«Մեզ հայտնի է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ գերմանական «երկաթե տիկնոջ» քաղաքականության մասին, չնայած նա շարունակում է առեղծված մնալ: Այժմ երբ Անգելա Մերկելը՝ Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ կինը, պատրաստվում է 3-րդ անգամ մանդատ ստանձնել, նրա մասին միանգամից 5 գիրք է լույս տեսել, որոնցից անհայտ փաստեր է ծաղկաքաղ արել Inosmi.ru-ն»- գրում է tert.am-ը:

Ըստ այդմ՝ նա պաշտում է SMS-հաղորդագրությունները. նա մեկ օրվա մեջ տասնյակ SMS-ներ է ուղարկում իր աշխատակիցներին: Սկսած դեռահասության շրջանից նա հիանում է ԱՄՆ-ով, ինչի մասին հայտարարել է 2009-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում ելույթ ունենալիս:

Իրականում նա ծնվել է Արևմտյան Գերմանիայում՝ Համբուրգում և ծննդից հետո 2 ամիս անց ընտանիքի հետ տեղափոխվել Բրանդենբուրգ:

Նա վախենում է շներից, ինչի մասին նրա աշխատակիցները զգուշացնում են նրա բոլոր պաշտոնակիցներին: 2007-ին լուրի իսկությունը ակամա պարզել է Վլադիմիր Պուտինը Ղրիմի իր ամառանոցում, որտեղ իր շների հետ հյուրընկալել է Մերկելին:

Երիտասարդ տարիքում նա եղել է գերմանական «Կոմսոմոլի» քարոզչության հարցերով քարտուղարը:

Նա դպրոցում ֆրանսերեն է սովորել, սակայն այժմ միայն ռուսերենն է հիշում օտար լեզուներից:

Չնայած նրա երկու ամենամոտ խորհրդականները կանայք են, սակայն կարծիք կա, որ կանցլերն իրեն սիրում է շրջապատել երիտասարդ և խոստումնալից կարիերայի տեր երիտասարդ տղամարդկանցով:

Մերկելը բնակվում է վարձով բնակարանում: Մերկելը մասնագիտությամբ ֆիզիկոս է: Ֆիզիկոսներ են եղել նաև նրա 2 ամուսինները:

Իր հավասարակշռվածությամբ հայտնի Մերկելի աշխատասեղանին կա «In der Ruhe liegt die Kraft» գրություն՝ «Հանգստության մեջ է ուժը», սակայն երբեմն նա տաքարյունություն է ցուցաբերում և գոռում «Scheiße» («Կեղտի կտոր»):