Միացյալ Նահանգների զինվորականները սկսել են նոր «անտեսանելի մոտոցիկլետի» փորձարկումները, տեղեկացնում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին։ Ունիվերսալ մեքենան շարժվում է գրեթե անձայն և աշխատում է անգամ ջրում։

Մոտոցիկլետն անվանել են MMX, այն ստեղծվել է Zero Motorcycles ընկերության կողմից։ Մոդելը դժվարությամբ կարելի է նկատել գիշերային ժամերին, այն գրեթե անձայն է և անգամ կարող է աշխատել ջրում՝ 1 մետր խորության վրա։

Նոր փոխադրամիջոցն ունի նաև ինֆրակարմիր լուսավորություն՝ գիշերային տեսանելիության համակարգով, ինչպես նաև առանց բանալու արագ մեկնարկի համակարգ։

MMX սնուցման համակարգը բաղկացած է երկու մարտկոցից, որոնք առանց լիցքավորման կարողանում են աշխատել երկու ժամ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են փոխարինվել գրեթե ակնթարթորեն։

«Մենք շատ հետաքրքիր փորձ ենք ստացել՝ աշխատելով այս նախագծի վրա։ Զինվորականները ցանկանում էին մոտոցիկլետից ստանալ անհրաժեշտ որակներ։ Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ստացանք աշխատել միասին»,-ասել է Zero Motorcycles-ի տեխնիկական տնօրեն Էյբ Աշկենազին։

MMX-ն արտադրվելու է բացառապես զինվորականների համար և չի կարող վաճառվել քաաքացիական անձանց։ Սակայն Zero Motorcycles-ից հայտնել են, որ ձեռք բերված գիտելիքներն ընկերությունն օգտագործելու է ավելի հզոր մոտոցիկլետներ ստեղծելու համար։