Ունենալ գեղեցիկ խոպոպներ կամ ալիքվող վարսեր կանայք ցանկանում են շատ հաճախ, բայց ամեն անգամ չէ, որ ստացվում է գնալ գեղեցկության սրահ:

Գեղեցիկ խոպոպիկներ կարելի է ստանալ նաեւ տանը' ձեռքի տակ ունենալով մազերի արդուկ, վարսափաթաթուկներ (բիգուդի), լաք, և, իհարկե, մազերը տաքությունից պաշտպանող քսուք:

Անշուշտ, եթե տանն եք և դեռ ժամանակ ունեք մինչև դուրս գալը, առավել նպատակահարմար է մազերը փաթաթել բիգուդիով, որն անվնաս տարբերակ է մազերի համար: Հատկապես, որ այսօր խանութներում կարելի է գտնել բիգուդիների լայն ընտրանի' տարբեր էֆեկտներ ստանալու համար: Օրինակ՝ ճկուն բիգուդիներով կարելի է մազերը փաթաթել անգամ գիշերը, քանի որ դրանք փափուկ են ու չեն ցավեցնում գլուխը: Ճկուն բիգուդիները պտտվում են այնպես, ինչպես կամենում եք ու փաթաթելուց հետո դրանք կարելի է պարզապես կապ գցել, իսկ փաթաթելու համար անգամ լաք պետք չէ: Կարելի է պարզապես թեթևակի խոնավեցնել վարսերը:

Պարույրանման վարսեր ստանալու համար պետք է ընդամենն ունենալ «ոսկե գանգուրներ» բիգուդի: Դրանք պարույրանման ցանցեր են, որոնք մազերին հաղորդում են համապատասխան տեսք:

Սովորական կլոր, մազմզուկներով բիգուդիները ամենավտանգավորն են համարվում, քանի որ դրանց մազմզուկները փչացնում են մազերը: Օգտագործել դրանք հիվանդ մազերի դեպքում ընդհանրապես չի կարելի:

Ինչ վերաբերում է բիգուդիների չափսին, ապա ամեն ինչ կախված է մազերի որակից: Բարակ մազերի վրա մեծ բիգուդին պարզապես որևէ էֆեկտ չի թողնի, իսկ հաստ մազերի վրա անիմաստ է կիրառել փոքրիկ բիգուդիներ:
Հիշեք' որքան ավելի երկար են մազերը, այնքան ավելի բարակ շերտ է պետք վերցնել փաթաթման համար:

Եթե ժամանակ չունեք մազերը փաթաթելու համար, շտապում եք, ակնհայտ է, որ պիտի դիմեք վարսերի արդուկի կամ շիպցիի օգնությանը: Սրանք միջոցներ են, որոնք, իհարկե, շատ փարթամ ու գեղեցիկ կդարձնեն Ձեր մազերը, բայց մի շտապեք գայթակղվել և ամեն օր դիմել այս մեթոդին, քանի որ արդյունքում կունենաք ճյուղավորված, անփայլ, ծղոտանման մազեր: Այս մեթոդներից օգտվեք միայն երբեմն' ամիսը 2-3 անգամից ոչ ավել, իսկ օգտվելուց առաջ էլ մի մոռացեք մազերին պաշտպանիչ քսուք քսել: