Ժողովրդական երգեր կատարող երգչուհի Գոհար Հովհաննիսյանի խոսքերով' իրենց փոքրիկի' Հարությունի ծննդյան առաջին տարեդարձին նշել են նաև նրա կնունքն ու ատամհատիկը: «2012-ի սեպտեմբերի 30-ին փոքրիկս դարձավ մեկ տարեկան: Այդ օրը որոշեցինք նաև նրա կնունքն ու ատամհատիկն անել: Հարությունին մկրտեցինք Սուրբ Հարություն եկեղեցում, որից հետո մյուս արարողությունները նշեցինք: Կյանքում իմ ծննդյան տոնին այդպես չէի պատրաստվել»,- նշեց երգչուհին և հավելեց, որ ռեստորաններից մեկում տեղի ունեցած արարողությանը եղել են նաև փոքրիկներ, որոնց համար մեկ ժամանոց մանկական շոու ծրագիր էին կազմակերպել' հրավիրելով «Մաշան և արջը» մուլտֆիլմի հերոսներին:
Երգչուհին նշեց, որ փոքրիկի համար երեք տորթ էին պատվիրել. մեկն ատամհատիկի համար, մեկը' ծննդյան, մյուսն էլ' կնունքի: «Ասեմ, որ ատամհատիկի արարողության ժամանակ տղաս արքայազնի հագուստով էր, իսկ իմ ընկերուհու աղջիկը' արքայադստեր: Հետաքրքիրն այն էր, որ երեխայի գլխին քաղցրավենիք լցնելիս նրանք միասին էին և կարծես փոքրիկների հարսանիք լիներ»,- ասաց Գոհարն, ով երեխայի ատամհատիկին նրա շուրջը տարբեր իրեր դնելու փոխարեն թղթիկների վրա էր գրել մասնագիտություններն ու դրանք տեղադրել փոքրիկ փուչիկների մեջ. փոքրիկ Հարությունն ընտրել է դերասանի մասնագիտությունը:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը