Անցած տարվա «Славянский базар» երգի մրցույթում մեր երկրի մասնակցի ամոթալի արդյունքներից հետո այս տարի կարծես որոշվել է մրցույթն այլևս չթողնել բախտի քմահաճույքին, որ ով ցանկանա, հայտ ներկայացնի: Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության հատուկ հանձնարարականով մրցույթներում մասնակցի ընտրությունը վստահվեց Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին: Վերջինս էլ անմիջապես որոշեց' «Славянский базар» կմեկնի երիտասարդ երգչուհի Անահիտ Շահբազյանը: Նրանք, ովքեր առիթ են ունեցել լսելու Անահիտին, որ նաև երգում է ԵՊԹ-ի «Իրական պատմություն» մյուզիքլում, հաստատ երկու ձեռքով կողմ կլինեն Անահիտի թեկնածությանը: Երգչուհուն բացահայտող մանրամասները' մեր այս հարցազրույցում:
ԲԼԻՑ
Ծննդյան օր, ամիս, տարի' 25.06.1986թ.
Աստղակերպը' Խեցգետին
Երաժշտական ոճը' ջազ, spirituals
Նախընտրած գույները' վարդագույն, արծաթագույն, սպիտակ
Վերջին կարդացած գիրքը' «Սուրբ Թերեզայի» մասին գիրքը, նաև կրկին կարդում է «Ալքիմիկոսը»
Ֆիլմը' «2012»
Սիրած ուտեստը' հարիսա
Հանգիստը' քնել, երաժշտություն վայելել:
- Պատրաստվում ես ներկայանալ “ Славянский базар ” մրցույթին: Ի՞նչ փուլում են աշխատանքները և ի՞նչ ես ներկայացնելու:
- Բոլոր աշխատանքները հասցրել եմ ավարտին: Մրցույթի համար պատրաստել եմ Արթուր Գրիգորյանի «Ծովը» և ռուսական “ Зови меня Любов ” երգերը, քանի որ մրցույթի պարտադիր պայմաններից մեկն էլ ռուսական երգ ներկայացնելն է: Վիճակահանության օրը, որը մրցութային չէ, կներկայացնեմ սպիրիչուելս ոճի «You gonna love me» երգը:
Մտավախություն ունեի, թե չեմ հասցնի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկել, սակայն այդ ամենը նույնիսկ հաճելի էր: Շատ բաներ սովորեցի այս ընթացքում, ավելի ինքնուրույն դարձա, կողքիս էին թատրոնի տնօրեն Արթուր Ասատրյանը, Արթուր Գրիգորյանը. ընկերներս թարգմանում էին փաստաթղթերս. մի խոսքով, բոլորովս էինք պատրաստվում:
- Միջազգային մրցույթի մասնակցելու փորձ արդեն ունես, անգամ հաղթել ես. ինչ՞ են դրանք ընդհանրապես քեզ տալիս:
- Միջազգային մրցույթները մեծ խթան են տալիս: Ինձ ոչ թե աստղ դառնալու գործոնն է հետաքրքրում' վա՜յ, ինձ կսկսեն ճանաչել, այլև հասկանում եմ' պարզապես երգչուհի չեմ, որ միայն իմ հաճույքի համար չեմ երգում: Պետք է ավելի լավ երգեր կատարել' դաստիարակող. չընկնել հիթային երգերի հետևից, միայն գումարի մասին մտածել ու երգով իրականում ոչինչ չասել:
- Մրցույթները նաև մեծ ճանաչում են բերում երգչին: Արդյոք քեզ հայտնի դարձնելու խորամանկ քա՞յլ էր դա, որին դիմեց Արթուր Գրիգորյանը:
- Չէ, ոչ մի խորամանկության մասին խոսք լինել չի կարող, ուղղակի Արթուր Գրիգորիչը գիտի, որ ես շատ եմ սիրում միջազգային մրցույթների մասնկացել: Նա ասում է' ամեն տեղ կթողնեմ, բացի «Եվրատեսիլից»: «Եվատեսիլն» իմ ֆորմատը չէ, բայց 2015-ին ես եմ մեկնելու«Եվրատեսիլ»… Ցանկանում եմ մասնակցել բոլոր լուրջ մրցույթներին… Հասկանում եմ, որ ամեն անգամ մրցույթին պետք է յուրովի պատրաստվել. պատրաստ եմ անցնել այդ փուլերը, քանի որ ոչինչ հենց այնպես չի տրվում:
- Քեզ դեռ շատերը չեն ճանաչում. ո՞վ էր Անահիտ Շահբազյանը մինչ երգարվեստ գալը, ինչո՞վ էիր զբաղված:
- Ծնվել և մեծացել եմ Երևանի Նոր Արեշ թաղամասում, սովորել թիվ 35 ռուսական դպրոցում, նաև Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, բայց ոչ ոք չգիտեր, որ դաշնամուր նվագելուց բացի նաև երգում եմ: Դպրոցի միջոցառումներին երգելով հասկացա, որ պիտի շարունակեմ երգս: Եկա ու ընդունվեցի Երգի պետական թատրոնի դպրոց-ստուդիան, երբ դեռ 10-րդ դասարանում էի: Ավարտելուց հետո մասնակցեցի «Կոմիտաս» մրցույթին ու երբ չանցա, շատ կոտրվեցի, որոշեցի էլ չեմ երգելու: Սակայն վոկալիս ուսուցչուհին' Սոնա Մարտիրոսյանը, ասաց, որ պետք է շարունակեմ երգել: Այդ ընթացքում աշխատում էի այլ բնագավառում' հաշվապահ էի, ու բոլորովին չէի մտածում երգելու մասին, բայց թաքուն գալիս էի պարապմունքների: 2007-ին ծնողներիցս թաքուն մասնակցեցի «Ընծա» մրցույթի նախընտրական փուլերին, և Գրիգորիչն ինձ լսելուց հետո ասաց, որ բացառության կարգով անցնում եմ երրորդ փուլ, այսինքն' մեկնում եմ Ղարաբաղ: Ծնողներս «Հայլուրով» տեսան ինձ և ցանկացան պարզել, թե ինչ է դա նշանակում: Վոկալիս ուսուցչուհին եկավ մեր տուն, համոզեց, և հայրս մինչ օրս փորձում է ընտելանալ, որ պետք է երգեմ: Ծնողներս (մայրս հաշվապահ է, հայրս աշխատում է օդանավակայանում: Երկու քույր ունեմ, ինձնից փոքրը' Արմինեն, սովորում է դպրոցում, մեծ քույրս ամուսնացած է և մեկ բալիկ ունի) դեմ էին, քանի որ ոչնչով չէին կարող ինձ օգնել, ինքնուրույն պետք է առաջ գնայի, իսկ երգարվեստում մի քիչ դժվար է միայնակ հաղթահարել խոչընդոտները:
- Երգչի համար ի՞նչն ես ամենից շատ կարևորում:
- Երգում անչափ կարևորում եմ խոսքը: Վոկալ տվյալներ ունեմ, որով ոչ մեկի չեմ կարող զարմացնել թե´ այստեղ, թե´ արտերկրում: Շատ դժվարությամբ եմ ընտրում երգը, որը պիտի կատարեմ: Պիտի այն վերապրեմ, զգամ. խոսքի արտահայտչամիջոցը շատ կարևոր է ինձ համար:
- Գրիգորիչը ձեր սերնդի մասին նշում է, որ չի թողում «փչանաք», այսինքն' «կիրովաբադ» երգեր երգեք, դրանով գումար վաստակեք: Մինչև ե՞րբ ես պատրաստ հետևել այս խորհրդին:
