ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի 38-ամյա բնակչուհի Էյվին Դուգասն իր արտառոց սանրվածքի շնորհիվ գրանցվել է հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում։ Ինչպես նշում է Oddity Central-ը, սոցիալական աշխատողն ունի աշխարհում ամենամեծ աֆրո սանրվածքը, որի շրջագիծը ո՛չ ավել, ո՛չ պակաս 1.32 մ է։
Նման տպավորիչ արդյունքի հասնելու համար կնոջից պահանջվել է 14 տարի։ Ամերիկուհին պատմել է, որ շատ հաճախ հսկայական մազերը խնդիրների պատճառ են դառնում, սակայն ամեն դեպքում ինքն իր աֆրոյով շատ է հպարտանում։ Օրինակ' մազերը խանգարում են կնոջը մեքենա վարելու ժամանակ նայել հայելիներին, հաճախ դրանք խճճվում են ծառերի ճյուղերի մեջ, իսկ անցորդներն էլ, հետաքրքրությունից դրդված, անընդհատ ձեռք են տալիս աֆրոյին՝ պարզելու համար բնական են մազերը, թե ոչ։
Իսկ ինչ վերաբերում է մազերը լվալուն ու չորացնելուն, ապա դա ամենամեծ գլխացավանքն է։ Էյվինը ստիպված է լինում ինչ-որ մեկի օգնությամբ միանգամից 5 վարսահարդարիչ միացնել, իսկ մազերն ամբողջովին չորանում են միայն 2 օր անց։