Իտալական ասացվածքը զգուշացնում է. «Եթե կինը լռում է 10 րոպե շարունակ, ապա ստուգեք նրա զարկերակը»: Ի՛նչ խոսք, խոսելը մեր մենաշնորհն է, և մենք ընդունում ենք դա, սակայն եկեք այսօր լսենք տղամարդկանց. նրանք ինչ-որ բան են ցանկանում մեզ ասել:

1. Մենք պաշտում ենք կոմպլիմենտներ լսել։
Տղամարդիկ էլ հավանության արժանանալու կարիք ունեն: Մենք էլ ենք ցանկանում լսել, որ լավ տեսք ունենք, որ նոր սանրվածքը կամ վերնաշապիկը մեզ սազում է. չէ՞ որ դուք ձեզ հրաշալի եք զգում, երբ կոմպլիմենտներ եք լսում. այդպես ենք նաև մենք' տղամարդիկ:
Արեգ, 25 տ.

2. Մենք չենք կարող կարդալ ձեր մտքերը։
Երբ դուք որևէ խնդիր ունեք և ցանկանում եք մեզանից ստանալ համապատասխան աջակցություն, ապա ուղղակիորեն ասեք այդ մասին. չէ՞ որ մենք չգիտենք' ինչ եք դուք մտածում կամ որն է ձեր վատ տրամադրության պատճառը:
Հարություն, 28 տ.

3. Մեզ չեն հետաքրքրում միայն կուրծքն ու հետույքը։
Ամեն տղամարդու դուր է գալիս կնոջ մարմնի մի հատված, և դա բնավ էլ այն հատվածները չեն, որոնք հիմա անցան ձեր մտքով: Ինձ, օրինակ, կարող են գրավել կնոջ վարսերը կամ պարանոցը:
Տիգրան, 23 տ.

4. Մենք սիրում ենք հետևել ձեր քայլվածքին։
Այն, ինչ առաջին հայացքից գրավում է տղամարդու ուշադրությունը և սևեռում նրա հայացքը ձեզ վրա... ձեր քայլվածքն է: Երբ կինը հարմարավետ է շարժվում այն հագուստի մեջ, որը կրում է, դա ինքնավստահություն է ճառագում և ձգում դեպի ձեզ:
Դավիթ, 20 տ.

5. Մեզ դուր է գալիս «գլխիվայր» ստրիպտիզը։
Հետևել, թե ինչպես է կինը հագնվում. սա աշխարհի ամենասեքսուալ տեսարանն է: Ձեր հագուստն այնքան է տարբերվում մեր հագուստից, և դա այնքան է շեշտում ձեր կանացիությունը, որ մենք պարզապես խենթանում ենք:
Կարեն, 32 տ.

6. Մենք սիրում ենք, երբ դուք անկեղծ եք։
Տղամարդիկ շատ լավ են զգում, երբ եք դուք անկեղծ և հակառակը' երբ եք «խաղում». այնպես որ, եղեք բնական, այնպիսին, ինչպիսին իրականում կաք: Այդպես ավելի լավ կդրսևորվի ձեր խելքը, հումորը և նրբագեղությունը:
Ֆելիքս, 29 տ.

7. Մեզ դուր են գալիս զվարճալի աղջիկները։
Տղամարդիկ ատում են վեճերն ու տհաճ իրադրությունները: Սա նշանակում է, որ մենք պաշտում ենք այն կանանց, ովքեր կարողանում են հումորով և թեթևությամբ վերաբերվել նման դեպքերին:
Սարգիս, 30 տ.

8. Մենք սիրում ենք նաև հայացքով։
Ձեզ կրքոտ հայացքներ սևեռելը գուցե պարկեշտ չէ, սակայն ժամանակ առ ժամանակ մենք չենք դիմանում: Վատ մի՛ զգացեք դրանից... բնական է, որ մենք ցանկանում ենք ձեզ:
Գևորգ, 28 տ.

9. Մեր ինքնագնահատականը կախված է ձեզանից։
Այդ միայն թվում է, թե մենք չափազանց ուժեղ ենք ու անկախ: Իրականում ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է: Դուք կարող եք մեզ մեծ ինքնավստահություն ներշնչել կամ, հակառակը, ազդել մեր ինքնագնահատականի վրա:
Գարիկ, 27 տ.

10. Եթե 5 րոպեն մեկ չեմ զանգահարում, դա չի նշանակում, թե չեմ սիրում։
Տղամարդիկ, ի տարբերություն ձեզ, այնքան էլ չեն սիրում հեռախոսով խոսել կամ հաղորդագրություններ գրել։ Ուստի պետք չէ նեղսրտել, եթե հաճախակի չեմ զանգահարում կամ հաղորդագրություններ չեմ ուղարկում. միշտ չէ, որ կարող ես դա հասցնել լարված աշխատանքային օրվա պայմաններում:
Բագրատ, 24 տ.