Թեյի օգտակար հատկությունների մասին շատ է խոսվում: Սակայն ամեն ինչ չափի մեջ է օգտակար: Սև թեյի չարաշահումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, իսկ որոշ դեպքերում այն առհասարակ հակացուցված է:
Օրինակ, հղի կանանց չի թույլատրվում օրական 1-2 բաժակից ավելի թունդ թեյ խմել. ճապոնացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ դրա մեջ պարունակվող կոֆեինը բացասաբար է ազդում պտղի աճի վրա:
Թունդ սև թեյը խորհուրդ չի տրվում նաև արյան զարկերակային բարձր ճնշում ունեցողներին, հատկապես հիվանդության սրացման պահին: Նրանք, ովքեր անքնությամբ են տառապում, երեկոյան ժամը 6-ից հետո պետք է խուսափեն թունդ թեյից, քանի որ կոֆեինն ու տեոֆիլինը գրգռում են կենտրոնական նյարդային համակարգը: Առհասարակ, թեյը պետք է խմել ոչ շատ տաք, ոչ շատ սառը վիճակում: Չի կարելի թեյ խմել ո՛չ ուտելուց անմիջապես առաջ, ո՛չ անմիջապես հետո. թեյի և սննդի ընդունման միջև պետք է 20-30 րոպե ընդմիջում լինի: Իսկ եթե ցանկանում եք թեյից միայն օգուտ քաղել, խմեք թարմ վիճակում. միևնույն թուրմը 1-ից ավելի անգամ մի օգտագործեք: