Օրեր առաջ դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանների ընտանիքում հեքիաթային տոն էր: Զույգը նշում էր մեծ աղջկա' 3-ամյա Էվայի ծննդյան տոնը, ինչպես նաև նրա և քույրիկի' Յանայի մկրտությունը:
Իրենց ընտանիքի կարևորագույն իրադարձություններից այս մեկի բացառիկ լուսաբանումը ևս զույգը վստահել է esyes.am-ին: Արդեն պատրաստ են նաև տոնական լուսանկարներն ու մեր ընթերցողները կարող են տեղեկանալ, թե այս ընտանիքն ինչպես է նշել մայիսի 7-ը:
Մանոյի խոսքերով' իրենք շատ են սիրում յոթ թիվը, ինչի պատճառով էլ որոշել են փոքրիկներին հենց այդ օրը կնքել ու ևս մեկ տոնով առանձնացնել այն:
Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել երեխաների կնունքը' զույգի հարևաններ, նկարիչներ Հրաչ և Մարինե Ավագյանների քավորությամբ: Եկեղեցու արարողությունից հետո զույգն Անգլիական այգի է գնացել ու ֆոտոշարք անցել: Մանոյի խոսքերով' ամենահետաքրքիրն այն էր, որ Սարգիսը մի քանի նկար նկարվելուց հետո Մանոյին երեխաների ու լուսանկարիչների հետ թողել է այգում ու գնացել ռեստորան: «Հյուրերը ռեստորանից այնքան էին զանգում Սարգսին, որ ինձ երեխաների ու լուսանկարիչների հետ թողեց այգում ու գնաց: Սակայն դա ինձ չխանգարեց մնալ ու երեխաների հետ հետաքրքիր ֆոտոսեսիա ունենալ»,-նշեց Մանոն:
Հետաքրքիր ու գունեղ ֆոտոշարք անցնելուց հետո զույգն ուղևորվել է ռեստորանային համալիր, որտեղ էլ մի շարք անակնկալներ են եղել հյուրերի համար:
Նշենք, որ զույգն այս միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսել է Ամանորից հետո: «Ուզում էինք ամեն բան օրիգինալ ու նաև կնունքի խորհրդի մեջ լինի: Ցանկություն կար, որ այդ միջոցառումը տարբերվեր մեր տեսած ու կազմակերպած միջոցառումներից: Խնջույքի սրահի դիզայնից սկսած մինչև փոքրիկների գլխի աքսեսուարները' մտածված էր»,-նշեց դերասանուհին, ով այդ օրը մի շատ հետաքրքիր անակնկալ է մատուցել ամուսնուն ու հրավիրվածներին: Ժամանակին, երբ Մանոն ու Սարգիսն ամուսնացած չեն եղել, դերասանը կնոջ համար տեքստ է կարդացել, այն ձայնագրել սկավառակի վրա ու նվիրել սիրելիին: Հինգ տարի անց Սարգիսն այս ամենի մասին արդեն մոռացել էր, իսկ Մանոն' ոչ. «Ես պատահաբար հիշեցի դրա մասին ու որոշեցի այդ ձայնով տեսանյութ հավաքել ու անակնկալ մատուցել: Ի դեպ, այն, ինչ Սարգիսը գրել էր հինգ տարի առաջ ու ինչի մասին երազում էր, մենք այսօր ունեինք: Ձայնը համադրեցի ընտանեկան կադրերի, լուսանկարների հետ ու ֆիլմ հավաքեցի իմ ռեժիսուրայով: Այն կոչվում էր «Հեքիաթ»»: Տեսանյութը, որը ներկայացնում էր զույգի անցած ճանապարհն ու ընատնիքը, անակնկալի է բերել Սարգսին:
Սակայն սա դեռ ամենը չէր: Սրահում ֆիլմի ցուցադրությունից հետո միացել է «Ավե Մարիա» երգն ու վերևից ճոճանակով իջել է Մանոն' երկու երեխաների հետ:
Սարգիսն էլ իր հերթին էր անակնկալ պատրաստել: «Նա փոքրիկ ֆիլմեր էր հավաքել, որտեղ ասվում էր, որ մենք երջանիկ ընտանիք ենք և նա սիրում է մեզ»,-ավելացրեց դերասանուհին:
Խնջույքի 210 հյուրերի թվում եղել են Սարգսի և Մանոյի գործընկերները, հայտնիներից Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Սոֆյա Պողոսյանը, «Վիտամինի» տղաները, Աստղիկն ու Նարբեն, «Միմ» ստուդիոյի տղաները, ռեժիսորներ ու արվեստի այլ ներկայացուցիչներ:
Բացի հայտնի մարդկանց շնորհավորական երգերից, որոնք նախապես ծրագրված չեն եղել, երեխաների համար էլ մանկական շոու է կազմակերպվել: Սարգսի խոսքերով' թեև բոլոր երգիչները եկել էին չաշխատելու, սակայն մթնոլորտը տրամադրեց, որ նրանք երգեն:
esyes.am-ի հետ զրույցում դերասանը նշեց նաև, որ ռեստորանում հյուրերը փորձել են «Բերդ» կանգնել, իսկ երբ բոլորը կանգնել են' վերևի մարդիկ ընկել են:) Իսկ խնջույքի վերջում Սարգսի մտահղացմամբ բոլորը սկսել են միմյանց ջրել: Սարգսի խոսքերով' ջրել են ոչ միայն ջրով, այլև ջերմուկով ու լիմոնադով:
«Այն եզակի քեֆերից էր, որ հյուրերը թքած ունեին, թե իրենց մասին ինչ կմտածեն ու պարզապես ուրախանում էին: Բոլորը եկել էին երեխաների հետ, սակայն մնացին մինչև ժամը մեկն ու մի լավ ուրախացանք»-եզրափակեց դերասանը: