Հայ հայտնիներից շատերի համար երգեր գրած Գրիգոր Կյոկչյանը «Հայաստանի ձայնի» եզրափակիչ չհասավ' չնայած նա հանդիսատեսի սիրելիներից էր, երգարվեստում էլ իր ասելիքն ունի: Դրա վառ ապացույցը նախագծից դուրս մնալու հենց նույն օրը ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարայի հետ հանդես գալու առաջարկն էր: Երգչին նկատել են «Հայաստանի ձայնը» նախագծի ժամանակ և գտել համացանցի միջոցով:

- Ինչպե՞ս ստացվեց քո և ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարայի համագործակցությունը:
- Սեգարան Ֆրանսիայի վաստակավոր արտիստ է, մի շարք մրցույթների մրցանակակիր, երգել է Բոչելիի, Գարուի և մեծանուն շատ այլ երգիչների հետ: Ինձ համար մեծ պատիվ էր նրա հետ երգել իր ու Բոչելիի կատարած երգը: Ինձնից բացի, մի քանի այլ երգիչների էլ էին նկատի ունեցել, սակայն երբ ուղարկեցին երգի մինուս տարբերակը, և ձայնագրվեցի, ուղարկեցի կազմակերպիչներին, ասացին, որ այլևս չեն ցանկանում այլ տարբերակ փորձել, և Հելենը հստակ որոշել է, որ ինձ հետ է զուգերգով հանդես գալու: Վերջում նա ասաց' համոզված եմ, էլի կհանդիպենք, քեզ անակնկալ է սպասվում :) Ենթադրում եմ, որ խոսքը համագործակցության մասին է:
- Մասնակցել ես «Հայ սուպերսթար 2» նախագծին, սակայն դրանից հետո որոշեցիր լռել: Ի՞նչ է փոխվել «Հայ Սուպերսթարից» մինչև «Հայաստանի ձայնը» ընկած ժամանակահատվածում:
- «Հայ սուպերսթար 2»-ին մասնակցեցի' ոգևորված առաջինի մասնակիցների հաջողությամբ: Ես ավարտել էի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական տասնամյա դպրոցը, սակայն ոչ որպես երգիչ, այլ ստեղծագործող: Այդ ժամանակ որոշեցի նաև երգել, քանի որ ունեի երաժշտական շնորհք: Արդյունքում' ընդգրկվեցի լավագույն տասներկուսի մեջ և զբաղեցրի ութերորդ տեղը: Այն ժամանակ, բնականաբար, շատ հեռու էի պրոֆեսիոնալ լինելուց, սակայն «Սուպերսթարից» հետո հասկացա, որ սիրում եմ երգել ու պետք է ավելի լուրջ զբաղվեմ դրանով: Դրա համար տարիներ էին պետք: Գուցե իմ փոխարեն մեկ ուրիշն օգտագործեր այդ ժամանակվա ճանաչվածությունն ու անհատական կարիերա սկսեր, բայց ես հասկացա, որ պետք չէ շտապել ու գնալ տևական հաջողության հետևից: Որոշեցի աստիճանաբար ձևավորել բազա, որի հիման վրա հետագայում պատվով կներկայանամ: Հինգ տարի անհատական վոկալի դասընթացների էի գնում: Այդ ընթացքում' «Սուպերսթարից» վեց ամիս անց, մասնակցեցի «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնին, որին իսկապես հաջողություն ունեցա' զբաղեցնելով առաջին տեղը: Դրանից հետո Արթուր Գրիգորյանի առաջարկով ընդունվեցի Երգի պետական թատրոն' որպես մեներգիչ:
- Ժամանակին «Սուպերսթարում» ձեռք բերածդ ճանաչվածությունը չօգտագործեցիր ոլորտում դիրքերդ ամրապնդելու համար: Իսկ հիմա՞: Նորից կորչելո՞ւ ես:
- Այն ժամանակ չօգտագործեցի, որովհետև, ըստ իս, բավարար լավ չէի երգում, բայց տարիների ընթացքում մեծ փորձ ձեռք բերեցի: Երգի թատրոնով տարբեր երկրներում իսկապես լուրջ մյուզիքլներ ենք խաղացել: Էդպիսի փորձից հետո արդեն կարող եմ ինձ թույլ տալ անհատական գործունեություն սկսել, որն անիմաստ ու ինքնանպատակ չեմ համարի: Այն ժամանակ դա գուցե ինքնանպատակ լիներ:
- Շատերի համար այդպիսի լռության պատճառ հնարավորության բացակայությունն է: Դու այս պահին գործունեություն սկսելու հնարավորություն ունե՞ս:
- Չեմ կարծում, որ միայն հնարավորությունների խնդիրն է. ասպարեզում շատ մարդիկ կան, ովքեր պատրաստ են օգնելու թե´ տեսահոլովակ նկարահանելու, թե´ երգ ձայնագրելու հարցում: Կան երգահաններ, ովքեր, չնայած իրենց երգերը վաճառում են 1500-2000 դոլարով, պատրաստ են ընդառաջել շնորհքով երգչին ու նույնիսկ անվճար որևէ երգ հեղինակել: Էնպես որ, չի կարելի ասել, թե առանց գումարի հնարավոր չէ: Ինքս մեծ գումարներ չունեմ, չեմ պատրաստվում տասը հազար դոլարով տեսահոլովակ նկարահանել: Իհարկե, պիտի ամենալավն անեմ, սակայն նվազագույն ծախսերով: Կարևորը' հոտառությունն է. պետք է ճիշտ կողմնորոշվել և ոսկե միջինը գտնել: Ինձ շատ է օգնում հինգ տարիների ընթացքում ձեռք բերած փորձս: Թեև որպես երգիչ գուցե ստվերում եմ եղել, բայց հիմա անցումն ինձ համար շատ ավելի հեշտ կստացվի, քանի որ տիրապետում եմ բոլոր այն լծակներին, որոնք կարելի է օգտագործել. իհարկե, աշխատում եմ նաև ստուդիաների հետ:
- Տեղյակ ենք, որ, տեսնելով շոու բիզնեսում տիրող իրավիճակը, Արթուր Գրիգորյանն իր ուսանողներին թույլ չի տալիս տեսահոլովակ նկարահանել ուսման ընթացքում: Դա՞ էլ իր հերթին ազդեց հանրային գործունեություն չիրականացնելու վրա:
- Այո, քանի որ չնայած մենք ձևակերպված ենք որպես մեներգիչներ և ստանում ենք պետական աշխատավարձ, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ժամանակահատվածն օգտագործում ենք սովորելու և գիտելիք ձեռք բերելու համար: Արթուր Գրիգորիչն ինձ երբեք չի արգելել, ինքս եմ հասկացել, որ դեռ ժամանակը չի:

- Նա ինչպե՞ս վերաբերվեց «Հայաստանի ձայնին» մասնակցելու որոշմանդ:
- Իր համար ցանկալի չէր մասնակցությունս: Չարգելեց, ուղղակի ասաց, որ չարժե, սակայն որոշեցի մասնակցել ու չեմ զղջում դրա համար: Հիմա, երբ խոսում ենք, ինքն էլ է ասում, որ սա փորձ էր, որի միջով պիտի անցնեի, որպեսզի ավելի հստակ արժեհամակարգ ձևավորվեր:
- Մասնագիտությամբ տնտեսագետ ես: Ինչպե՞ս որոշեցիր այդ մասնագիտությունն ընտրել:
- Սովորել եմ Տնտեսագիտական համալսարանում ու լավ եմ սովորել: Ինձ համար առաջնային էր մասնագիտությունս, սակայն ընտրեցի այս ճանապարհը, քանի որ երաժշտության հանդեպ սերս ժամանակի հետ զարգացավ, իսկ համատեղելն ուղղակի անհնար էր: Ես իդեալիստ եմ և չէի ցանկանում մի ձեռքով երկու ձմերուկ բռնել: Չնայած մինչև օրս կան հեռանկարներ, որ հնարավոր է աշխատեմ իմ մասնագիտությամբ: Այսօր այս դաշտում եմ, քանի որ երգարվեստում ունեցածս դիրքն ավելի մեծ եկամուտ ապահովում, քան տնտեսության ոլորտում:
- Այսինքն' հնարավոր է հետագայում, այնուամենայնիվ, որպես տնտեսագե՞տ շարունակես գործունեությունդ:
- Ինձ լիարժեք չէի զգա, եթե կրթություն ստացած չլինեի, սակայն երբեք չեմ մտածել, թե անիմաստ եմ սովորել: ԱՄՆ-ում ուսանելու ցանկություն ունեմ, սակայն մի քիչ ֆինանսական հարցեր կան, բայց եթե ստացվի, հաստատ կթողնեմ այս ամենն ու կգնամ երազանքիս հետևից: Շատ հեշտ է շոու բիզնես մտնելը, բայց հեշտ չի ԱՄՆ-ում սովորելը, այն էլ' ասպիրանտուրայում: Կարծում եմ' երկրից բացակայելու դեպքում էլ սա կարող եմ զուգահեռել. դրա համար ուղղակի ցանկություն է պետք:
- Տարբեր առիթներով նշեցիր, որ ընտրում ես ամենաբարդ ուղին: Ռիսկայի՞ն մարդ ես:
- Այո´: Չեմ սիրում քամու ուղղությամբ գնալ. սիրում եմ դրան հակառակ գնալ, քանի որ իրականում հաջողության հասնում են հենց այդպիսի մարդիկ:
- Խոսեցիր եկամուտների մասին, որոնք շատ երգիչների ստիպում են մատուցել մի երաժշտություն, որն իրենք էլ չէին լսի: Ես, համենայն դեպս, հակված եմ մտածելու, որ անճաշակ երաժշտություն ներկայացնող ոչ բոլոր երգիչներն են անճաշակ: «Հայաստանի ձայնում» մենք տեսել ենք Գրիգորի, ով միշտ շատ լավ երաժշտություն է ներկայացրել. եկամուտը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ դու էլ գնաս կոմերցիոն երաժշտության հետևից:
- Չեմ փորձի քննադատել որևէ մեկին, քանի որ ինքս այս ոլորտում ինչ-որ առումով սկսնակ եմ ու նման իրավունք չեմ վերապահի, սակայն կա մի շեմ, որից ներքև իջնելն ուղղակի աբսուրդ եմ համարում: Մենք իսկապես ունենք շատ տաղանդավոր և ճաշակով երգիչներ, սակայն քանի որ շուկան ձևավորված չէ, նրանք չեն կարողանում համապատասխան միջոցներ վաստակել լավ երաժշտությամբ և գնում են կոմերցիայի հետևից: Կարծում եմ' դա ինձ չի սպառնում, քանի որ որպես երգիչ չունեմ եկամուտներ, այլ որպես երգահան և կարող եմ ինձ թույլ տալ չերգել ինձ համար ատելի, չսիրածս ոճի երգեր: Չեմ ուզում շտապել, բայց այս պահին վստահ կանխատեսում եմ, որ չեմ անի:
- Հայաստանում երգահան լինելը եկամտաբե՞ր է:
- Լավ երգահան լինելու դեպքում միանշանակ' այո, սակայն կարևոր է նաև ճիշտ հոտառություն ունենալը, որպեսզի ոսկե միջին ձևավորես սեփական և հասարակական ճաշակի միջև:

- «Հայաստանի ձայնի» կույր լսումների ժամանակ Արտո Թունջբոյաջյանն առաջինը պտտվեց քո ելույթի ժամանակ: Երբ պտտվեցին ժյուրիի մյուս բոլոր անդամները, նա քեզ ասում էր, որ ականջ չդնես նրանց և իր խումբ գնաս, ինչն էլ դու արեցիր: Սակայն երբ հայտնվեցիր վտանգավոր գոտում, նա քեզ ևս մեկ հնարավորությունը չտվեց, ինչը հասարակության շրջանում էլ մեծ դժգոհություններ առաջացրեց: Դա քեզ համար հիասթափվելու առի՞թ էր:
- Հիասթափվելու խնդիր չունեմ, սակայն այդ պահին շատ նեղվեցի, քանի որ հավատում էի Արտոյին ու կարծում եմ' այդ պարագայում արժանի էի, որ ինձ շարունակելու հնարավորություն տրվեր: Ինչևէ, չեմ փորձում քննարկել իր որոշումը: Ժամանակը ցույց կտա, թե մասնակիցներից ով ինչի էր պատրաստ և ինչի կհասնի: Այդ իսկ պատճառով անիմաստ եմ համարում այդ մասին անընդհատ խոսելը, թեև ինձ շատ են ասում, որ Արտոյի որոշումը սխալ էր: Սուբյեկտիվ տեսանկյունից ևս այդպես եմ կարծում, սակայն գուցե Արտոն իր հիմնավորումն ուներ: Ցավոք, մինչև օրս չեմ լսել այդ մասին:
- Արտոն նշել է, որ եկավ պահը, երբ դու գնացիր «քոփիի» հետևից, ոչ թե քոնը ներկայացնելու:
- Արտոն էր որոշել, որ ես պիտի Ֆրենկ Սինատրայի երգերից ներկայացնեմ, ինչն էլ արեցի: Կարծում եմ' հաջող ելույթ ունեցա: Մտքովս չէր անցնում, որ հնարավոր է այդ փուլում լքեմ նախագիծն ու կարծում եմ' շատերի մտքով չէր անցնում: Հաջորդ փուլի համար Արտոն ինձ առաջարկել էր երգել Սթինգի երգերից, ես իր պրոդյուսերի հետ հեռախոսային զրույցի ընթացքում ասացի, որ ցանկանում եմ Մայքլ Բոլթոնի երգերից մեկը ներկայացնել: Եթե այդ ժամանակ ես սխալ էի որոշել, այդ մասին Արտոն ինձ պետք է ասեր, ոչ թե նախագծի ավարտից հետո հարցազրույցի ժամանակ: Կարծում եմ' եթե նա պնդեր, ես կհամաձայնեի Սթինգի երգը կատարել: Այնպես որ չեմ կարծում, թե դա է իրական պատճառը. գուցե Արտոն նպատակահարմար է համարում այդպես պատասխանել:
- Փաստորեն, դու այդ չհամաձայնեցված երգը կատարելուց հետո չես դուրս մնացել:
- Ո´չ, եթե ես երգեի իր հետ չհամաձայնեցրած երգն ու այդ ժամանակ ինձ դուրս թողներ, ես կստանայի հարցիս պատասխանը, սակայն քանի դեռ դա չէի երգել, ինձ համար անհասկանալի էր: Ես նեղված չեմ ու նրան չեմ մեղադրում. իր որոշումն էր, ուղղակի անհասկանալի էր:
- Նախագծից հետո իր հետ շփման հնարավորություն եղե՞լ է:
- Ելույթից հետո, երբ ես ասացի, որ իսկապես զարմացած եմ ու ինձ հետ զարմացած էր նաև հանդիսատեսը, Արտոն չբարձրացավ բեմ և չգրկեց ինձ' ըստ ընդունված կարգի: Նա անհետացավ տաղավարից, ինչն ինձ համար զարմանալի էր: Չէ՞ որ ես հավատացել էի նրան ու նախագծի սկզբից մինչ այդ պահը չափազանց ջերմ և լավ հարաբերություններ ունեի իր հետ: Այդքանով ես ուղղակի հասկացա, որ գուցե նա ուներ սուբյեկտիվ պատճառներ, որոնց մասին չեմ ուզում խոսել:
- Խոսքն Արտո Թունջբոյաջյանի և Արթուր Գրիգորյանի հարաբերությունների մասի՞ն է, որոնք հենց այդ շրջանում շահարկվեցին:
- Այո´: Սուբյեկտիվ, շատ անձնական խնդիրներ բերեցին և մտցրեցին նախագիծ, ինչը ՙհայաֆիկացված՚ եմ համարում և ոչ օբյեկտիվ: Ես Արթուր Գրիգորյանի թատրոնում եմ երգում, և նա մեծ ավանդ ունի իմ' որպես երաժիշտ ձևավորման հարցում ու չէի պատրաստվում մոռանալ կամ չընդունել, կամ փորձել թաքցնել այդ հանգամանքը' իմանալով, որ իրենք ջերմ հարաբերություններ չունեն: Եթե դա պետք է լիներ պատճառը, թող լիներ: Սակայն միանշանակ էլ չեմ կարող պնդել, որ հաստատ դա էր պատճառը:
- Նորից վերադառնանք կույր լսումներին. երբ ժյուրիի անդամները պտտվեցին, պարզվեց, որ քեզ ճանաչում են ու դրական են վերաբերվում քեզ: Ծանոթ լինելու դեպքում, բնականաբար, համագործակցությունն ավելի հեշտ կստացվեր. ինչո՞վ էր պայմանավորված նրանցից որևէ մեկին չընտրելդ:
- Սոֆիին ճանաչում էի, և բավականին ջերմ հարաբերություններ ունենք. նրա համար երկու երգի խոսքեր եմ գրել: Թաթայի հետ ևս աշխատել էի, ճանաչում էի նաև Սոնային, բայց մտերիմ չէինք, միայն Արտոյին չէի ճանաչում: Մարդիկ, ովքեր գիտեին մեր հարաբերությունները, զարմացան, թե ինչու, ենթադրենք, Սոֆիին չընտրեցի: Չընտրեցի, քանի որ ցանկանում էի գնալ ամենաբարդ ճանապարհով և, իհարկե, ինձ գրավեց Արտո Թունջբոյաջյանի' երաժիշտ լինելու հանգամանքը: Բացի դրանից, ընտրեցի դժվար ճանապարհը, որովհետև չէի ցանկանում ծանոթի միջոցով հարթել ուղիս: Կարծում եմ' բոլորն են հասկանում, որ եթե ընտրության առաջ լինեինք, և որոշողը Սոֆին լիներ, կարելի է կանխատեսել, որ ինձ կընտրեր, ուստի' եթե ինձ համար գերնպատակ լիներ հասնել եզրափակիչ կամ հաղթել նախագծում, կընտրեի Սոֆիին: Սակայն այդպես չարեցի, ինչի համար անգամ այս պահին չեմ զղջում, քանի որ նախագծից հետո շատերի տեսակն ու գաղափարախոսությունն ինձ համար պարզ էր:

- Նախագծի մասնակիցներից երգի խոսքեր ես գրել Նարեկ Մակարյանի համար: Իսկ մյուս մասնակիցների հետ համագործակցություն սպասվո՞ւմ է:
- Նարեկն ինձ մինչև նախագիծն էր դիմել և ցանկություն հայտնել, որ իր համար երգի խոսքեր գրեմ. նախագծի շրջանակներում աշխատել եմ նաև Սոֆի Մխեյանի հետ: Մյուս մասնակիցներից կան մի քանիսը, որ արդեն դիմել են ինձ, սակայն քանի որ երգը դեռ չեմ գրել, չեմ ցանկանում բարձրաձայնել այդ մասին:
- Դու մեր շոու բիզնեսը շատ լավ գիտես ոչ միայն դրսից, այլև ներսից: Դաշտին շատ լավ տիրապետելով' որոշե՞լ ես քո տեղն ու ասելիքը ոլորտում:
- Կարծում եմ' այս պահին դաշտն ազատ է ու հաղթում է նա, ով անում է ամենալավը: Չպետք է ընտրել հեշտ տարբերակը: Շատ կարևոր է հետաքրքիր լինել թե´ երգի, թե´ տեսահոլովակի, թե´ կերպարի ձևավորման առումով: Ցանկացած ժանրում կարող ես երգել ջազ, ռոք և, լինելով օրիգինալ, հաջողության հասնել, քանի որ դաշտն ազատ է ու լի միարինակությամբ: Իհարկե, սա իր դժվարությունն էլ ունի: Ինքս գիտակցում եմ, որ եթե «քաղցր» տեսակի երաժշտություն երգեմ, միանգամից հաջողություն կունենամ, բայց չեմ ուզում գնալ հեշտ ճանապարհով, որովհետև զգում եմ, որ կան մարդիկ, ովքեր «Հայաստանի ձայնից» հետո սիրում ու սպասում են ինձ: Աստված տա հաջողություններ ունենամ և իմ կանխատեսումներն իրականանան, որովհետև այն, որ ես հիմա վստահ խոսում եմ, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ որոշված է և այնպես կլինի, ինչպես ես եմ սպասում: Պարզապես կարծիքս եմ անկեղծ հայտնում:
