Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկի հետ մեկ գավաթ սուրճ ըմպելու համար անհայտ անձը վճարել է 610 հազ. դոլար, հայտնում է tert.am-ը` վկայակոչելով ИТАР-ТАСС-ին։ Տարօրինակ «վաճառքը» կայացել է ամերիկյան CharityBuzz աճուրդում։
Թիմ Կուկի հետ հանդիպումը, ով փոխարինել է այդ պաշտոնում Սթիվ Ջոբսին, տեղի կունենա ընկերության շտաբ-բնակարանում, որը գտնվում է Կուպերտինոյում (ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ)։ Զրույցը կտևի 30 րոպեից մինչև 1 ժամ։ Ճանապարհածախսը և բնակվելու ծախսերը, համաձայն աճուրդի պայմանների, գնորդը պետք է ինքնուրույն հոգա։
«Վաճառքի» ընթացքում, որը մեկնարկել է 50 հազ. դոլարից, ներկայացվել է 86 հայտ, որոնց մեծամասնությունը եղել է Apple-ի հետ համագործակցող կամ համատեղ բիզնես սկսել պատրաստվող ընկերությունների ներկայացուցիչների կողմից։
Ստացված միջոցները Թիմ Կուկը պատրաստվում է տրամադրել Ջոն Քենեդիի անվան իրավապաշտպանական կենտրոնին։