Բուսակերներն ավելի երկար են ապրում, քան մսակերները, վկայում է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի JAMA Internal Medicine ամսագրում տպագրված հետազոտությունը, փոխանցում է tert.am-ը` հղում տալով InoPressa-ին, որն էլ իր հերթին հղում է տվել The Wall Street Journal-ին:
Հետազոտության հեղինակները մոտ 6 տարի հետևել են 7-րդ օրվա ադվենտիստների եկեղեցու 73.308 հետևորդների: Այս եկեղեցին խրախուսում է բուսակերությունը: Գիտնականները սկզբում պարզել են, թե ինչ դիետաներ է պահել խումբը, իսկ հետո վերլուծել են, թե որքան մարդ է մահացել և ինչից:
Հետազոտությանը մասնակցած բուսակեր անձանց շրջանում մահացությունների թիվը 12%-ով ավելի քիչ է եղել: Հետազոտողները պնդում են, որ դիետայի ընտրությունը մեծ դեր է կատարել սրտի հիվանդությունների կանխարգելման գործում. սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը 19%-ով ավելի քիչ է եղել, քան միս ուտողների մոտ: Հեղինակները նշում են, որ բուսակերների մոտ ավելի քիչ են հանդիպում նաև շաքարախտը և երիկամային անբավարարությունը:
Պարզվել է, որ դիետայի առավելությունն արտահայտվել է ավելի շատ տղամարդկանց մոտ, քան կանանց:
Հետազոտության ղեկավար Մայքլ Օրլիչն ուշադրություն է դարձնում նաև այն փաստի վրա, որ որպես կանոն բուսակերներն ավելի նիհար են և ավելի քիչ են օգտագործում ալկոհոլ և ծխախոտ: