Այսօր «Ամենից ամենա» հաղորդման հեղինակ և վարող Լիանա Տեր-Մինասյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ էլ նա դեռևս գիշերվանից բազմաթիվ շնորհավորական զանգեր, հաղորդագրություններ է ստացել:
«Կեսգիշերին ֆեյսբուքում էի, շնորհավորական նամակ ստացա «Կարգին սերիալի» սցենարիստներից մեկից՝ Խորեն Թևանյանից ու հասկացա, որ ծնունդս սկսվել է :) դրանից հետո էլ մի շարք զանգեր ու հաղորդագրություններ, լիքը բարեմաղթանքներ ստացա: Առավոտյան հայրս հիանալի անակնկալ էր պատրաստել. Արթնացա, տեսա՝ ծաղիկներ ու նվերի տուփ է դրել կողքիս»,- ասաց Լիանան ու նշեց, որ հայրը ոսկյա զարդ է նվիրել:
Հաղորդավարուհու անակնկալները, սակայն, այդքանով չեն ավարտվել. գեղեցկության սրահում էլ առավոտյան տոնական տրամադրությամբ են նրան դիմավորել. վարսահարդարն էլ, ով երկար ժամանակ համագործակցում է հաղորդավարուհու հետ, գեղեցիկ աքսեսուար է նվիրել:
esyes.am-ի հետ զրույցի ժամանակ հոբելյարը հեռուստաընկերությունում էր և աշխատանքային ընկերների հետ նշում էր ծննդյան տոնը:
«Այժմ աշխատավայրում եմ, այստեղ էլ կոլեգաներս իմ ու մեր տնօրենի՝ Վահագն Խաչատրյանի համար (այսօր նրա ծննդյան օրն էլ է) տորթ էին առել, ու հիմա միասին տորթ ենք ուտում»- ավելացրեց հաղորդավարուհին:
Քրոջ՝ ռադիոհաղորդավարուհի Լարա Վեբերի պատրաստած անակնկալի մասին Լիանան չցանկացավ շատ բան ասել, միայն նկատեց, որ կտեսնի օգոստոսի 1-ին:
Այսօր երեկոյան էլ Լիանան իր ընտանիքի, բարեկամների և հայրիկի ընկերների հետ ծննդյան խնջույքը կշարունակի Դիլիջանում:
esyes.am-ը շնորհավորում է հաղորդավարուհուն և «ամենից ամենա» մեծ սեր ու հաջողություններ մաղթում:
Շնորհավորում եմ. Մերի Պողոսյան