Դուբայի Dubai Marina թաղամասում 7 տարվա շինարարությունից հետո բացվել է Infinity Tower ռեկորդակիր երկնաքերը։ 75-հարկանի բնակելի շենքի բարձրությունը, որը պտտված է իր առանցքի շուրջը 90 աստիճանով, կազմում է 310 մետր, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Russia Today-ին։
Բարձրահարկ շենքի կառուցման համար ծախսվել է ավելի քան 1 մլրդ դիրհամ (մոտ 275 մլն դոլար)։ Նախագիծը մշակել է Skidmore Owings & Merrill ընկերությունը։ Նախկինում այն զբաղվել է Դուբայում Burj Khalifa և Չիկագոյում Willis Tower շենքերի կառուցմամբ։
Infinity Tower-ի յուրաքանչյուր հարկը նախորդի նկատմամբ թեքվում է 1.2 աստիճանով, այնպես որ վերջին հարկում շենքը թեքվում է 90 աստիճանով։ Շենքում բնակարանների գները տատանվում են մեկ սենյականոց բնակարանի համար 2 մլն դիրհամից մինչև երկսենյականոցների համար 3.50 մլն դիրհամ։
Դուբայը հայտնի է շինարարության ոլորտում իր ռեկորդներով։ Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր շենքը՝ Burj Khalifa-ն (828 մետր), ամենաբարձր բնակելի շենքը՝ Princess Tower-ը (414 մետր) և ամենաբարձր հյուրանոցը՝ Marriott Marquis-ը (355 մետր)։