Ծագող արևի երկրում կրկին զարմացնում են տարօրինակ գյուտերով. ճապոնացիներն այս անգամ ստեղծել են «Tailly» անվանումը կրող արհեստական պոչը, որն իսկական պոչի տեսք ունի ու շարժվում է իսկական պոչի պես:
Այն կցվում է, օրինակ, տաբատի գոտուն: Ներկառուցված սենսորներն արձագանքում են սրտի արագ կամ դանդաղ աշխատանքին, ու, համապատասխանաբար, արհեստական պոչն արագ կամ դանդաղ շարժվում է: Եթե արհեստական պոչի սեփականատերը հանգիստ է, ապա պոչն անշարժ է, բայց ուրախության, հուզմունքի, անգամ զայրույթի դեպքում այդ փափուկ աքսեսուարը սկսում է շարժվել:
"Tailly"-ի ստեղծողները մտածում են այն արտադրել մի քանի գույներով' սև, սպիտակ, շագանակագույն և մոխրագույն: Դա հնարավորություն կտա աքսեսուարն ընտրել հագուստի կամ աչքերի գույնին համապատասխան:
Արհեստական պոչը հարմար չէ այն մարդկանց համար, ովքեր ուզում են թաքցնել իրենց զգացմունքները, բայց ամաչկոտ մարդկանց համար այն կարող է օգտակար լինել: Նրանք, ովքեր վախենում են խոսել իրենց զգացմունքների մասին, կարող են դրանք արտահայտել առանց բառերի' «պոչի» մեկ շարժումով: