Մաքրասիրությունն, անկասկած, բնավորության դրական գիծ է: Սակայն, ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Գիտնականներն ապացուցել են, որ չափից դուրս մաքրասիրությունը կարող է ավելացնել որոշ հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Վիճակագրության համաձայն՝ վերջին 5 տարիների ընթացքում ավելացել են երեխաների մոտ առաջին տիպի դիաբետով հիվանդանալու դեպքերը: Երկարատև ուսումնասիրություններից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ ամենի պատճառը ծնողների՝ մաքրության հանդեպ չափից դուրս մեծ ձգտումն է:

Գիտնականները նշում են, որ օդում պարունակվող մանրէների ու վարակների մի շարք տեսակների վրա դեռ վաղ հասակում արտադրվում են հակամարմիններ, ինչի շնորհիվ մեծ տարիքում մարդն ավելի քիչ է հիվանդանում:

Այդ մանրէների տարբերակներից մեկն էլ կանխում է առաջին տիպի դիաբետի առաջացումը: Ընդ որում, օդի մեջ դրա բացակայությունը կարող է նաև հանգեցնել ալերգիայի, շնչարգելության և իմունային համակարգի թուլացման հետ կապված մի շարք հիվանդությունների:

Այս ենթադրություններն ապացուցվել են լաբորատոր մկների վրա փորձարկումների ընթացքում: Մանրէազերծ միջավայրում մեծացած կրծողներն 80%-ով ավելի հաճախ են հիավանդանում զանազան հիվանդություններով, քան բնական միջավայրում մեծացած մկները: