Նա քեզ հրավիրել է առաջին ժամադրության: Վերջապես դուք երկուսով կլինեք: Միգուցե մինչև այժմ շփվում էիք միայն հեռախոսով կամ ինտերնետով, և սա առաջին հնարավորությունն է, երբ չեն լինի անցանկալի ներկաներ, և դուք կփորձեք հասկանալ միմյանց, ճանաչել ավելի մոտիկից… Եթե ամեն ինչ հաջող ընթանա, գեղեցիկ սիրավեպ կսկսվի… Ուրեմն վճռորոշ է ամեն մի պահը, ձեր դիմախաղն ու ամեն մի ժեստը,-փոխանցում է erkusov.com-ը:
Գայթակղման արվեստը յուրահատուկ խաղ է, առանց որի կին տղամարդ հարաբերությունները ձանձրալի կլինեին…
Դեռ հնուց գեղեցկուհիները գործածում էին դիմափոշի ու զանազան բույրեր, ներկում վարսերն ու եղունգները, սեղմիրան էին հագնում և հազար ու մի խորամանկ հնարքներ բանեցնում' ցանկալի տղամարդու սիրտը նվաճելու համար: Իսկ ի՞նչ է ձգում, հմայում ժամանակակից տղամարդուն: Ի՞նչ հնարքներով կինը կարող է արժանանալ նրա ուշադրությանն ու շարունակական դարձնել հանդիպումները…
ՀԱԳՆՎԻ՛Ր
Ժողովրդական իմաստությունը' «դիմավորում են հագուստով…», այսօր էլ հնացած չէ: Տղամարդկանց դուր են գալիս կիսաշրջազգեստներով ու շրջազգեստներով կանայք: Հագուստը պետք է ընդգծի կնոջ բարեմասնություններն ու թաքցնի թերությունները, չպետք է «ճչացողե լինի: Ճիշտ չէ հագնվել' մտածելով. «Ինչքան բաց լինի, այնքան' լավ»: Չափազանց բացված թևերն ու ոտքերը հաճախ գռեհիկ կարող են թվալ և կգրավեն տղամարդու ուշադրությունը ամենևին ոչ ցանկալի ուղղությամբ: Մինի կիսաշրջազգեստից շատ ավելի խորհրդավոր կթվա մինչև ծնկները հասնող ճեղքվածքով կիսաշրջազգեստը, որը տղամարդու հիացած հայացքի առջև ի ցույց կդնի ոտքերդ' բարակ զուգագուլպաների մեջ... Ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի, եթե գտնվում ես «ոտքը ոտքին» գայթակղիչ դիրքով:
ԲԱՑՎԻ՛Ր
Տղամարդկանց մեծամասնության համար սեքսուալ են կանանց մարմնի այն մասերը, որոնք սովորաբար փակ են: Ցույց տուր գեղեցիկ պարանոցիդ երկարությունը' հավաքելով մազերդ: Պարանոցը փակող բլուզի հետ կարելի է հագնել կարճ կիսաշրջազգեստ, իսկ եթե ցանկանում ես բացել ուսերդ, ուրեմն հոգա՛, որ կիսաշրջազգեստը հասնի ծնկներիդ կամ ավելի երկար լինի:
ԲՈՒՐԻ՛Ր
Օծանելիքը քո կերպարը կամբողջացնի: Ընտրածդ բուրմունքը պետք է արտաքինիդ ներդաշնակ լինի: Ընտրի՛ր այնպիսի բուրմունք, որն ավելի մոտ է քո կենսակերպին և բնավորությանը: Տարբերակները շատ են, բայց ցանկալի է, որ բուրմունքը լինի թեթև, նուրբ ու ռոմանտիկ:
ԽՈՍԻ՛Ր
Գայթակղման հիմքում ինտրիգն է: Ձայնդ, ժեստերդ, պահվածքդ պետք է առեղծվածային դարձնեն քեզ: Կանացի ցածր ձայնը տղամարդուն տրամադրում է շփվելու և խթանում է նրա երևակայությունը: Հիշի՛ր, որ տղամարդիկ ոչ միայն «սիրում եմ աչքերով», այլ նաև «սիրում են ականջներով»: Հաճելի, նուրբ ձայնով արված հաճոյախոսությունը ևս մեկ քայլ է քո օգտին: Ցանկալի տղամարդուն գայթակղելու համար օգտագործի՛ր «մագնիսացնող հայացքը» սկզբում տղամարդու ուսերի վրայով թեք նայի՛ր անորոշ ուղղությամբ, ապա հայացքդ կանգնեցրու՛ նրա աչքերի վրա: Նայի՛ր արտահայտիչ, բազմանշանակ հայացքով: Սիրախաղի սկզբում կարող ես հոգեբանական մեթոդներ կիրառել' ներդաշնակ շփում ստեղծելու համար: Օրինակ' զրույցի ժամանակ նրանց աննկատ կրկնօրինակի՛ր նրա շարժումներն ու ժեստերը. դա կոչվում է «հայելային արտացոլման» մեթոդ: Տղամարդը քո մեջ կտեսնի ինքն իրեն և ավելի հեշտ կսկսի վստահել քեզ:
ՀՊՎԻ՛Ր
Տղամարդիկ սիրում են բարի և ուրախ կանանց: Անկեղծ ժպիտը, ծիծաղն ու կատակները յուրաքանչյուրին կտրամադրեն անկեղծ զրույցի: Չարժե առաջին հանդիպման ժամանակ պատմել սեփական խնդիրների մասին ու բողոքել ճակատագրից. դու տղամարդու համար պետք է լինես տոն ու հանգիստ, այլ ոչ թե գլխացավ: Հիշի՛ր, սեքսուալությունը չի վերաբերում միայն մարմնի մասերին. Այն արտահայտվում է մի շարք մանրուքներով. Ինչպես ես բռնում գինու բաժակը, ինչպես ես ուղղում մազերդ և այլն... Հպվի՛ր նրա ձեռքին նրբորեն, բայց իբր պատահաբար: Այդ ժեստն ասում է, որ դու սպասում ես պատասխան վերաբերմունքի:
Անմիջակա՛ն եղիր, բայց ոչ անպարկեշտ: Նկատե՛լ տուր, որ քեզ հաճելի է նրա ընկերակցությունը: Հաճոյախոսություններին պատասխանի՛ր շնորհակալությամբ, բայց առանց ամաչելու. Թող տեսնի, որ գիտես քո արժեքը:
ԻՄԱՑԻ՛Ր ՉԱՓԸ
Դիմափոշով «գաջված» դեմքը դեռ ոչ մի տղամարդու չի հիացրել, իսկ բնականին մոտ ստվերաներկը գեղեցիկ է, վառ կարմիր շրթներկն էլ կարելի է փոխարինել մրգային ախորժելի համ ունեցող որևէ փայլով: Մի՛ շփոթվիր գայթակղումը այլասերման հետ, եղի՛ր անբռնազբոս և ուրախ, բայց ոչ կպչուն ու համառ: Եվ, ամենակարևորը, եղի՛ր բնական:
ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
● Չափազանց ուշադիր մի՛ նայիր ու մի՛ զննիր անցորդներին:
● Չի կարելի փողոցում անտեսել ծանոթներին:
● Ժամադրավայրում սպասելիս (եթե ինչ-ինչ պատճառներով ավելի շուտ ես տեղ հասել) չի կարելի ձանձրույթից ուսումնասիրել հակառակ սեռի ներկայացուցիչների դեմքերը:
● Զրուցելիս հայացքդ մի՛ կենտրոնացրու խոսացողի շուրթերի վրա:
● Նայի՛ր զրուցակցիդ աչքերին, քեզ բնական պահի՛ր:
ԶՐՈՒՑԵԼԻՍ
● Երբեք քո մասին ամեն ինչ մի՛ պատմիր միանգամից: Ավելի շատ նրան լսիր:
● Աշխատիր ցույց տալ, որ հետաքրքրված ես:
● Թող տղամարդը խոսի որքան ուզում է. նրանք սիրում են, երբ իրենց լսում են:
● Ոգևորիր խոսակցիդ, օրինակ' «ինչ հետաքրքիր էե կամ «հաճելի է լսել քեզե արտահայտություններով:
● Խուսափի՛ր բամբասանքներից :
● Խուսափի՛ր խոսքը "փչացնող” բառերից' "ասենք”, "խոսքի”, "ուրեմն”, "այսինքն”…
● Մի՛ օգտագործիր գռեհիկ արտահայտություններ:
● Մի՛ ընկիր մանկության գիրկը. Այնտեղից վերադառնալը դժվար է:
● Խոսի՛ր դանդաղ և ինքնավստահ: Արագ խոսքը հասկանալը դժվար է:
● Երբեք նրան մի՛քննադատիր ուրիշների ներկայությամբ:
● Խոսելիս մի՛ մոռացիր ժպտալ:
ՔՈ ԺՊԻՏԸ
● Ժպիտը դրական է ազդում զրուցակցի վրա: Բայց ժպիտը լինում է անկեղծ և արհեստական: Մարդիկ տարբերում են արհեստական և ինքնաբուխ ժպիտները:
● Հայելու առաջ առավոտյան հիշիր որևէ հաճելի բան, որպեսզի գեղեցիկ ժպիտը զարդարի դեմքդ:
● Հայելուն չի կարելի մոտենալ առանց ժպիտի:
● Ժպիտը ոչ միայն ծնվում է զգացմունքից, այլև ծնում է զգացմունք:
● Ժպտացող աղջկան միշտ բարյացակամորեն են ընդունում:
● Հիշի՛ր. Տղամարդիկ ատում են մռայլ կանանց:
● Քո ժպիտն անփոխարինելի այցեքարտ է:
● Նվիրած ժպիտից չես աղքատանա: Նվիրի՛ր քո ժպիտը, և դրանից տղամարդն ավելի ուժեղ, հարուստ ու ինքնավստահ կդառնա:
● Ժպիտը հրաշք է, որն ընծայվում է անվճար:
● Ժպիտի մասին հիշողությունը կարող է պահպանվել տարիներով:
ՔՈ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ
● Գնահատի՛ր քեզ: Դու և քո կյանքը ամենաթանկն եք այն ամենից, ինչ գոյություն ունի:
● Մի՛ բացիր սիրտդ անծանոթի առջև:
● Մի՛ վատնիր զգացմունքներդ անծանոթի վրա:
● Երբեք խղճահարությունից դրդված մի՛ կապվիր որևէ տղամարդու հետ:
● Երբ տղամարդու հետ ես, մի մոռացիր քո "ես”-ի մասին:
● Ունեցիր արժանապատվության զգացում:
● Մտածիր գլխով, այլ ոչ այն տեղով, որը կիսաշրջազգեստիդ տակ է:
● Ամուր կանգնիր հողի վրա, "վեր-վեր մի՛ թռիր” զգացմունքների առատությունից:
● Մի՛ կորցրու քեզ, մի՛ թուլացրու քեզ, երբ հասկանում ես, որ նա անչափ դուր է գալիս քեզ:
● Ընդառաջ մի՛ գնա ինտիմ թեմաներով խոսակցություններին: Շեղի՛ր թեման:
● Մի առաջնորդվիր "Ինչ լինում է թող լինի միանգամից” սկզբունքով:
● Անտեղի մի՛ արագացրու հարաբերությունների ընթացքը:
● Մի՛ կարծիր, թե կարելի է հեշտությամբ ղեկավարել տղամարդկանց:
● Մի՛ մտածիր, թե տղամարդկանց հետաքրքրում է միայն սեքսը:
● Սովորի՛ր ասել "ոչ” :
● Սեքսից հրաժարվելու համար արդարացումներ պետք չեն:
● Կարողացի՛ր միշտ վերահսկել քեզ:
● Մի՛ բացահայտիր քեզ ամբողջովին: Առեղծվածային եղիր:
● Մի՛ ստեղծիր խնդրահարույց իրավիճակներ:
● Մի՛ պարտադրիր նրան ամուսնանալ քեզ հետ:
● Ընդառաջ մի գնա անորոշությանը:
● Մի՛ կառչիր անցյալից, անվերջ մի՛ «վերցրու դիր անցյալը:
● Կարողացի՛ր լինել գայթակղիչ, բայց ոչ հասանելի:
● Եղի՛ր բնական, հավատարիմ քո էությանը:
● Աշխատիր միշտ հրաժեշտ տալ այնպես, ինչպես թիթեռնիկն է սավառնելով հեռանում:
ԱՂԲՅՈՒՐ' "ԼԻՆԱ" ԱՄՍԱԳԻՐ