Թուրքահայ երգչուհի Սիբիլի համանուն՝ «Սիբիլ» ձայնասկավառակի շնորհանդեսի մասին esyes.am-ն իր ընթերցողներին տեղեկացնելու առիթ ունեցել է:
Երգչուհին դեռ այն ժամանակ հայտարարել էր, որ դրա վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցելու է երևանյան մանկապարտեզներից մեկին:
Եվ ահա, հավատարիմ մնալով իր խոստմանը, այսօր երգչուհին այցելել է Երևանի թիվ 101 մանկապարտեզ և հանձնել գումարը՝ 250.000 դրամը:
esyes.am-ի հետ զրույցում Սիբիլն ասաց. «Ի սկզբանե որոշել էի ձայնասկավառակիս վաճառքից գոյացած ողջ գումարը նվիրել երևանյան մանկապարտեզներից մեկին ու այդ կերպ մի լավ բան անել փոքրիկների համար: Ցանկությունս իրականացնելու համար դիմեցինք Երևանի քաղաքապետարանին' ճշտելու, թե որ մանկապարտեզն ավելի շատ օգնության կարիք ունի, մեզ այնտեղից թիվ 101 մանկապարտեզի մասին ասացին, և մենք այսօր այցելեցինք ու հանձնեցինք գումարը:
Ամեն ինչ շատ լավ անցավ, ուրախ, երեխաները հրաշալի պատրաստվել էին. մեզ համար երգեցին, պարեցին, իսկ վերջում լուսանկարվեցինք: Այս պահին շատ ուրախ եմ, որ գոնե մի փոքր կարողացա օգտակար լինել»:
Երգչուհին ստեղծագործական մի քանի ծրագրեր ունի' կապված հայաստանյան երգիչ-երգչուհիների հետ, սակայն խոստացավ այդ մասին առավել հստակ ու մանրամասն ներկայացնել, երբ հաջորդ անգամ հայրենիքում կլինի:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը