Ինդոնեզական Բալիպապանե քաղաքի լողափը հաշված վայրկյանների ընթացքում դատարկվել է, երբ «արևայրուք ընդունելու» է եկել 500 կգ քաշով հսկայական կոկորդիլոսը։ Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին, գիշատիչը ոչ ոքի չի վնասել, սակայն 3 օր շարունակ ահ ու սարսափի մեջ է պահել զբոսաշրջիկներին։
Չորս մ երկարությամբ կոկորդիլոսն այնպես անսպասելի է ջրից դուրս եկել, որ վախեցած հանգստացողները հաշված վայրկյանների ընթացքում լքել են տարածքը։ Իսկ երկկենցաղը հպարտ միայնության մեջ սկսել է վայելել արևի շողերի ջերմությունը՝ անմիջապես փրկարարների դիտակետի հարևանությամբ։
Սակայն որոշ ժամանակ անց հետաքրքրասիրությունը հաղթել է վախին, և որոշ զբոսաշրջիկներ վերադարձել են լողափ՝ «հյուրին» տեսնելու համար։ Հենց ոստիկանները մոտեցել են նրան և ցանկացել բռնել, ճարպիկ կոկորդիլոսը նետվել է ջուրն ու անհետացել։ Բայց 3 օր շարունակ նա լողացել է լողափի երկայնքով՝ ահաբեկելով զբոսաշրջիկներին։ Վերջիվերջո գիշատչին հաջողվել է բռնել և անվտանգ վայր տեղափոխել։