Իրեն կոչումով հայ համարող կոմպոզիտոր, երգիչ և երաժիշտ Դանիել Դեքերն առաջին անգամ հանդես կգա ամողջովին հայերեն համերգով։ Դանիել Դեքերը հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն 16-րդ անգամ է այցելում Հայսատան և հուսով է, որ դեռ բազում անգամներ լինելու է այստեղ։ «Ես շատ երկար եմ սպասել և պատրաստվել այս համերգին։ Ես շատ հուզված եմ, հատկապես, որ առաջին անգամ ներկայացնելու եմ համերգ, բացառապես հայերեն։ Ես կուզեի նշել, որ իմ լավ ընկեր Արա Գևորգյանը շատ մեծ ավանդ ունի այս համերգի կազմակերպման հարցում։ Առաջին անգամ ես լսել եմ նրա «Մուշ» երգը։ Մենք ունենք համատեղ երգ՝ «Ադանա», որը նվիրված է Հայոց Ցեղասպանությանը և մեր երկրորդ երգը «Remember»-ն էր, որը նույնպես Հայոց Ցեղասպանության մասին էր»,-ասաց Դեքերը։ Համերգին հնչելու է նրանց երրորդ համատեղ աշխատանքի շնորհիվ ծնված «Արաքս» երգը. կկայանա պրեմիե րան։ Դեքերը զուգերգ կկատարի ճանաչված թուրքահայ երգչուհի Սիբիլի հետ:

 

Այս համերգը Դանիել Դեքերի խոսքով, իր նվերն է հայ ժողովրդին։ «Ուզում եմ ասել, որ միշտ հայերի հետ եմ, միշտ աջակցում եմ Ձեզ և հպարտ եմ, որ հայ եմ»,-եզրափակեց Դեքերը, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելուց հետո ընտրել է Դեքերյան ազգանունը:

 

Դանիել Դեքերը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով։ Միջոցառմանը ելույթ կունենան հատուկ հյուրեր' Սիբիլը, երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը, «The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը և այլք։