Ամերիկացի գիտնականները երիտասարդ մայրերի համար նոր օգտակար տեղեկություններ են հրապարկել:
Հետազոտությունների մեջ ընդգրկված էին 307 նորածիններ, որոնց հետևում էին 4 շաբաթների ընթացքում: Մանուկներից մի քանիսին լողացնում էին պարզապես տաք ջրով, մյուսներին՝ մանկական շամպույնի կաթիլներ պարունակող ջրով: Նախկինում կարծիք կար, որ մինչև 8 շաբաթական երեխաներին կարելի է լողացնել միայն եռացրած ջրում՝ հաշվի առնելով նրանց մաշկի առանձնահատկությունները:
Մանուկների մաշկը հասուն չէ և չափազանց խոցելի է, քանի որ տրանսէպիդերմալ արգելքը կազմավորվում է աստիճանաբար և կյանքի առաջին շաբաթների ընթացքում հիգիենայի կանոնները չպահելու դեպքում նորածինների մոտ կարող են լինել մաշկային ծածկույթի վնասվածքներ: Այդ հետազոտության ընթացքում երկու խմբերի միջև տարբերություն չի գրանցվել: Այսպիսով, մայրերը կարող են վստահ լինել, որ կարող են իրենց մանուկներին լողացնել մանկական շամպույնով՝ առանց նրանց վնասելու:
Մեկ ուրիշ հետազոտության ժամանակ համեմատել են մանուկների խնամքը թաց անձեռոցիկների կամ օճառաջրի միջոցով: Էական տարբերություններ նրանց միջև չեն գրանցվել: Զգայուն մաշկի համար թաց անձեռոցիկները կարելի է օգտագործել փողոցում կամ հյուր գնալիս, իսկ շամպույնի ավելացման դեպքում չպետք է վախենալ մանկիկի մաշկի համար:
Խորհրդակցե՛ք ձեր մանկաբույժի հետ, թե որ շամպույնն է ամենահարմարը ձեր երեխայի համար: