Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Եվ այն մտքից, որ Իվանը նույնպես վատ է, Սիդորի վիճակն անսպասելի լավանում է»։ Ճիշտ է նաև հակառակը. այն, որ ինչ-որ մեկը հաջողակ է՝ առանց որևէ ջանք ներդնելու, կարող է փչացնել ցանկացած մարդու տրամադրությունը։ Սակայն վերջին տարիների հետազոտություններն ապացուցում են՝ ոչ թե ցանկացած մարդու, այլ միայն տարեցներինը։ Երիտասարդ սերնդի համար տեղեկությունն այն մասին, որ իրենց հասակակիցը կարող է միլիոն վաստակել, լավ լուր է, գրում է Tert.am-ը՝ հղում տալով vestifinance.ru-ին։
Վերջին հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ այս հարցում ամեն ինչ միանշանակ չէ։ Պրոֆեսոր Մայքլ Նոլանի և նրա գործընկերների խոսքով՝ հասակակիցների բարձր եկամուտն իսկապես կարող է նվազեցնել կյանքից բավարարվածության զգացողությունը, սակայն միայն 45-ն անց մարդկանց մոտ։
Երիտասարդների մոտ հասակակիցների ավելի բարձր եկամուտն ասոցացվում է դրական հույզերի հետ, գրում է Business Insider-ը։ Ընկալման տարբերությունը բացատրվում է այսպես կոչված՝ «թունելային էֆեկտով». երիտասարդի համար մեկ ուրիշի բարձր եկամուտն ուղենիշ է և օրինակ իր ապագա կյանքի համար։ Տարեց մարդու համար ինչ-որ մեկի նյութական հաջողությունը հիշեցնում է բաց թողած հնարավորությունների մասին։
Երիտասարդները հեռանում են փոքր քաղաքներից, որտեղ բնակչության մեծամասնությունն ունեն մոտավորապես միևնույն եկամուտը, դեպի ոչ հավասար եկամտով քաղաքներ, օրինակ՝ Լոնդոն։