- Այս խորհրդով փորձում եմ առաջնորդվել ամեն օր: Թե ինչ կստացվի' չգիտեմ: Շատ-շատ եմ ուզում Գրիգորիչի նշած ճանապարհով գնալ, որովհետև համոզվում եմ, որ իր ասածը ճիշտ է: «Կիրովաբադ» երգերը շատ սիրում եմ, տարօրինակ է, չէ՞, բայց չեմ կարող նման երգեր կատարել:
- Ինչպե՞ս ես պատկերացնում հետագա կարիերադ, ի՞նչ ես անելու:
- Նորարարություն եմ ուզում անել Հայաստանում, ցանկանում եմ սպիրիչուելս ոճի երաժշտությունը մեր բեմ հանել: Ըստ իս' այս երաժշտությունն ամենազորեղն է: Եթե որոշ մարդիկ զատում են ու կարծում, թե «կիրովաբադ» ոճի երգերն ամենից լավն են, ապա ինձ համար էլ սպիրիչուելսից այն կողմ ոչինչ կա: Իմ մեջ չկա այն մելիզմատիկան, որով կարող եմ երգել այդ «կիրովաբադ» երգերը. դա նաև ապրելակերպ է, հոգում պետք է զգաս երգդ և արտահայտես զգացմունքայնորեն:
- Եթե այն, ինչ ցանկանում ես հետագայում անել, մեծ տարածում չգտնի, կհամալրե՞ս այն երգիչների ցանկը, ովքեր պարզունակ «հիթերով» էժանագին ճանաչում են ձեռք բերում:
- Ամենից կարևորը' թարմություն, ռիթմ, էներգիա, որախություն պիտի բերեմ. ոչ մի թախիծ: Բոլորս լացում ենք, թախիծն ապրելակերպ ենք դարձրել, ինչը շատ վատ է: Եթե ինձ համար գրվեն երգեր… Չեմ կարծում, թե պարզունակ գրված երգերը պետք է նույնքան պարզունակ էլ մատուցել: Առիթ եմ ունեցել կատարել նման երգ, սակայն այդ էջն ինձ համար փակված է: Բայց ցավալի է, որ հենց այդ երգն ավելի շատ էր հնչում ռադիոկայաններով, քան մյուսները: Հիթային երգ էր, ոչինչ չպարտադրող… այլևս նման սխալ չեմ անի:
Իմ երգացանկում գերակշռելու է ջազը: Ակումբներում էլ չեմ աշխատելու, ուր երգչին չեն էլ լսում: Առիթ ունեցել եմ 15 օր աշխատել ակումբում, սակայն թողեցի… հասկացա, որ ինձնից հոգեկան, նյարդային մեծ ընդվզումներ է պահանջում: Կդասավանդեմ, աշակերտներ կունենամ, բայց ակումբ չեմ գնա:
- Այս տարի, բացի մրցույթից, ի՞նչ ես պատրաստվում անել, ի՞նչ ես ներկայացնելու:
- Նոր երգեր եմ ձայնագրում, մի տեսահոլովակ կա, որ երգում եմ Հ.Տ. Հայկոյի և Շակուրի հետ: Այստեղ իմ երգելաոճում գերակշռում է ջազը:
- Երազանք ունե՞ս:
- Երազում եմ ընտանիք ունենալ. ամենամեծ երազանքս է: Իմ տարիքում դա ճիշտ է, թե սխալ' չգիտեմ, բայց երազում եմ դրա մասին: Աստված ինչպես կամենա, թող այնպես էլ լինի:
- Ինչպիսի՞ն պետք է լինի ընտրյալդ:
- Անպայման պիտի հարգի, սիրի ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Սիրում եմ, որ տղամարդը խստապահանջ լինի: Լավ կլինի, որ երգարվեստից չլինի:
- Մարդկային հարաբերություններում ի՞նչն ես ամենից շատ գնահատում:
- Անչափ կարևոր է հավատարմությունը, փոխըմբռնումը: Շատ դեպքերում հարաբերություններ հաստատելիս սխալվում եմ, հետո պարզվում է, որ ես ուղղակի սխալ ընկեր եմ ընտրել:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ, հունիս 2010 թ.