Այս օրերին Արամեն պատրաստվում է «Մամա» երգի հիման վրա իր նոր տեսահոլովակի նկարահանմանը, որը համանուն հեռուստասերիալի սաունդթրեքն է: Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը' Արթուր Սաֆարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է:
Ռեժիսորը esyes.am-ի հետ զրույցում ասաց, որ տեսահոլովակը, որպես այդպիսին, սյուժետային գիծ չունի. «Սակայն այնպես էլ չէ, որ սյուժե չկա: Տեսահոլովակում տարբեր տարիքային խմբի մայրեր են լինելու, որպեսզի յուրաքանչյուր ոք ինչ-որ չափով կարողանա իր մորը տեսնել այստեղ: Սյուժետային գիծ չկա այնքանով, որ նույն մոր կյանքը չի ներկայացվում. սա մի պատմություն չէ: Վերցված են կյանքի այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են էմոցիա առաջացնել. մենք հաճախ չենք նկատում մոր ռեակցիաները' ժպիտ, ուրախություն, թախիծ: Այս դեպքում շեշտը միմիկաների վրա է դրված»: Սյոման ասաց, որ չորս տարի առաջ' մինչ ստեղծագործական դադար առնելը, վերջին տեսահոլովակը, որ նկարահանել էր մայրերի թեմայով էր' «Արևիկ» խմբի «Մայրիկիս» երգի հիման վրա. «Չգիտեմ ճակատագիր է, թե Աստծո կամքը, բայց վերադարձիցս հետո առաջին տեսահոլովակը կրկին այդ թեմայով եմ նկարահանում: Կարծում եմ' ձեռագիրը կզգացվի: Ներկայացված չէ սյուժե, որում մայրը տանջված ու տառապած է, մայրեր են, որոնց դեմքին միշտ ժպիտ և ուրախություն է»:
Սյոման նշեց, որ սերիալի սաունդթրեքի համար առաջին անգամ է տեսահոլովակ նկարահանում և այն կապ չի ունենալու հեռուստասերիալի հետ: Ֆիլմի հետ կապ չունեցող տեսահոլովակ նկարահանելը որպես ռեժիսոր իր ցանկությունը չի եղել. «Դա «Արմենիայի» և Արամեի ընդհանուր որոշումն է եղել: Տեսահոլովակը նկարահանելու առաջարկն ինձ եղել է «Արմենիա» հեռուստաընկերությունից և առաջարկի մեջ եղել է նկարահանել այնպիսի տեսահոլովակ, որը կապ չի ունենա ֆիլմի հետ: Կարծում եմ' սերիալի տեսահոլովակ նկարահանելիս որոշակի սահմանափակումներ դրվում են, սակայն «Մամայի» տեսահոլովակը ոչ մի կապ չի ունենալու ֆիլմի հետ: Առանձին տեսահոլովակ է լինելու, կերպարները չեն հիշեցնելու ֆիլմը»,- ասաց Սյոման և նշեց, որ դերասաններն էլ ֆիլմի հերոսները չեն լինելու: Դերասանների ընտրության համար քասթինգ է անցկացվել և նոր դեմքեր են ընտրվել, որով զբաղվել է տեսահոլովակի երկրորդ ռեժիսորը' Ինգրիդը (հաղոդավարուհի Աննա Կոկչյանը, ով այժմ ներկայանում է որպես Ինգրիդ Կոկչյան):
Սյոման չցանկացավ բացել տեսահոլովակի ամբողջական սյուժեն, որպեսզի պահի հետաքրքրությունը. «Խուսափում եմ նախապես խոսելուց, քանի որ նկարահանումներից հետո ասելիքն ավելի հստակ է լինում: Ես պատկերացնում եմ, սակայն դժվարանում եմ նախապես խոսել»:
Տեսահոլովակի նկարահանումները նշանակված են հունիսի 2–ին: Նախատեսվում է տեսահոլովակը հանդիսատեսի դատին հանձնել հունիսի 10-12-ին:
Արամեի մենջերից' Արտյոմ Հակոբյանից տեղեկացանք, որ առաջիկայում Արամեն կներկայացնի նաև «Արմենիա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը պատրաստ կլինի մինչև հունիսի վերջ: Այս երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Արտյոմի փոխանցմամբ' Արամեն հանդիսանում է երաժշտության համահեղինակը: Խոսքերի հեղինակը' Դավիթ Օհանն է:
Հունիսի 7-ին լույս է տեսնելու երգերի հավաքածու, որում ներկայացված կլինեն Արամեի «Մամա» և «Արմենիա» երգերը: Վերջինի պրեմիերան հենց այդ ժամանակ էլ կկայանա, քանի որ երգը միայն դրանից հետո կհայտնվի համացանցում:
Աշնանը երգիչը ևս մեկ նոր երգ և տեսահոլովակ կներկայացնի, բացի այդ, Արամեն հանդիսատեսին կհանձնի իր հայալեզու նոր ձայնասկավառակը, որից հետո կներկայացվի նաև երգչի ռուսալեզու ձայնասկավառակը: