Հայկո և Անահիտ Սիմոնյան ամուսնական զույգը համարվում է հայկական շոուբիզնեսի թերևս ամենասիրելի զույգերից մեկը: Նրանք առանձին-առաձին անգամ ունեն երկրպագուների մեծաթիվ բանակ: Հայկոյին դեռ վաղուց են սիրահարված բազմաթիվ հայ աղջիկներ: Նրանց ամուսնության մասին լուրերը թեև անակնկալի բերեցին երկրպագուներին, սակայն նրանք այնքան համահունչ ու գեղեցիկ են միասին ու իրար լրացնող, որ կարծես թե երկրպագուները սկսեցին սիրել ու երկրպագել նրանց միաժամանակ: Հայկոն Անահիտ Սիմոնյանից մեծ է թեև բավականին շատ' 14 տարի, սակայն դա չի խանգարում նրանց լինել հմայիչ ու անչափ գեղեցիկ զույգ:
Հիշեցնենք որ նրանք ունեն նաև շատ գեղեցիկ որդի:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի կենսագրական մանրամասները:
Անահիտ Սիմոնյան: Ծնվել է 1987թ. հունիսի 23-ին, Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում:2004թ. ավարտել է Սուրգուտի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Դպրոցական ուսմանը զուգահեռ, 7 տարի հաճախել է «Էներգետիկ» մշակույթի տան «Ջեմ» վոկալ ստուդիա: Մասնակցել է Նեֆտեկումսկի, Սուրգուտի, Խանտի-Մանսիյսկի բազմաթիվ երաժշտական մրցույթների: 2004թ-ից տեղափոխվել է Երևան և ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոն: 2006թ. նկարահանել է առաջին «Իմ Հայաստան» տեսահոլովակը: 2007թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 2008թ. մասնակցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին: 2009թ. մասնակցել է Լեռնային Ղարաբաղում անցկացված «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը: 2011թ. թողարկել է առաջին «Աստա Լա Վիստա» ձայնասկավառակը:
Հայկո: Ծնվել է 1973թ. օգոստոսի 25-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 170, ապա' Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում: 1987թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1996թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին:
1997թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող: 1998թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին: 1999թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1998թ., 1999թ., 2002թ., 2003թ. և 2006թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002թ.' «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003թ.' «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին: 2003թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: 2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: 2007թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը: 2007թ., 2010թ. և 2011թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին' «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար: Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները:
2011թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին: 2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել' որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր: