Ճապոնացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ կանանց իմունային համակարգն ավելի դանդաղ է ծերանում, քան տղամարդկանցը: Պարզվել է, որ տարիքի հետ տղամարդկանց մոտ լիմֆոցիտների թիվը պակասում է, իսկ կանանց մոտ ավելանում է, ինչն ազդում է կյանքի տևողության վրա, հաղորդում է tert.am-ը` վկայակոչելով РБК-ին:
Տոկիոյի բժշկության և ատամնաբուժության համալսարանի մասնագետները հետազոտել են ճապոնացի 20-90 տարեկան առողջ կամավորների արյան նմուշները: Հետազոտության մասնակիցների թվում կային և կանայք, և տղամարդիկ: Հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքի հետ միասին երկու սեռերի մոտ նվազում է լեյկոցիտների տեսակներից մեկի՝ նեյտրոֆիլների քանակը: Իսկ T-լիմֆոցիտների և B-լիմֆոցիտների քանակը նվազում է միայն տղամարդկանց մոտ, իսկ կանանց մոտ դրանք ավելանում են: Դրա հետ մեկտեղ երիտասարդ տղամարդկանց մոտ լեյկոցիտների քանակը ավելի շատ է, քան հասակակից կանանց մոտ, սակայն ժամանակի ընթացքում դրանք հավասարվում են: Բացի այդ գիտնականները պարզել են, որ էրիտրոցիտների մակարդակի նվազումը նույնպես հատուկ է միայն տղամարդկանց:
Իմունային համակարգի ծերացման գործընթացում առկա այս տարբերությունը բազմաթիվ գործոններից մեկն է, որ ազդում է կյանքի երկարության վրա:
«Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են ծերանում բազմաթիվ պատճառներով: Կնոջ օրգանիզմում ավելի շատ էստրոգեն կա, քան տղամարդու օրգանիզմում, և դա կանանց պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից: Սեռական հորմոնները նույնպես ազդում են իմունային համակարգի վրա՝ հատկապես լիմֆոցիտնեչի հատուկ տեսակի վրա»,-պատմել է հետազոտության հեղինակներից մեկը:
Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Immunity & Ageing ամսագրում: