում չիրականացված երազանքներ: Այնուամենայնիվ, ես գոհ եմ իմ կյանքից: Ես համբերատար սպասել եմ, համառորեն պայքարել և մեծ ռեսուրսներ ներդրել հաջողությունների հասնելու համար: Հաճախ ստիպված եմ եղել հաշտվել այնպիսի բաների հետ, որոնք իմ սրտով չէին: Ձեզ նույնպես խորհուրդ կտայի հույսը դնել սեփական ուժերի, այլ ոչ թե ինչ-որ վիճակախաղի վրա:

7. Միջակությունները դժվարությամբ են գտնում իրենց խնդիրների լուծումը
Ձեր խննդիրներն այնքան սարսափելի չեն, որքան որ դուք եք մտածում: Չարժե, որ դուք հալումաշ լինեք դրանց պատճառով: Եթե ձեզ հետ պատահած դժբախտ դեպքը չի հեռարձակվում լուրերով, դա նրանից է, որ ձեր խնդրով տառապում են շատ այլ մարդիկ: Եթե դժվար իրավիճակում եք և չգիտեք, թե ինչ որոշում կայացնել, ապա դիմեք ձեր մտերիմներին: Խորհրդակցեք նրանց հետ, կիսվեք ձեր խնդիրներով: Նրանք գուցե տեսնեն մի ելք, որի մասին դուք չեք մտածել: Վատագույն դեպքում դուք կհասկանաք, որ նրանց վստահել չի կարելի, և կփոխեք ձեր շրջապատը: Բոլոր դեպքերում դուք դաս կքաղեք այդ փորձառությունից:
8. Միջակություններն անպատասխանատու են
Մենք ինքներս ենք պատասխանատու մեր կյանքի համար: Հաջողակ մարդիկ գիտակցում են այս փաստը և իրենց ժամանակի մի զգալի մասը ծախսում են աշխատանքի վրա: Միջակ մարդիկ հեռուստացույց են դիտում, ժամերով մեխվում համակարգչի առաջ ու հետո էլ զարմանում, թե այդ ինչպես է, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվում: Դուք կարող եք ձեր անհաջողությունները վերագրել ձեր ռասային, տարիքին և անբախտությանը: Սակայն պետք չէ բարդել ձեր անհաջողությունները կողմնակի բաների վրա: Անձրևը թափվում է բոլորի գլխին: Դուք եք որոշում վազել, կանգնել անձրևի տակ, թե անձրևանոց պահել:
9. Միջակ մարդիկ անավարտ նախագծեր ունեն
Միջակ մարդը միշտ ինչ-որ նոր բան է նախաձեռնում և սկսում է ուսումնասիրել այն մինչև այն պահը, երբ բախվում է դժվարությունների: Առաջին իսկ դժվարության դեպքում միջակ մարդը սկսում է հապաղել և ձգձգել հաջորդ քայլերը: Պետք է կա՛մ ավարտին հասցնել սկսած նախագիծը, կա՛մ ամբողջովին մոռանալ դրա մասին: Օրինակ' եթե որոշել էիք երաժշտական խումբ հիմնադրել, սակայն ջութակն առնելուց բացի ոչ մի քայլ չեք արել այդ ուղղությամբ, վաճառեք ջութակը կամ էլ գնեք այլ երաժշտական գործիքներ, երաժիշտներ գտեք ձեր խմբի համար, սկսեք փորձերը: Մի ձգձգեք ամեն ինչ, մի հետաձգեք պլանավորած քայլերը:
10. Միջակությունները միջակ կյանքն են ընտրում
Կյանքն այնքան արագ է թռչում: Եթե ձեր առօրյան հետաքրքիր չի անցնում, եթե հոգնել եք հեռուստացույցի կամ համակարգչի առաջ ժամեր շարունակ նստած մնալուց, եթե այլևս չեք ուզում մխիթարվել ձեր անցյալի նվաճումներով, ապա ժամանակն է, որ փոխեք ձեր կենսակերպը: Մի վախեցեք կտրուկ որոշումներ կայացնելուց: Դուք չեք ուզում չէ՞ ապրել միջակ կյանքով: Անցած տարիները հետ չեք բերի: Այնպես որ, կտրվեք ձեր միապաղաղ առօրյայից: Որոշումը ձերն է. դուք կարող եք փոխել ձեր ճակատագիրը:

 

 

Աղբյուրը՝ Ավելին քան փաստեր