- Ինչքանո՞վ է կարևոր, որ ինքդ ապրած լինես այն թեման, ինչի մասին երգ ես գրում:
- Միշտ փորձում եմ իրական պատմությունների հիման վրա գրել, քանի որ այդ երգերն իսկապես անկեղծ են լինում: Աշխատում եմ «դեկորատիվ» չգրել: Կարող եմ նույնիսկ նշել մի քանի երգ, որոնք իրական պատմությունների հիման վրա էի գրել, և որոնք հաջողություն ունեցան' Անդրեի և Սերինե Պողոսյանի «Սառը քամին», որը շատ եմ սիրում, իմ կյանքից վերցված պատմության մասին է և ուղղակի գրված ոչ մի բառ չկա. Միհրան Ծառուկյանի «Սիրո կինոն» և Նարեկ Բավեյանի «Ես սիրում եմ քեզը», որը ես վերնագրել էի' «Սիրո եռանկյուն»: Եթե առաջ եմ քաշել սիրային եռանկյունու թեման, բայց չեմ հայտնվել կողմերից մեկում, շինծու կլինի: Քանի որ ես դա ապրել եմ, ավելի բնական է: Կարծում եմ' մարդիկ դա զգում են, ու այդ երգն էլ, չլինելով կոմերցիոն, բավականին սիրվել է ու հաջողության գրավականն անկեղծությունն է: Իմ հեղինակած երգերից նաև Միհրան Ծառուկյանի կատարմամբ «Գոլն» է, որի և´ երաժշտության, և´ խոսքերի հեղինակը ես եմ ու իսկապես սրտիցս է եղել: Մեծ ֆուտբոլասեր եմ, Հայաստանի հավաքականի երկրպագու: Համերգներից մեկի ժամանակ անպայման կկատարեմ ու այլ կերպ կներկայացնեմ այդ երգը, որովհետև շատ եմ սիրում: Գրածս վերջին ստեղծագործություններից մեկն էլ Նարեկ Բավեյանի նոր երգն է, որի մեջ իսկապես գաղափար կա: Վերջերս շատ են ասում, որ երգերը չունեն ասելիք, գաղափարախոսություն, բայց այս երգը վստահաբար ասելիք ունի: Գրել եմ իմ կյանքից իրական պատմության հիման վրա, որը ոչ կոմերցիոն է, բայց, կարծում եմ, կսիրվի: Փորձում ենք խոսքերով և պատմություններով հուզել մարդկանց և լսարանին տանել այդ կողմը, եթե մեզ հաջողվի, շատ ուրախ կլինենք:

- Հայտնիներից շատերի հետ ես համագործակցել, իսկ ո՞ւմ հետ ես մտերիմ:
- Միհրան Ծառուկյանի, էդգար Ալեքսանյանի, Մարտին Միրզոյանի… Այլ մարդիկ էլ կան, որոնց հետ ինձ միայն աշխատանքը չի կապում:
- Առաջիկայում ի՞նչ անելիքներ ունես:
- Նոր երգ ունեմ, որի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերը գրել է Անիտա Հախվերդյանը: Իմ կանխատեսմամբ' այս ամիս եթերում կլինի: Անունը չեմ ուզում ասել, քանի որ շատ օրիգինալ է, թող անակնկալ լինի :) Սիրային շատ հետաքրքիր պատմություն է և նոր տեսակ է մեր շոու բիզնեսում' ոճային ու ներկայացման իմաստով:
- Անձնական հարցերն ընթերցողներին ամենաշատն են հետաքրքրում: Սիրտդ ազա՞տ է:
- Այո´, բացարձակ ազատ է:
- Նշեցիր, որ շատ կարևոր է, որ վերապրած լինես այն, ինչ գրում ես, սակայն հիմա սիրտդ ազատ է: Հիմա հե՞շտ է ստեղծագործել:
- Ես շատ եմ սիրում կյանքը, մարդկանց, ապրել, ժպտալ: Արդեն 25 տարեկան եմ, բանականաբար, սիրահարված եղել եմ ու այդ ժամանակվա զգացողությունները կարելի է շարադրել թեկուզ մի քանի տարի անց:

Հուսով եմ, Գրիգորը կոմերցիայի ազդեցության տակ չի ընկնի. Ամալյա Հովհաննիսյան