Օքսֆորդի համալսարանի գիտնականները փաստում են, որ ուտելիքի համը կարող է փոփոխվել՝ կախված սպասքի պարագաների ձևից, գույնից և քաշից, գրում է Tert.am-ը` հղում տալով Russia Today-ին:

Գիտնականների կողմից կատարված փորձի ժամանակ կամավորներին մրգային յոգուրտ են հյուրասիրել: Փորձի մասնակիցները տարբեր գնահատականներ են տվել յոգուրտի համին՝ կախված այն հանգամանքից, թե ինչ սպասքով են այն մատուցել: Մեծամասնության մոտ տպավորվել է պլաստիկ սպիտակ գդալով մատուցված յոգուրտը, որն ավելի «հարուստ և խիտ» է եղել:

Գիտնականները եզրակացնում են, որ սննդի համի և այն ընդունելուց հետո հագեցվածության զգացողության վրա ազդում են մասնավորապես մատուցվող ափսեի չափսն ու գույնը: Մասնագետները ենթադրում են, որ տվյալ հետազոտության արդյունքները թույլ կտան նոր՝ ավելի արդյունավետ դիետաներ մշակել: