Apple-ը պատրաստվում է թողարկել իր iPhone-ի հաջորդ մոդելը՝ iPhone 5S-ը մինչ տարեվերջ: Այնուամենայնիվ, ապրանքանիշի սիրահարները սարքավորման արտաքին տեսքում լուրջ փոփոխություններ չեն ակնկալում, գրում է Business Insider-ը:
Սակայն Apple-ն ի զորու է այս տարի լիովին վերափոխված iPhone 6 թողարկել, գրում է աղբյուրը և նշում, որ ամերիկացի դիզայներ և նկարիչ Ջոնի Փլեյդը սարքի արտաքին տեսքի իր իսկ հեղափոխական տարբերակն է առաջարկում՝ չսպասելով ընկերության մասնագետների մտահղացումներին:
Դիզայների առաջարկած տարբերակում վճռական փոփոխություններ են նախատեսվում: Նախընտրելի է, որ այն ունենա «edge-to-edge» էկրան՝ կողային շրջանակն իսպառ բացակայի: Ըստ այդմ, սմարթֆոնը կունենա իր նախորդի՝ 5-րդ սերնդի iPhone-ի չափերը, սակայն՝ զգալիորեն ավելի լայն և երկար էկրան: Ըստ դիզայների մտահղացման, այն պետք է նաև ավելի բարակ լինի, միագույն՝ ամբողջությամբ սև կամ սպիտակ և թողարկվի 2 տեսակով՝ սովորական և մինի: Ինչ վերաբերում է էկրանին, ապա Apple-ի սիրահարը սարքում ցանկանում է տեսնել նորագույն՝ գերբարձր որակի Retina 2 էկրան: