Գեղեցկության սրահներում ամենից հանրահայտ գործողություններից մեկը մեղրամոմով մազահեռացումն է: Թվում է՝ ձեռքի մեկ շարժում՝ եւ մազերը կանհետանան: Բայց հետո ի հայտ են գալիս անցանկալի հետեւանքներ՝ ցանի, գրգռվածության, կարմրության տեսքով: Եվ այս ամենը երբեմն կարող է մի ամբողջ շաբաթ տեւել: Ինչպե՞ս խնամել մաշկը մեղրամոմով մազահեռացումից հետո: Այս մասին NEWS.am STYLE-ին պատմել է կոսմետոլոգ Մարինա Հովսեփյանը:

«Նախ ցանկանում եմ խորհուրդ տալ չդիմել տնային պայմաններում մեղրամոմով մազահեռացման: Դա այրվածքների եւ գրգռվածության վտանգ է պարունակում, որոնք կարող են բերել մաշկի հիվանդության: Բայց եթե, ամեն դեպքում, որոշել եք փորձել, ահա մի քանի կանոն:

1. Մաշկի վրա շատ տաք մեղրամոմ մի քսեք:

2. Մազահեռացման գործողությունից հետո մեղրամոմի մնացորդները յուղի մեջ թաթախված բամբակե բարձիկի միջոցով մաքրեք: Կարելի է նույնիսկ բուսական յուղով:

3. Մի քանի օրերի ընթացքում օգտագործեք գրգռվածությունը հանող եւ մազերի աճը դանդաղեցնող կոսմետիկա:

4. Տնային պայմաններում մազահեռացումից հետո 1-2 օրերի ընթացքում հակացուցված է բաղնիք եւ շոգեբաղնիք այցելությունը, ինչպես նաեւ սոլյարիում կամ լողափին արեւահարվելը:

5. Մազահեռացումից հետո մեկ օր պետք չէ մաշկի մշակված հատվածներին ալկոհոլ պարունակող կոսմետիկ եւ օծանելիքային միջոցներ քսել, որոնք կարող են գրգռվածություն առաջացնել:

6. Եթե մազահեռացումից հետո գրգռվածությունը չի անցնում, մանկական փոշի օգտագործեք»: